Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՇԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՄԵՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Սեպտեմբեր 28,2000 00:00
AMH

Արժույթի միջազգային հիմնադրամի փոխտնօրեն, հայտնի տնտեսագետ Սթենլի Ֆիշերը վերջերս Վաշինգթոնում հանդես է եկել զեկույցով, որտեղ անդրադարձել է նաեւ նախկին սոցիալիստական երկրների բարեփոխումներին։ «Երբ 10 տարի առաջ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, Բալթյան երկրներում, Ռուսաստանում եւ նախկին ԽՍՀՄ այլ երկրներում սկսվել էին բարեփոխումները, սպասվում էր արտադրության անկումը՝ որպես կայունացման ծրագրերի եւ ռեսուրսների՝ արդյունավետ ոլորտ տեղափոխելու արդյունք։ Իսկապես, արտադրանքի անկում գրանցվեց անցումային շրջան ապրող բոլոր 25 երկրներում։ Այդ անկումի հետ իսկապես տպավորիչ էր մի քանի երկրում տեղի ունեցած աճը։ Առավել նշանակալից էր առողջացումը Ալբանիայում, Լեհաստանում, Հայաստանում, Սլովակիայում, Վրաստանում եւ Սլովենիայում»,- ասում է Արժույթի միջազգային հիմնադրամի փոխտնօրեն Սթենլի Ֆիշերը։ Նշենք, որ, ըստ Ֆիշերի, այդ առողջացումը վերաբերում է 95-96 թվականներին։ Այնուհետեւ, երբ նույն զեկույցում ԱՄՀ փոխտնօրենը խոսում է այն երկրների մասին, որոնք 99-ին կարողացան մինչեւ վերջ հասցնել ազատական բարեփոխումները, Հայաստանն այլեւս չի հիշատակվում։

ԱԼԻԵՎԻ ՄԱՀՎԱՆ ԼՈՒՐԸ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ Է

Արդեն մի քանի օր համառ լուրեր են շրջում, թե Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը մահացել է։ Այս կասկածներն ավելի սրվեցին այն ժամանակ, երբ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրին, թե այս լուրերի ֆոնի վրա Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը Մոսկվայում ակտիվացրել է իր շփումները քաղաքական որոշակի շրջանակների հետ։ Երեկ մենք զրուցեցինք Ադրբեջանի «Մուսաֆաթ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկի հետ եւ փորձեցինք ճշտել շրջող լուրերի իսկությունը։ «Ալիեւը ողջ է եւ երեկ խոսել է հեռուստատեսությամբ»,- տեղեկացրեց պարոն Հաջի-Զադեն։ Անդրադառնալով այն տեղեկություններին, թե Հեյդար Ալիեւի որդու եւ առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի հիմնական թեկնածուի դեմ մահափորձ է ծրագրված, «Մուսաֆաթի» ներկայացուցիչը պարզապես սադրանք համարեց։

Ըստ նրա, դա կապված է նաեւ Ադրբեջանում տիրող քաղաքական ծանր մթնոլորտի եւ լարված իրավիճակի հետ։ Հ.Հաջի-Զադեն վերահաստատեց, թե Ադրբեջանում ժողովրդավարության մասին խոսակցություններն ունայն են։ Այստեղ հիմնական ընդդիմադիր կուսակցություններին թույլ չի տրվել մասնակցել նախագահական ընտրություններին։ Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, թե վերջիններիս՝ «Մուսաֆաթ» եւ «Ժողովրդավարական» կուսակցությունների հավաքած ստորագրությունները կեղծ են։ Ընդդիմադիրները դիմել են դատարան՝ ԿԸՀ-ի այս որոշումը վիճարկելու ակնկալիքով։ Վերջիններիս աջակցել են նաեւ նրանք, ովքեր ստորագրել են այս կուսակցությունների ներկայացրած ստորագրաթերթիկում եւ պնդում են, որ իրենք ամենեւին էլ մեռած հոգիներ չեն։ Դատարանը սակայն մտադիր չէ այս հարցը վիճարկման առարկա դարձնել։

Մեր այն հարցին, թե ադրբեջանական ընդդիմադիր կուսակցություններն այս պայմաններում ի՞նչ են մտադիր անել, պարոն Հաջի-Զադեն պատասխանեց. «Չգիտեմ, պետք է նայել պատմության դասագրքերը։ Պարզ է, որ Ադրբեջանում ընտրություններ, ըստ էության, չեն լինի»։ Ըստ նրա, արդեն կանխորոշված է, որ Ադրբեջանի հաջորդ նախագահը լինելու է Ալիեւի որդին, որին սատարում են «Իշխանության կուսակցությունն» ու պետական ողջ համակարգը։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Ո՞Վ Է ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԱԺՄ-ՈՒՄ

ajm

ԱԺ խմբակցությունների մեջ ընկած ցեցի քայքայիչ ազդեցության հերթական դրսեւորման ականատեսը դարձանք ԱԺՄ-ում։ Առիթը պաշտոնանկ խոսնակի կողմից ղեկավարվող ԱԺ նիստերին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությանը ԱԺՄ-ի միանալն էր։ Խմբակցության քարտուղար Սեյրան Ավագյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք խմբակցության նիստում քննարկվե՞լ էր այդ հայտարարությունը, ասաց, թե սեպտեմբերի 26-ի գիշերը, 5 կուսակցությունների ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում էր ընդունվել նիստերին չմասնակցելու որոշումը։ «Մեր խմբակցությունն այդ բանակցություններին ներկայացված է եղել երեք անձով։ Տեղում ընդունել ենք որոշում եւ խմբակցության անունից ստորագրել փաստաթուղթը։ Դրան նախորդել էր ԱԺՄ վարչության նիստը, որտեղ որոշվել էր մասնակցել այս բոլոր գործընթացներին»։ Սակայն ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն «Ազատություն» ռ/կ-ին երեկ ասել է, որ առաջին անգամ է լսում այդ հայտարարության մասին։ Նաեւ, որ ինքն առավոտյան հեռախոսազրույց էր ունեցել ԱԺՄ-ական պատգամավորների հետ եւ որեւէ մեկն իրեն չէր էլ տեղեկացրել առանց խմբակցության նիստի ընդունված այդ որոշման մասին։

Ա. Ի.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ

andranik margaryan

Այդպիսի վերնագրով Ֆրանսիայում լույս տեսնող «Ազադ մեգեզին» ամսագիրը լրատվություն է տպագրել Անդրանիկ Մարգարյանի նշանակման մասին՝ զետեղելով նաեւ նրա կենսագրությունը։ Այդ նյութի հետ ամսագիրը տպագրել է մի լուսանկար, որը, պարբերականի կարծիքով, հիշեցնում է Անդրանիկ Մարգարյանին (իրականում լուսանկարում Տիգրան Հակոբյանն է)։

Որոշ քաղաքական շրջանակների տեսակետից, դա հեռուն գնացող ակնարկ է եւ մութ ուժերի՝ ռեւանշի ձգտում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930