Լրահոս
Օրվա լրահոսը

«ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ»

Մարտ 03,2000 00:00
hAYELI

«Այս երկիրն անօրինականությունների վրա է կառուցված»։  Նաեւ սա էր պատճառը, որ հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվող Ալեքսան Հարությունյանի եւ Հարություն Հարությունյանի փաստաբաններ Ռուբեն Սահակյանը եւ Ռուբեն Ռշտունին ասուլիս էին հրավիրել։ Որոշակի հրապարակայնություն է հարկավոր եւ փաստաբանների կարծիքով այդ բանը կարող ենք միայն մենք՝ լրագրողներս ապահովել։ Պարոնայք փաստաբանները հայտնեցին, որ իրենց պաշտպանյալները այլեւս հրաժարվել են ցուցումներ տալ, իսկ Ալեքսան Հարությունյանը փետրվարի 29-ից հացադուլ է հայտարարել։ Հացադուլի մասին հայտարարության մեջ Ալեքսան Հարությունյանը նշել է, թե ինքը պատանդ է դարձել քննչական խմբի ձեռքին եւ չի ցանկանում մասնակցել քննչական խմբի զառանցանքին։ Ալիկ Հարությունյանի ասելով՝ իրեն «այստեղ պահելով քննչական խումբը խոչընդոտում է գործի բացահայտմանը, աջակցում է տեռորիստական խմբին»։ Հայտարարված հացադուլի մասին փաստաբան Ռուբեն Սահակյանը միայն երեկ հայտնեց, քանի որ «Հացադուլը պայքարի ձեւ չի, փորձում էի նրան համոզել, կարծում էի՝ կհաջողվի, բայց արդեն հնարավոր չի»։ Փաստաբանի ասելով՝ Ա. Հարությունյանը միայն ջուր է խմում, եւ «զգացվում է նրա ֆիզիկական ոչ բարվոք վիճակը»։

Ծեծե՞լ են Ալեքսան Հարությունյանին

Լրագրողներից մեկի հարցին՝ ճի՞շտ է, որ դիմակավոր մարդիկ մտել են առանձնախուց եւ ծեծել Ալեքսան Հարությունյանին եւ արդյո՞ք հացադուլը դրանից հետո է սկսվել, փաստաբան Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Ծեծել են նրան, թե ոչ, դիմակով մտել են, թե ոչ, այդ հարցին չեմ պատասխանի։ Բայց հացադուլը դրանից հետո չի սկսվել»։

Ծեծե՞լ են Հարություն Հարությունյանին

Արդյոք բռնություն կիրառվե՞լ է Ռուբեն Ռշտունու պաշտպանյալի դեմ։ Այս հարցին փաստաբանը պատասխանեց. «Բռնություն կիրառել-չկիրառելու վերաբերյալ ձեր հարցին պատասխանելու լիազորություններ իմ պաշտպանյալի կողմից այսօր առայժմ չունեմ։ Եթե լիազորվեմ՝ կասեմ»։

Ի՞նչ է կատարվել հոկտեմբերի 31-ին

Ալեքսան Հարությունյանի փաստաբանը՝ պատասխանելով այս հարցին, ասաց, թե ինքը հիմնավոր տեղեկություններ չունի այն մասին, թե ի՞նչ է ասել Ալիկ Հարությունյանը ՊՆ-ում. «Նա պատմել է այդ օրվա անցուդարձը, ես բավարարվել եմ նրա պատմածով, նրա գործողություններում ամենավատն այն է եղել, որ որպես տղամարդ մի օր էլ իրեն է թույլ տվել խմել»։ Այնուհետեւ փաստաբանը պատմեց խմելու պատճառը եւ այնուհետեւ սպառնալից հեռախոսազանգի մասին, որն էլ, ի վերջո, լցրել է համբերության բաժակը։

