Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնա քո երկրապահից ուզի»

Հունվար 12,2001 00:00
zinvor

Թշնամու արձակած գնդակն ու յուրայինների անտարբերությունը համարժեք էին

16 տարեկան էր Էդգարը, երբ կամավոր մեկնեց Ստեփանակերտ։ Այնտեղից էլ՝ Հակոբ Կամարի, որտեղ էլ վտանգավոր մի հանձնարարության ժամանակ երկու գնդակ ստացավ կրծքին։ Աստված խնայեց հայրենասերին։ Չմեռավ։ Հայրենի գյուղ վերադարձավ, ամուսնացավ, երեխա ունեցավ։ Ծնողները տեղափոխվեցին Արցախ, ինքն էլ էր պատրաստվում տեղափոխվել՝ շենացնելու իր ազատագրած երկիրը…

Բայց այս կյանքում ոչինչ անհետք չի մնում, մանավանդ թշնամու արձակած գնդակը։ Այժմ Էդգար Մալխասյանը Երեւանի հանրապետական հիվանդանոցի թոքային հիվանդության բաժանմունքում է։ Վիրավոր թոքը թարախակալել է, վիրահատության կարիք կա եւ բժիշկ Սարգավաքյանն անում է ամեն հնարավորը։ Բայց մեղքը միայն կույր գնդակին բարդելն անարդարացի կլիներ։ Ոչ պակաս, թերեւս նույնչափ կարեւոր է նաեւ սոցիալական վատ պայմանների, թերի սննդի ու ծանր աշխատանքի դերը։ Ինչեւէ, Էդգարը հիվանդանոցում է, կինը՝ գյուղում, ծնողները՝ Ղարաբաղում։ Մենակ է։ Շատ բանի կարիք ունի, բայց սնունդն առաջնային է։

Այն հարցին, թե ինչպես է գոյություն պաշտպանում՝ պատասխանեց. «Սարգավաքյանն իմ բաժնի վարիչն է, որը ոչ միայն ամոքում է վերքս, նաեւ օգնում է այդ հարցում, մեկ-երկու ընկեր ունեմ։ Փառք Աստծո, նրանց բարի խոսքն ու անկեղծ ձեռքսեղմումն էլ է օգնում (նրանք էլ աշխատանք չունեն)»։ Երբեմն Էդգարի հետ իրենց աղքատիկ ճաշն են կիսում հիվանդանոց գործնական պարապմունքի եկած ուսանողուհիները։ «Իսկ ինչո՞ւ ոչ մի տեղ չես դիմում օգնության համար» հարցիս ի պատասխան՝ քմծիծաղեց։ Սեպտեմբեր ամսին անհրաժեշտ փաստաթղթերով դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին։ Պահանջը մեծ չի եղել՝ 6000 դրամ կամ 1 լիտր ձեթ, մի քանի կիլոգրամ մակարոն եւ նույնքան էլ կարտոֆիլ։ Պատասխանել են, որ նամակը Ս. Սարգսյանի աչքի առաջ է եւ հարմար պահին, եթե գումար լինի կամ մթերք, անպայման կաջակցեն։ Դիմել է Ռուբեն Գեւորգյանին (նույն ինքը՝ Ծաղիկ Ռուբոն)։ Պատվիրել է 2 օրից գալ։ Գնացել է երկար օրեր, ամեն օր ու ոչ մի անգամ չի ընդունել։

Դիմել է Էրեբունու 9-րդ ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, այժմ ԱԺ պատգամավոր Գրիգոր Մադաթյանին (այն ժամանակ նախարարի եղբորը)։ Դժվարությամբ ներս էին թողել եւ լսելուց հետո Մադաթյանը պատասխանել է.

– Ես փող չեմ կտրում, որ քո նմաններին բաժանեմ։ Ու հետո խորհուրդ է տվել. – Գնա քո երկրապահից ուզի… Իսկ երկրապահից արդեն ուզել էր… Հոգնել էր դիմելուց, պահանջելուց այն, ինչ իրեն պիտի տրվեր օրենքով եւ երախտագիտությունից (Արցախի կռիվների հաշմանդամ է)։ Չի ափսոսում, որ կռվել է, ափսոսում է, որ ազգի վատագույն կեսն է այսօր իշխանավոր եւ անտեսվում են ինքն ու իր նման քանի՜սը։ Հավատում եմ, որ Հայաստանում պարզապես բարի մարդիկ, որոնք չեն լսել Էդգարի մասին, ավելի մեծահոգի կգտնվեն, քան Ս. Սարգսյանն, Ռ. Գեւորգյանը ու Գ. Մադաթյանը, որ կօգնեն Մարդուն՝ կամավոր ազատամարտիկին։

Այլապես ո՞րն է լինելու 2000թ. հիշողությունը։

ԹԵՐԵԶԱ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031