Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՏԻՍՏԻ ԱՆԱՎԱՐՏ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ»

Մարտ 09,2001 00:00
jigarxanyan

Կարոտում ենք մեր մեծերին։ Եթե հեռու են ու չեն գալիս Հայրենիք՝ գոնե հյուրախաղերի, կարոտում ենք ու անիծում «էս անտեր ժամանակները», որոնց պատճառով հեռացել են։ Եթե մոտիկ են ու չեն արարում, էլի ենք կարոտում ու չարանում «էս անտեր ժամանակների» վրա, որ քարը քարին չթողեցին։

Երբ ստացվում է ու մեր մեծերից մեկնումեկը գալիս է՝ թեկուզ մի օրով, թեկուզ մի ներկայացման մեջ խաղալու, մի համերգ տալու սահմանափակումներով, մի մատ երեխու նման ուրախանում ենք՝ «հիշե՜ց»՝ ասում ենք, «եկա՜վ»՝ ասում ենք։ Մեր մեծերն են։ Կարոտում ենք։ Չորս-հինգ տարվա ընդմիջումից հետո Արմեն Ջիգարխանյանն է վերադարձել։ «Սեր եւ ճագարներ» է խաղում Կոմեդիայի թատրոնի բեմում։ Իր ներկայությամբ արժեւորում է Կարպ Խաչվանքյան կորցրած այդ բեմը։ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դահլիճում երեկ Ա. Ջիգարխանյանին նվիրված «Անցյալի եւ ապագայի միջեւ կամ արտիստի անավարտ մենախոսությունը» (հեղինակ՝ Հակոբ Ղազանչյան) ֆիլմի ցուցադրության ժամանակ նույնիսկ կանգնելու համար տեղ գտնելը խիստ բարդ էր։ Դահլիճում մեծության կարոտ ուսանողներ էին (իրենց նույնքան մեծ ռեկտորին վաղուց ստեղծագործելիս չեն տեսել), թատերասերներ, արվեստագետներ, լրագրողներ։ Պարզապես մարդիկ, ովքեր ուզում էին տեսնել ու լսել այնքան հեռու թվացող, բայց այնքան հարազատ մնացած Ջիգարխանյանին։ Կանայք, ովքեր երազում էին համբուրել նրան։ Եվ անգամ մի կին, ով որոշել էր իր ձեռքի գործած տաք գուլպաները նվիրել նրան՝ «թող տաք-տաք հագնի»։ Թող հագնի։ Թող չմրսի ցուրտ մոսկվաներում, որ ամեն անգամ Երեւան վերադառնալիս թեւաթափ անող անկեղծությամբ («որոշել էի 50 տարեկանից հետո սուտ չխոսել ու 15 տարի է սուտ չեմ խոսում») չասի. «Ես միշտ գիտեի, որ լավ ներվեր ունեմ, բայց հենց գալիս եմ Հայաստան, ներվերս «մոշլա» ա լինում (մորս խոսքն էր)։ Սա մեծ փորձություն է։ Գալիս եմ, ետ եմ վերադառնում, հոգեբաններին եմ դիմում, ասում եմ՝ գնացի «մոշլա» եղա, եկա։ 65 տարեկան եմ արդեն, դժվար է։ Հուզվում եմ, ախմախություններ եմ անում, միթոմ կատակ է։ Չգիտեմ»։

Ու պետք չէր նրան ոչինչ հարցնել, կարիք չկար լսել նրա մասին իր ժամանակակիցների մեծարումները («Ինչ էլ որ անի՝ միջազգային մակարդակներով է անում»,- ասաց Սոս Սարգսյանը, Մարկ Զախարովը ֆիլմում նրան հայկական Չապլին անվանեց, Սերիկ Իսրայելյանը Ժան Գաբենին նմանեցրեց), բավական էր միայն հավաքել նրա մտքերն արվեստի, կյանքի, աշխարհի եւ Մարդու մասին. «Արվեստի մեջ ազգություն չկա։ Կի՛րք կա, սե՛ր, ատելությո՛ւն, մա՛հ, ծնո՛ւնդ։ Ազգություն չկա։ Կարեւոր չի, որ Համլետը դանիացի էր։ Ես իր դարդերը հասկանում եմ, դուք հասկանում եք, կարեւորը դա է»։ «Արվեստը պետք է անհանգստացնի մարդուն։ Էնպես անհանգստացնի, որ գնա տուն ու գոնե կես գիշեր չքնի։ Դա է մեծ արվեստը։ Մոցարտի «Փոքրիկ գիշերային սերենադն» ինչքան լսում եմ՝ հիշում եմ մեր թթի ծառը։ Իսկականն էդ է»։ «Կյանքը ցույց է տալիս, որ անկախությունը շատ բարդ բան է։ Ես դրան պատրաստ չեմ։ Իմ օրգանիզմը ես գիտեմ։ Գիտեմ, որ իմ սիրտը, թոքը, պլոճիկը էդ անկախությանը պատրաստ չեն։ Ես դաստիարակված եմ նենց, որ ինձ ասեն՝ էս կեր, էս խմի, էս խաղա, էս ասա։ Ու եթե ինձ անկախություն տան, ես կարող եմ հիմարություններ անել, ինձ կորցնել։ Չէ, վտանգավոր բան է անկախությունը։ Պետք է զգույշ լինել»։ «Կյանքի իմաստը ո՞րն է։ Պարզ չի՞։ Ապրե՛լն է։ Ուղղակի ապրելը»։

Ու նաեւ ապրեցնելը։ Կյանքի մեջ համ ու հոտ մտցնելը։ Ինչպես թատրոն եւ կինոարվեստ ուսումնասիրող ուսանողների կյանքի մեջ երեկ այդ համն ու հոտը Արմեն Ջիգարխանյանը մտցրեց՝ իր հարազատ ու ջերմ ներկայությամբ։ Իր մեծությամբ։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031