Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ԾԱԳՈՒՄ Է ԱՐԵՎԸ

Մարտ 03,2001 00:00
kamerayin

Փետրվարի 28-ին Երեւանի կամերային երաժշտության տանը տեղի ունեցած համերգային երեկոյի ծրագիրը պատրաստել էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ։ Համերգը բաղկացած էր 2 բաժնից, եւ լեփ-լեցուն դահլիճում հնչեցին Պյորսելի, Ստրավինսկու, Բախի, իսկ երկրորդ բաժնում՝ Վահրամ Բաբայանի եւ Էռնեստ Բլոխի ստեղծագործությունները։ Մենակատարներն էին ֆլեյտահար, կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Օհանյանը եւ դաշնակահարուհի, ՀՊԿՆ-ի նորաստեղծ կամերային երգչախմբի կոնցերտմայստեր Էլլա Մելիք-Հուսյանը։

Նշեմ, որ Վահրամ Բաբայանի «Եվ ծագում է արեւը» ստեղծագործությունը պրեմիերա էր, որը գրվել էր բոլորովին վերջերս եւ պատվիրվել էր ՀՊԿՆ-ի կողմից։ Վերջինիս փայլուն կատարմամբ հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց վերնագրին համահունչ մի ինքնատիպ ստեղծագործություն, որի հնչյունները գերել էին ողջ դահլիճը։ Վահրամ Բաբայանը ժամանակակից հայ կոմպոզիտոր է, դաշնակահար, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ, որը մեծ ճանաչում ունի արտասահմանում, մասնավորապես՝ Գերմանիայում, ԱՄՆ-ում եւ այլուր։ Նրա ստեղծագործությունները ներկայումս կատարվում են բազմաթիվ երկրներում եւ մեծ հետաքրքրություն են առաջացրել երաժշտասեր հասարակայնության շրջանակներում։ Հետեւել են մի շարք պատվերներ ու հրավերներ։

Հուսանք, որ պրեմիերաները կշարունակվեն եւ մեր արվեստագետներն իրենց արժանի տեղը կգրավեն միջազգային ասպարեզներում, քանզի մենք ունենք աշխարհին ներկայացնելու արժեքներ եւ թող որ «ծագի արեւը» 1700 տարի քրիստոնյա ժողովրդի համար։

ՍՈՆԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031