Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՄԵԶ

Հունվար 26,2001 00:00
dram

Ոչ այն է՝ քրիստոնեության 1700-ամյակի հետ կապված, ոչ այն է՝ ցուրտ ձմռան պատճառով, վերջին շրջանում կարծես թե քանակապես քչացել են հոգեորսները՝ տարբեր աղանդների ներկայացուցիչները, քարոզիչները։ Սրանց տզրուկային կպչունության մասին ականատեսներն առասպելներ են պատմում։ Ու խոստովանենք, այդ մեթոդը՝ «կպնեմ՝ չպոկվեմ, մինչեւ ուզածիս չհասնեմ», իրեն արդարացնում է։ Ու քանի որ այդ մեթոդն իրեն արդարացնում է, դրանից սկսել են օգտվել ուրիշները։

Մասնավորապես՝ տարբեր ֆիրմաների «դիստրիբյուտորները», որոնք առաջարկում են յուրաքանչյուր պատահածին իրենց հերբալայֆները, միրրաները, մերիքեյները, վիժըններն ու այլ տեսակ-տեսակ կրեմները, հաբերն ու վիտամինները։ Թարսի պես, «Առավոտի» խմբագրությունը այդ «յուրաքանչյուր պատահածներից» է։ Ու այդպես գալիս են ու գալիս, աննկարագրելի համառությամբ առաջարկում են իրենց ապրանքը, գովերգում, ձոներ ու երգեր նվիրում դրանց, ձեռքի հետ էլ փնովում մյուս ֆիրմաների արտադրանքը։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ «հրաշագործ» դեղամիջոցներ ու կոսմետիկական միջոցներ գովազդողների հիմնական մասը տառապում է վատառողջությունից եւ դեմքի կոսմետիկ թերություններից։ Սրանց արածը դեռ հասկանալի է։ Յուրաքանչյուր ձեռք բերած «կլիենտի» շնորհիվ իրենց աշխատավարձը որոշակիորեն բարձրանում է։

Հապա ի՞նչ ասենք կիտրոն, հաց, օծանելիքի տեսակներ, սեփական արտադրության գեղանկարչական գործեր, տորթեր ու թխվածքներ, մուրաբաներ, բադրիջանի խավիար առաջարկող տատիկ-պապիկների մասին։ Եվ նրանց չափազանց քիչ է հուզում այդ արտադրատեսակների նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքը, մեր ֆինանսական վիճակը եւ կամ՝ ցանկություն ունե՞նք արդյոք ուտելու նրանց պանրով խաչապուրին, խմելու՝ թթի դոշաբը։ Միեւնույն է, նրանք շարունակում են պնդել իրենց առաջարկը, գոռալ, ճչալ եւ անգամ ձեռքը խփել սեղանին՝ պետք է առնես իմ դեզադորը, թե չէ կփոշմանես։ Ու այս ոլորտի մարդկանց հետ շփվելուց հետո ակամա ցանկություն է առաջանում մեր հայտնի արվեստագետներից մեկի նման վերցնել կացինը ու պատահած բոլոր պատերի վրա կացնով փորագրել «հանգի՛ստ» բառը։

Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031