Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ը ԼԱԿՄՈՒՍԻ ՊԵՍ ՄԻ ԲԱՆ ԴԱՐՁԱՎ»

Հոկտեմբեր 31,2000 00:00
Hayrikyan

Երեկ ՌԴ տարբեր քաղաքներում կազմակերպվեցին հանդիպումներ նախկին քաղբանտարկյալների հետ։ Մոսկվայի քաղաքապետը, տեղական ինքնակառավարման մարմինները հարկ համարեցին նշել այդ օրը՝ պետականորեն, նաեւ ժեստ անելով նախկին քաղաքականներին՝ իրենց պայքարի եւ գաղափարների համար։ Մեզանում, ինչպես եւ սպասվում էր, անտարբերություն էր եւ, երբ Պարույր Հայրիկյանի երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ հարցրինք, թե «նախկին ԱՄԿ-ական, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ նաեւ պետության առաջնորդի կողմից հրավեր եղե՞լ է, միջոցառումներ նախատեսվե՞լ են», նախկին քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանը պատասխանեց՝ ոչ։ Նա հիշեց, որ այո, Ա. Մարգարյանը ԱՄԿ խորհրդի 5 անդամներից մեկն է եղել եւ «սակայն նա քաղբանտարկյալի կյանքով չի ապրել»։ Ինչեւէ, երեկ փորձ արվեց հիշել այդ օրվա «խորհրդի» մասին, հիշել, որ այդ օրը բոլշեւիկյան բռնապետության զոհերի օրն է, նաեւ՝ նախազգուշացման օրն է։

Պ. Հայրիկյանն ասաց, որ որեւէ փաստաթուղթ չի բաժանի եւ, որ իր պարտքը համարեց «կիսվել հանրության հետ այն առաքելության մասին, որ լրատվամիջոցներն ունեն կատարելու անցյալի այս չարագույժ օրերը կանխելու տեսանկյունից»։ Ավելին, Պարույր Հայրիկյանը հարցրեց, թե «արդյոք մենք երաշխավորվա՞ծ ենք ամբողջատիրության վերականգնման հարցերում, եւ դա չի՞ կրկնվի»։

Նախկին քաղբանտարկյալը բերեց թվեր եւ սակայն ոչնչացման այդ թվերի կողքին սահմռկեցուցիչ համարեց «պետական պլանի իջեցումը»։

«Ինձ, որպես հայ մարդու,- շարունակեց Պ. Հայրիկյանը,- մտահոգեց այն, որ մեր Ազգային հեռուստատեսությունը նման երեւույթները ոչ միայն չի քննադատում, այլ սովորական լրատվության կարգով կարող է մատուցել այս կամ այն գյուղում։ Հարկատուների հաշվին գոյատեւելով՝ նա պետք է հենց նույն հարկատուների բարձրագույն շահերով առաջնորդվի»։ Եվ ընդհանրապես, քննադատեց հեռուստատեսությունը, որ «ազգային խնդիրների նկատմամբ այդպիսի կրավորական կեցվածք ունի»։ Նա անդրադարձավ տաժանակրության վայրերի զոհերին, որ ավելի պակաս չի եղել, քան, ասենք, Ուկրաինայինը: «Մեզ համար կոմունիստական իշխանությունը մարդկային, քաղաքացիական, քաղաքական կորուստներից բացի, նաեւ տարածքային կորուստներ էր խորհրդանշում»,- նկատեց նա եւ կոչ արեց Ռուսաստանի օրինակով «ինչ-որ քայլեր անել». «Ռուսաստանում համարձակվում են ուղղակիորեն խոսել կոմունիստական ժամանակների չարագործությունները դատապարտելու մասին»,- ասաց նա եւ մեղավորության ինչ-որ բաժին էլ վերագրեց իրեն, թե երբ որպես անհատ քաղաքացի 1991-ին ուզում էր դատի տալ կոմունիստներին, նախկին քաղկոմի շենքն էլ վերցնելը մեկնաբանելով որպես վնասների փոխհատուցում, հավատում էր, թե «ողջախոհությունը մեր հասարակության մեջ նույնպես կհաղթի»։ Պ. Հայրիկյանը պատմեց հոկտեմբերի 30-ին կալանավայրերում, տաժանակրության վայրերում կազմակերպված հացադուլների, բողոքի, այլ «միջոցառումների» մասին։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

ՆՐԱՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

dram

Երեկոյան, հեռակա, հերթափոխային դպրոցների լինել-չլինելու, անհրաժեշտության կամ ավելորդության մասին եթե խոսք բացվի, հաստատ տարբեր կարծիքներ կլինեն։ Մեր կարծիքով, նման դպրոցների գոյությունն այսօր ավելի անհրաժեշտ է։ Սակայն ՀՀ նախագահի 6.05.97թ. հրամանագրի հիման վրա Երեւանի քաղաքապետարանը այս տարվա հունիսի 30-ի թիվ 761 որոշմամբ լուծարել է իր ենթակայության երեկոյան վեց դպրոցներ։ Այդ դեպքում պետք է առաջնորդվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 42.1, 42.2 եւ 42.3 հոդվածների պահանջներով։ Սակայն աշխատողներին մինչեւ այժմ չի վճարվել ոչ նախազգուշացման ժամանակաշրջանի երկու ամիսների եւ ոչ էլ արձակման նպաստը՝ միջին աշխատավարձի չափով։

Մենք հանդիպեցինք Շենգավիթի տարածքի թիվ 11 եւ 24 նախկին երեկոյան դպրոցների նախկին տնօրենների հետ։ – Մենք աշխատավարձ չենք ստացել հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսների համար,- տեղյակ պահեց թիվ 11 դպրոցի տնօրեն Գուրգեն Դարբինյանը,- եւ պահանջը մեկն է՝ վճարել այդ ամիսների աշխատավարձը, ուրիշ ոչինչ։