Ի՞նչ է ուզում քննչական խումբը

Փաստաբանների կարծիքով՝ քննչական խումբը ձգտում է ապացուցել, որ հոկտեմբերի 27-ը ինչ-որ լայն կազմակերպվածության արդյունք է։ «Քննչական խումբը չի ուզում խոստովանել, որ դա եղել է մի խումբ սրիկաների մտահղացում, նա անպայման ուզում է ինչ-որ մեկի գործը կապել եւ ասել, որ դա մեծ կազմակերպվածություն է»։ Իսկ փաստաբանները այդ կարծիքին չեն, նրանք ասում են. «Մենք գիտենք, որ դա եղել է մի քանի մոլագարների կատարած գործ եւ ոչ թե կազմակերպված գործ»։ «Մարդիկ կան, որ Ջհանգիրյանից սպասում են գործի բացահայտում»։ Ոչ մի վարկած փաստաբանները չեն բացառում։ Փաստաբանների կարծիքով. «ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ-ն չպետք է ձեռքերը ծալած ետ կանգնեն եւ վստահեն Ջհանգիրյանին։ Վստահեք, բայց ստուգեք»։ Այստեղ չի կարելի դիտորդի դերում լինել. «Իսկ ՀՀ գլխավոր դատախազը պարզապես պետք է գործը վերցնի իր վարույթ»։

Ինչո՞ւ էր հրավիրվել ասուլիսը

Որպես վարկած փաստաբանները ոչինչ չեն բացառում. «Չի բացառվում, որ Ալիկ Հարությունյանն է, ես եմ, ձեզնից մեկն է հոկտեմբերի 27-ի կազմակերպիչը։ Բայց ես պրոֆեսիոնալ եմ, 30 տարվա փորձ ունեմ, համոզված եմ, որ եթե գործն այսպես մտնի դատարան, կպայթի»։ Փաստաբանները համոզված են, որ «այս գործը հետագայում ծվեն-ծվեն կլինի եւ դա խայտառակություն կլինի Հայաստանի համար։ Չխորացնենք այդ խայտառակությունը»։ Իսկ ասուլիսը հրավիրվել էր, քանի որ փաստաբանները խիստ մտահոգ են. «Իմանալով այսօրվա կամայական վերաբերմունքը օրենքի նկատմամբ, ամեն ինչ կարող է լինել»։

Ռուբեն Սահակյանը եւ Ռուբեն Ռշտունին սթափության կոչ արեցին նախաքննության մարմնին, խնդրեցին, որ «նրանք օրենքի խախտումներ թույլ չտան եւ ակնհայտ ապօրինի մեղադրանքներ չներկայացնեն ու անմեղ մարդկանց դատաստանի չներկայացնեն»։

Նաիրին մատներին թելեր ունի՞

Փաստաբանի ասելով, Նաիրի Հունանյանը շատ լավ գիտակցում է, որ գործը չեն կարող բացահայտել, հետեւաբար չեն կարող իրեն եւ մյուս չորսին գնդակահարել, քանի դեռ չեն բացահայտել. «Նա մատներին թելեր ունի եւ խաղացնում է մատները։ Ծուղակն են ընկել քննչական խմբի անդամներն այս մարդու ձեռքին, ծուղակն են ընկել իրենց գործողությունների պատճառով, որ մարդկանց են կալանավորել ու չեն կարողանում հանցանքն ապացուցել»։

Փաստաբան Ռուբեն Սահակյանը չթաքցրեց, որ իր պաշտպանյալի եւ Նաիրի Հունանյանի զրույցի գաղտնի ձայնագրման մեջ Նաիրի Հունանյանն «այնպիսի բաներ է ասել Ալիկ Հարությունյանին, որ տեղից ուղղակիորեն երեւում է, որ իմ պաշտպանյալն անմեղ է»։ Շատ կուզեր փաստաբանն այդ բաներն ասել, բայց իրեն դրա համար քրեական պատասխանատվության կենթարկեն. «Երբեմն ասում եմ՝ տո, ջհանդամ, մինչեւ ենթարկեն-վերջացնեն, մի տասը ամիս կանցնի, բայց իրավունք չունեն, չէ՞ հեռացնել գործի վարույթից։ Նախապես եմ ասում, որովհետեւ վաղը կարող է նման փորձ լինի»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Նաիրի Հունանյանը ձգտել է հանդիպել նախագահ Քոչարյանին, նախագահը չի գնացել այդ հանդիպմանը։ Փաստաբան Սահակյանի կարծիքով, եթե նախագահը հանդիպեր Նաիրի Հունանյանին, Ալեքսան Հարությունյանը չէր կալանավորվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031