Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ ի՞նչ նոր տարի առանց պա՜պ…

Հունվար 11,2001 00:00
zmer pap

Այս տարի չենք կարող բողոքել ձմեռ պապերի պակասությունից… Անգամ գտնվեցին ոմանք, ովքեր դժգոհ էին ձմեռ պապերի լիությունից… Վերջիններս փողոց ընկած՝ ձեռք-ձեռքից «կլիենտ» էին փախցնում…

– Ես իմ ամբողջ կյանքում էսքան անաբուռ ու աներես ձմեռ պապ չեմ տեսել։

– Ժավել ծախողներն ու փայ հավաքողները քիչ էին, սրանք էին պակաս մնացել։

– Մուրացկաններից ոչնչով չեն տարբերվում։ Այսպիսի բողոքներ շատ կլսեք մայրաքաղաքի կենտրոնական մասերում ապրող բնակիչներից։ Պարզվում է, որ այս տարի որոշ «անաբուռներ» առանց հրավերի թակել են շատ դռներ եւ առաջարկել իրենց ծառայությունները։ Ու գրեթե միշտ հաջողության չհասնելով՝ փողոցներում են իրենց բախտը փորձել. վախեցրել, լացացրել անակնկալի եկած փոքրիկներին եւ վերջիններիս «պապաներից մի էրկու կոպեկ փող թռցրել»։ «Դուք ուզո՞ւմ եք Նոր տարին դիմավորել Ձմեռ պապի հետ, 20 դոլարով»,- այսպիսի հայտարարություններ վերջին 15 օրերին շատերն են կարդացել։

Փորձեցինք գովազդատուներից մեկից իմանալ, թե որտեղից կարելի է ձեռք բերել խոսող, բնական Ձմեռ պապի։ Հայաստանում գրանցված չկա ոչ մի այդպիսի գործակալություն։ Սա ընտանեկան, սեզոնային բիզնես է։ Հագուստները՝ Պողոս պապի կարմիր քուրքն է եւ մայրիկի հարսանեկան զգեստը։ Դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին եղել է 10-15 պատվեր։ Ոչ ոքի եկամտահարկ չեն մուծել, քանի որ «20 դոլարից 10-ը բենզինի վրա է ծախսվում»։ Սակայն պատվիրատուները հավաստիացրին, որ այս տարի Հայաստանում 20 դոլար արժողությամբ Ձմեռ պապ չի եղել։ Գները տատանվել են 50-ից 70 դոլարի սահմաններում (նայած ընտանիք)։ Հանրապետության հրապարակը ձմեռ պապ-ձյունանուշների հիմնական հավաքատեղին է, որտեղ փող են աշխատում «կլիենտների հետ նկարվելով»։ Երբ քո անձնական լուսանկարչական խցիկով ես նկարվում, վճարում ես 200 դրամ, իսկ մյուս դեպքերում՝ 1000 դրամ։ Հատկապես հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է Ձյունանուշը մեծ բավականությամբ դրամները խցկում հարսանեկան զգեստի տակ։

– Ապե՛, դավայ էղի ստուց,- կամ,- արա, ռադ էղի, մինչեւ փող չըլնի, էս յաները չերեւաս, կլիենտ ես խրտնացնում,- այսպիսի խոսքեր հաճախ կլսեք Ձյունանուշի գոռոզ, լիքը, գրգռող, կարմիր շտամպ հիշեցնող շուրթերից։ Իսկ այդ ընթացքում Ձմեռ պապի հանդերձանքով երբեմնի ուսանողը կամ պահակը աղջիկներին է սիրաշահում։ Եվ այսպես, արդեն մի քանի տարի՝ դեկտեմբերի 29-ից մինչեւ հունվարի 13-ը, նրանք շրջում են ամենուր, թակում անհյուրընկալ դռներ եւ «կլիենտ ման գալիս», որպեսզի շնորհավորեն Ամանորն ու Սուրբ Ծնունդը։

Հ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031