Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնավոր բուհերի պատկերը

Մարտ 08,2001 00:00
buh

ԿԳՆ-ի Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունն, անշուշտ, օրինախախտ է, երբ գործունեության լիցենզիա է շնորհել մասնավոր բուհերի՝ առանց լիարժեք ստուգելու պահանջվող պայմաններին նրանց համապատասխանությունը։

Սակայն պակաս մեղավոր չեն այդ բուհերը, որ իրենց հնարավորությունների մասին կեղծ տեղեկություններ են ներկայացրել։

ՀՀ գլխավոր դատախազության ստուգումների արդյունքների մասին տեղեկանքում բացահայտվում է մեր որոշ մասնավոր բուհերի իրական, այլ ոչ թե կեղծ փաստաթղթերով ու գովազդներով ներկայացված պատկերը։ Մասնավորապես «Մխիթար Գոշ» կրթահամալիրը լիցենզավորվել է բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, հանրակրթական եւ լրացուցիչ կրթություն կազմակերպելու համար՝ տարեկան 540 մարդու ընդունելություն կազմակերպելու իրավունքով։ ԼՀ ծառայության եզրակացության մեջ ներկայացվող տվյալները՝ բուհի տարածքների մասին, չեն համապատասխանում իրականությանը։ Թվելով բուհի իրական տարածքները՝ դատախազության տեղեկանքը փաստում է, որ «սահմանած նորմերի հետ համեմատած, այդ տարածքը չի բավարարում տարեկան 540 աշակերտի եւ ուսանողի ընդունելության համար»։ ԼՀ ծառայության եզրակացության մեջ նաեւ նշվել է, որ «մանկավարժություն եւ հոգեբանություն» մասնագիտության գծով կրթահամալիրն ունի համապատասխան գիտական աստիճան ունեցող 4 դասախոս։ Սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ կրթահամալիրը այդպիսի միայն մի մասնագետ ունի։

Երեւանի մենեջմենթի համալսարանի մասին ԼՀ ծառայության եզրակացությունը վկայում է, որ բուհը Երեւանում ապահովված է 9 լսարանով, 3 լաբորատորիայով, օգտվում է ՀՊՃՀ-ի գրադարանից, ապահովված է դասախոսական կազմով։ Համալսարանի ներկայացրած տեղեկությունների համաձայն, ինքն ապահովված է շուրջ 3000 քմ տարածքով։ Սակայն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համալսարանն ունի ընդամենը վարձակալության պայմանագիր ՀՊՃՀ-ի հետ՝ 270 քմ տարածքի վարձակալման մասին։ Մնացած տարածքների վերաբերյալ համալսարանը փաստաթղթային հիմնավորումներ չունի։ Գրադարան, որպես այդպիսին, չկա։ Առկա են ընդամենը առանձին գրքեր՝ տարբեր մասնագիտություններից։

Էկոլոգիայի, տնտեսագիտության եւ իրավունքի հայկական ինստիտուտը, որ լիցենզավորվել է 100 մարդու ընդունելության իրավունքով, նույնպես չունի այն հնարավորությունները, որ նշված է ԼՀ ծառայության եզրակացության մեջ։ Ըստ վերջինիս՝ բուհն ապահովված է 1912 քմ տարածքով, որից 487 քմ տարածք՝ Տիգրան Մեծի 65ա հասցեում։ Բացի այդ, առկա է 2 վարձակալության պայմանագիր՝ թիվ 189 դպրոցի եւ թիվ 18 ուսումնարանի հետ։ Սակայն տարածքների մասին եղած փաստաթղթերը վկայում են, որ վերջին երկու տարածքները սպորտդահլիճներ են, իսկ Տիգրան Մեծի 65ա հասցեում եղած տարածքը սանիտարական նորմերի առումով չի բավարարում տարեկան 100 ուսանողի ընդունելության համար։ Ըստ եզրակացության, ինստիտուտն ունի 1790 կտոր գրականություն, սակայն այդ ցուցակում դասագրքեր չկան։ Ընդ որում, ինստիտուտի ներկայացրած ցուցակում առկա է միայն 263 կտոր գրականության մասին տեղեկություն։

Մաշտոցի անվան մանկավարժական համալսարանը լիցենզավորվել է տարեկան 210 ուսանողի ընդունելության իրավունքով, սակայն, ըստ դատախազության՝ այն առավելագույնը տարեկան 150 ուսանողի ընդունելություն կազմակերպելու հնարավորություն ունի։ Ընդ որում՝ ԼՀ ծառայության եզրակացությունը վստահեցնում է, որ համալսարանի ընդհանուր տարածքը 4900 քմ է, որից 3900 քմ-ն նորակառույց շինություն է, մնացածը՝ նախկին տարածքը։ Սակայն, ըստ դատախազության՝ այդ նորակառույցը համալսարանին չի պատկանում, քանի որ համալսարանի շենք կառուցելու համար հատկացված հողամասում դեռեւս շինարարական աշխատանքներն ավարտված չեն, շենքը գրանցված չէ անշարժ գույքի կադաստրի մարմիններում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 173 հոդվածի համաձայն՝ որեւէ մեկը դրա նկատմամբ սեփականության իրավունք ձեռք չի բերել։ Գործող նորմատիվներին չի համապատասխանում նաեւ բուհի նախկին տարածքը եւ գրականությամբ ու դասախոսներով ապահովվածությունը։ ԼՀ ծառայության եզրակացության մեջ նշվել է, որ համալսարանն ունի 7105 գիրք՝ մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լիցենզիա տալու պահին համալսարանի հաշվեկշռում ոչ մի կտոր գրականություն չի եղել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031