Լրահոս
Օրվա լրահոսը

… ԵՎ ԱՅԼՆ

Դեկտեմբեր 02,2000 00:00
gazel

Երթուղային գծեր չեն կրճատվել

Երեկ, Երեւանի քաղաքապետարանում կայացավ խորհրդակցություն՝ նվիրված երթուղային նոր ցանցին։ Խորհրդակցության ավարտին պարզվեց, որ, չնայած քաղաքապետ Ալբերտ Բազեյանի նախկինում անընդհատ հնչեցրած հայտարարությունների, թե երթուղային տաքսիների գծեր կկրճատվեն, այդուհանդերձ, դա տեղի չունեցավ։ Նախկինում գործող 113 երթուղային գծերը նույնությամբ պահպանվել են։ Երթուղային նոր ցանցով՝ Ալբերտ Բազեյանի հավաստմամբ երթուղիների կրճատման հարց չի դրվել։

Պարզվում է, քաղաքապետի նախկին հայտարարությունները ճիշտ չենք հասկացել. խոսքը ոչ թե երթուղիների կրճատման, այլ օպտիմալիզացման, հավասարեցման մասին է եղել։ Այս նոր ցանցով քաղաքապետարանը խնդիր է դրել գլխավոր պողոտայից միկրոավտոբուսների երթուղիները բեռնաթափել դեպի երկրորդական փողոցներ։ «Մենք խնդիր ենք դրել՝ հնարավոր պայմաններ ստեղծել՝ քաղաքում եղած տրանսպորտային միջոցները շահագործել օրինական կարգով, այլ ոչ թե կրճատել երթուղային գծերը եւ մի քանի հազար միկրոավտոբուսներ դուրս թողնել ուղեւորափոխադրում իրականացնելու հնարավորությունից, որպեսզի նրանք դարձյալ մտնեն ստվերային դաշտ»,- նշեց քաղաքապետ Բազեյանը։

Նոր ցանցը, որը մշակվում է մոտ կես տարի, նախատեսում է նաեւ նպաստավոր պայմաններ ստեղծել պետական տրանսպորտի լիարժեք գործունեության համար։ Նոր ցանցի հիմնական սկզբունքներից մեկն էլ ապօրինի ուղեւորատրանսպորտի բացառումն է, «կամ գոնե նվազագույնի հասցնելը ապօրինի ուղեւորափոխադրումը»։ Այս առնչությամբ, պարզվեց, քաղաքապետարանն արդեն անհավանական ցուցանիշների է հասել, քանի որ գրեթե բոլոր ելույթ ունեցողների հավաստմամբ 800 միկրոավտոբուս եւ 100 ավտոբուս բերվել է հարկային դաշտ։

Ընդհանրապես օրվա զեկուցողներին շատ դուր եկավ քաղաքապետի խոսքն ու քաղաքի համար ոլորտի «չափազանց» կարեւորումը, ուստի եւ բոլորը կրկնեցին (հնարավորինս իրենց բառերով) քաղաքապետի խոսքը ու հազիվհազ հասան բուն նյութին։ Ասենք, տրանսպորտի վարչության պետ Արամազդ Զաքարյանը տեղեկացրեց, որ նոր ցանցի պահանջների համաձայն կստեղծվեն տեխնիկական կայանների սպասարկման կայաններ (ուղեւորափոխադրմամբ զբաղվող բոլոր շարժակազմերը կենթարկվեն տեխնիկական զննման, ինչպես նաեւ վարորդները ամեն օր բժշկական զննում կանցնեն)։ Կընդլայնվի ենթակարգավորական կետերի ցանցը՝ սկզբնականգառում եւ վերջնականգառում չվերթները գրանցելու համար։ Նախապես գուշակություններ չանենք, թե բազմաթիվ զննումներն ու գրանցումները ինչ «կնստեն» վարորդների վրա՝ կարեւորը, որ պարոն Զաքարյանի պնդմամբ՝ «մեր իրականությունից դուրս կմղվի մեզ համար խորթ ու անհարիր «գծի տեր» հասկացությունը, բոլորի համար մեկընդմիշտ հայտնի պետք է լինի, որ մայրաքաղաքի երթուղիների տերը քաղաքապետարանն է»։

Անշուշտ, այս սկզբունքով էին առաջնորդվել քաղաքապետարանի պաշտոնյաները, որ ոչ միայն նոր ցանցը կազմելիս, այլ անգամ փորձագիտական խմբում չէին ընդգրկել կառավարության ներկայացուցչին՝ ի դեմս տրանսպորտի նախարարության։ Ինչն էլ ՀՀ տրանսպորտի նախարարության ավտոտրանսպորտի վարչության պետ Հ. Համբարձումյանի արդարացի դժգոհությունը առաջացրեց։ Երթուղային այս նոր ցանցով էլ չհաջողվեց կրճատել միկրոավտոբուսների ցանցը եւ հիմնական փոխադրամիջոցից ուղղել իր իսկական կոչմանը՝ ավտոբուսների, էլեկտրատրանսպորտի օժանդակ միջոց։ Այդքանով հանդերձ, դեռ, լավագույն դեպքում, 10 օր պետք է քննարկվեն նոր առաջարկությունները (որոնք, կարծեք թե, իսկի չկային էլ), հետո նոր ներկայացվի քաղաքապետի հաստատմանը։ Եվս 2-3 ամիս կպահանջվի, որպեսզի մրցույթների միջոցով ներդրվի նոր ցանցը։ Ներդրման համար, պարզվեց, հատուկ գումարներ պետք չեն, իսկ այդ ցանցը մշակելու համար հատկացվել է (եւ մինչ օրս լրիվ չի տրվել) 3 միլիոն դրամ։

Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

NGO-ՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

bac namak

Մի խումբ հասարակական կազմակերպություններ պնդում են, որ «Գոլդեն Պալաս»-ի շինարարությունն անօրինական է ՀՀ «Կանանց հանրապետական խորհուրդը», «Կանաչների միությունը», «Հայկական բուսաբանական ընկերությունը» բաց նամակով դիմել են հանրապետության նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, Երեւանի քաղաքապետին։ Առիթը՝ «Հաղթանակ» զբոսայգում ընթացող «Գոլդեն Պալաս» հյուրանոցային համալիրի շինարարական աշխատանքներն են։ Նրանք գտնում են, որ Երեւանի քաղաքապետի 09.11.2000 թ. որոշումը (3200 քմ հողահատկացման մասին) եւ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի 11.11.2000 թ. հողային աշխատանքները սկսելու թույլտվությունը հակասում են ՀՀ օրենսդրությանը։ Նշված տարածքի անջատումը քաղաքի կանաչ գոտուց, հակասում է ՀՀ կողմից ստորագրված եւ վավերացված ՄԱԿ-ի մի շարք կոնվենցիաների սկզբունքներին։ Հասարակական կազմակերպությունները գտնում են, որ Երեւանի վերակառուցման եւ կառուցապատման աշխատանքները պարբերաբար կատարվում են ՀՀ օրենսդրության խախտմամբ, մասնավորապես առանց հասարակական լսումների։

Բաց նամակի հեղինակները, ողջունելով Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության նախապատրաստումը, նոր հյուրանոցների շինարարությունը, միաժամանակ գտնում են, որ դա պետք է արվի միայն օրենքի շրջանակներում, առանց վնաս հասցնելու շրջակա միջավայրին եւ պահանջում են դադարեցնել հյուրանոցի շինարարությունը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031