Վերոհիշյալ դպրոցի կոլեկտիվը առանց աշխատանքի չի մնացել։ Երեւան քաղաքի ենթակայությունից այն դարձել է Շենգավիթի թաղապետարանի ենթակայության եւ թիվ 285 կարգադրությամբ վերանվանվել «Շենգավիթի երեկոյան-հեռակա դպրոց»։ Սակայն նշենք, որ լուծարված բոլոր դպրոցների աշխատողների աշխատանքային գրքույկներում պետք է կատարվեն համապատասխան նշումներ՝ գրանցելով, թե ինչ հիմքով են նրանք ազատվել աշխատանքից։ Նորից ընդհանուր հիմունքներով աշխատանքի ընդունվելիս կամ տարիքային կենսաթոշակի անցնելիս նրանցից յուրաքանչյուրին վերոհիշյալ երեք ամիսների աշխատանքային ստաժը անհրաժեշտ է։ Իսկ այդ հարցը նախկին տնօրենները չեն կարող լուծել, որովհետեւ դպրոցների լուծարումից հետո նրանք այլեւս կնիք չունեն։ Ուրեմն այդ հարցը պետք է լուծվի վերադասության կարգով։

ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻՆ Ի՞ՆՉ ՁԱՅՆ ՀԱՆԻ

tiknapah

Երկու-երեք օր առաջ, մոտ հինգ րոպեի չափ Տերյան փողոցում ավտոխցանում առաջացավ։ Պատճառը. ավտոմեքենայով Տերյանով վեր բարձրանալիս, կաշվե սեւ բաճկոնով, զենքը՝ տաբատից կախ մի երիտասարդ, մարմնով՝ ձեռքերը լայն պարզած փակեց ճանապարհը։ Բոլոր մեքենաները կանգնեցին։ Ապա երիտասարդը (ըստ երեւույթին թիկնապահ էր) մեջքով շրջվեց դեպի մեքենաները, որպեսզի փայլուն կանաչ «Ջիպ» մակնիշի, 0020 HKP համարանիշով մեքենան հետընթաց տեղավորվի Տերյան փողոցի մայթին կանգնած մեքենաների շարքում։ Տեղավորվելուց հետո արդեն «թույլատրվեց» երթեւեկությունը։ Հայտնի չէ՝ ում ավտոմեքենան էր եւ հետեւաբար նաեւ՝ ում թիկնապահն էր կրծքավանդակով կանխում երթեւեկությունը՝ ինչ է թե շեֆի ավտոմեքենան մայթի եզրին կանգնի։

Եվ այս տեսարանի ավարտին սպասող ոչ մի վարորդ որեւէ ձայն, բնականաբար, չէր կարող հանել։

***

Հրազդանի կիրճում, նախագահական ամառանոցի մուտքի դարպասների մոտ (Պռոշյան փողոցի կողմից), ինչպես հայտնի է, ոստիկաններ են միշտ կանգնած։ Կոմիտասից Պռոշյանով անցնող բոլոր երթուղային տաքսիներին այդ ոստիկանները առավոտյան պարտադիր կանգնեցնում են։ Ի՞նչ են ուզում, եթե խախտում չկա։ Քաղաքացիներն արդեն անգիր գիտեն ու վարորդներին միշտ հարցնում են՝ «Նալո՞գ են ուզում»։ Իհարկե։ Մի վարորդ այլեւս չդիմացավ. «Իբր թե դաչաներին են պահակություն ունում։ Չեն էլ ասում՝ էսքան մարդ կա մեքենայի մեջ, դիք ա իջնում մեքենան, ռիսկի հարց ա, գոնե ուրիշ տեղ՝ մի քիչ ներքեւ կանգնեն»։ Ու այսպես ամեն օր, բոլոր երթուղային տաքսիներին։ Վարորդներն էլ արդեն գիտեն, կանգնում են թե չէ՝ գումարը հաշվում են ու մոտենում։ 1 րոպե էլ չանցած վերադառնում են։ Ուղեւորը կամ վարորդը ի՞նչ ձայն հանի։ Կարգ է դարձել ու օրվա ռեժիմ։

***

Նախագահական ամառանոցի մուտքի մոտ կանգնող ոստիկանների աշխատանքային օրվա ամենածանրաբեռնված մասը այն պահն է, երբ ՀՀ նախագահի ավտոմեքենաները առավոտյան դուրս են գալիս դարպասներից։ Միլիցիոները՝ սուլիչը բերանին, իրեն նետում է երթեւեկող ավտոմեքենաների առաջ։ Կարելի է ասել, որ նույնիսկ «կյանքն է վտանգում». բա որ վերից իջնող ավտոմեքենաներից որեւէ մեկի արգելակը չաշխատի կամ վատ աշխատի։ Թերեւս ոչ ոք նրանց ավտոմեքենաների առաջ գցվելու հրաման չի էլ տվել։ Պարզապես դա էլ քծնանքի ձեւ է, թե՝ «Տեսեք, ո՛նց ենք աշխատում»։ Ու քաղաքացիներից որեւէ մեկը չի էլ համարձակվի ավտոմեքենայից դուրս գալ ու որեւէ խոսք ասել։ Եթե վթար լինի, ի վերջո այդ քաղաքացուն են պատասխանատվության ենթարկելու եւ ոչ թե միլիցիոներին կամ… Սովորական քաղաքացուն, վարորդին մնում է միայն նյարդերը ձիգ պահել ու ավտոմեքենայի ներսում ինքն իրեն բողոքել այդ վիճակից։ Ու այդպես մի օր չի, երկու օր չի, ոչ էլ երեք օր է…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031