Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԱԿՈՑՆԵՐ, ՈՐ ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՐՊՄԱՆ ԱՌԻԹ ԴԱՐՁԱՆ

Հունվար 21,2000 00:00
arcrun margaryan

Այն, ինչ 1998-ի հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 1-ին կատարվեց ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի հետ, բացահայտված էր համարվում։ Սակայն այս առումով դեռ շատ էին հարցականները եւ տարաբնույթ մեկնաբանությունները։

Երկու տարի առաջ

Նախ, հիշեցնենք, թե ինչպես էին իրադարձությանը հաջորդող օրերին կատարվածը մեկնաբանում քաղաքական գործիչները։

ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյան. «Ընդամենը 3 օրում ահաբեկչական 3 գործողություններ են կատարվել, որոնք երկար ժամանակ Հայաստանում, փաստորեն, բացառված էին»։

ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյան. «Ուղղակի երկրի մթնոլորտն է այնպիսին, որ թույլ է տալիս նման բան անել։ Հենց գործադիր իշխանության կաթվածահար վիճակն է դա թույլ տալիս։ (…) Սա ահաբեկչություն է։ Ընդ որում՝ անպատկառ ահաբեկչություն, որովհետեւ ասել են, որ կսպանեն եւ շարքից փաստորեն հանել են Հայաստանի ներքին կայունությունը պահպանող զորամասի հրամանատարին»։

ԱԺ փոխնախագահ Արա Սահակյան. «Փաստորեն, մահափորձ է կատարվել այն երկու բացառիկ կառույցների ղեկավարների նկատմամբ, որոնք ապահովում են հանրապետության հասարակական կարգը եւ նախագահի անվտանգությունը»։

ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյան. «Իմ ներքին համոզմունքն է, որ այս ամենը քաղաքական որեւէ ենթաերանգ չունի»։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հրայր Կարապետյան. «Ահաբեկչությունների վերաբերյալ ես այլ կարծիքներ եմ լսել, որոնք պատճառներն անձնականի կամ տնտեսական բնագավառներում ազդեցության ոլորտների բաժանման հարցերին են վերագրում»։

ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյան. «Հանդիպածս մարդկանց տեսակետն էր, որ ահաբեկչությունները իշխանությունների կազմակերպածն են, որ երկրում արտակարգ վիճակ մտցնեն, բռնապետություն հաստատեն, ու Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թեւերը լրիվ ազատի Ղարաբաղը տալու համար»։

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյան. «Իսկ ինչո՞ւ չի դիտարկվում հետեւյալ վարկածը. հնարավոր է, որ այս միջադեպերը միջկլանային հաշվեհարդարի, ազդեցության ոլորտների նոր վերաբաշխման արտահայտություն են»։

Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյան. «Տա Աստված, որ Արծրուն Մարգարյանն ավելի շուտ ապաքինվի, հարցրեք նրան, թե ով հունվարի 12-ին կանչեց իրեն եւ ասաց. «Քանի որ նախազգուշացրել էի Նեմեց Ռուբոյի մասին, հիմա նորից նախազգուշացնում եմ քո, Անդրանիկ Քոչարյանի, մյուսի մասին՝ ձեր հետ նույն բանը լինելու է»։

Ո՞ւմ տեսակետը հաստատեց նախաքննությունը

Արծրուն Մարգարյանը, որի ոտքերի հրազենային վնասվածքները դասվել էին կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքների շարքին, Հրանտ Պապիկյանի ուղեկցությամբ հիվանդանոց էր հասցվել։

Արծրուն Մարգարյանը հետագայում ցուցմունքներ էր տվել, որ հունվարի 20-ին ՀՀ նախագահի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց պահպանության վարչության պետ Ռոմեն Ղազարյանի հրավերով այցելել էր նրան։ Ռոմեն Ղազարյանը, ներկայացնելով ստեղծված լարված քաղաքական վիճակը, հայտնել էր, որ հակամարտության սրման դեպքում կողմերը կարող են փոխզիջման չգնալ։ Նաեւ նախազգուշացրել էր սպասվող ընդհարման մասին։

Արծրուն Մարգարյանի նախաքննական ցուցմունքների համաձայն, ժամը 01-ի սահմաններում նա այցելել էր ընկերոջը՝ Անդրանիկ Քոչարյանին։ Վերջինս նրան նախազգուշացրել էր, որ զգույշ լինի, ատրճանակի փողում մարտական վիճակում փամփուշտ պահի։ Եվ տուն վերադառնալիս էլ, իր բնակարան տանող դարպասից 5-6 մետր հեռավորության վրա գտնվող շենքի մուտքում ինչ-որ անձնավորության ստվեր էր տեսել։ Արծրուն Մարգարյանի հայտարարության համաձայն, ինքն ընդառաջ էր գնացել, եւ դարանակալած անծանոթ անձնավորությունն առանց պատճառաբանության կրակոցներ էր արձակել իր ոտքերին ու հեռացել։ Արծրուն Մարգարյանը շատերին էր պատմել, թե ինչ էր իրեն ասվել այդ պահին՝ «Վեց երեխեքիդ խաթեր քեզ չեմ սպանում»։ Նրա նկարագրած այդ սեւ բաճկոնով ու բարձրահասակ անձնավորությանը շատերը նույնացրել էին Հրանտ Պապիկյանի հետ։

Ինչեւէ, 1998-ի մայիսին այս գործի նախաքննությունը կասեցվեց՝ հանցագործությունը կատարած անձի չպարզվելու պատճառով։ Մինչեւ Արծրուն Մարգարյանի մահվանից շուրջ 20 օր անց՝ 1999-ի փետրվարի 27-ին ինքնակամ ներկայանալով բացատրություն ու ցուցմունքներ տվեց Հրանտ Պապիկյանը, թե Արծրուն Մարգարյանն ինքն էր իրեն «Ռեւոլվեր» տվել, հանձնարարել փոխել հագուստները եւ հին կոշիկներ հագնել եւ սպասել իրենց շենքի շքամուտքում։ Հրանտ Պապիկյանը նախաքննության ընթացքում ասել էր, թե միայն տեղում էր իմացել ոտքերի վրա կրակելու մասին։ Ինքը հրաման էր կատարել՝ հավատալով հրամանատարի հավաստիացումներին, թե դա արվում է ներքին զորքերը ժողովրդի դեմ չօգտագործելու նպատակով։

Եվ դատաքննության իր վերջին խոսքում էլ Հրանտ Պապիկյանը պնդեց, թե համոզված էր, որ տվյալ պահի միակ հնարավոր ելքը դա էր՝ արյունահեղությունից խուսափելու եւ ներքին զորքերը ազգադավ գործողություններից հեռու պահելու համար. «Արծրուն Մարգարյանն ինձ այլընտրանք չէր թողել, հայտարարելով, որ եթե իրեն չօգնեմ՝ ինքնասպան կլինի իր կաբինետում, քանի որ, միեւնույն է, չի կատարելու նախագահի բանավոր հրամանը, որն իրեն այդ օրն առավոտյան փոխանցել էր Ռոմեն Ղազարյանը»։

Հրանտ Պապիկյանը նախաքննության ընթացքում նաեւ ցուցմունքներ էր տվել, թե Արծրուն Մարգարյանն էր մոտ տարածությունից կրակել իր ձախ ազդրին, իսկ երկրորդ կրակոցն արձակել էր ինքը եւ հեռացել էր դեպքի վայրից։ «Որից հետո Արծրուն Մարգարյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն՝ նրա բջջային հեռախոսազանգով եկել եւ կազմակերպել է նրա հիվանդանոց տեղափոխումը։ Եվ դեռ ճանապարհին, հնարավոր անհարկի արտահայտություններ թույլ տալու մտավախությունից ելնելով, Արծրուն Մարգարյանն իրեն նախազգուշացրել է մինչեւ նարկոզից դուրս գալն իր մոտից չհեռանալ»,- նշված է անձի նկատմամբ այս քրեական գործի վարույթը կարճելու 1999-ի սեպտեմբերին ընդունված որոշման մեջ։

Այն կարճվեց Արծրուն Մարգարյանի նկատմամբ, բայց ոչ Հրանտ Պապիկյանի, որին մեղադրանքներ առաջադրվեցին։ Վերջինս այնպիսի հանգամանքներ էր մատնանշել, որոնց մասին կարող էր իմանալ առնվազն ականատեսը։ Ասենք, Հրանտ Պապիկյանը պատմել էր, որ Արծրուն Մարգարյանի գալուց՝ կրակոցներից 10-15 րոպե առաջ եկել, մեքենան ավտոտնակում կանգնեցրել էր հարեւանը եւ նրա այս պատմածը քննությամբ հիմնավորվել էր։ Կամ նշել էր, թե շենքի մուտքում Արծրուն Մարգարյանին սպասելիս «ԼՄ» սիգարետ էր ծխել։ Իսկ ժամանակին դեպքի վայրի զննությամբ, իրոք, «ԼՄ»-ի 3 մնացորդ էր հայտնաբերվել։ «Դրանց վրա եղած թքի բաղադրությունը խմբային պատկանելությամբ, ըստ դատակենսաբանական լրացուցիչ փորձաքննության եզրակացության՝ համապատասխանել է Հրանտ Պապիկյանի արյան խմբին»,- Արծրուն Մարգարյանի՝ իրավապահ համակարգին իրազեկ մերձավորները, նկատի ունենալով Հայաստանի փորձաքննական ներուժը, գրեթե ֆանտաստիկ են համարում նման եզրակացությունները։

Մերձավորների կասկածները ոչ միայն փորձաքննությանն են վերաբերում։ Ասենք, այս դեպքի վերաբերյալ «հարձակման իմիտացիա ստեղծելու նպատակով ինքնավնասման ակտ» որակման պայմաններում պատասխան չունեն այն հարցադրումները, թե ուրեմն ինչո՞ւ էր Արծրուն Մարգարյանն անընդհատ մորմոքում. «Գոնե տանս դեմը չանեին՝ մերս չտեսներ, մի տղա է կորցրել»։ Կամ, ինչո՞ւ այդ կրակոցների պատվիրատուներին գտնելու իր ջանքերն այնտեղ հասան, որ 1998-ի ամռանը Արծրուն Մարգարյանը ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հետ հանդիպեց՝ նրա մասնակցության չափը պարզելու համար։ Ընկերներին պատմել էր, որ Սամվել Բաբայանն այսպես էր արդարացել՝ «ես որ անեի՝ կխփեի»… Հարցականներն իրոք շատ են։

1999-ի դեկտեմբերի 27-ին Նորք եւ Ավան համայնքների առաջին ատյանի դատարանը նաեւ այս միջադեպի առումով էր վճռել, թե արդարացի քննություն չի տարվել, չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտման համար։ Լրացուցիչ նախաքննության վերադարձնելու այս որոշումը հունվարի 25-ին կվիճարկվի վերաքննիչ դատարանում։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31