Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ ԵՆՔ…»

Մարտ 13,2001 00:00
edik bagdasaryan

«Եթե մենք բաց ենք թողել սպիդով վարակված արյուն, ուրեմն մենք բոլորս հանցագործներ ենք»,- այս նախադասությունը ասել է առողջապահության նախարարության Բուժօգնության կազմակերպման վարչության պետ Հ. Դարբինյանը դեռեւս փետրվարին կայացած խորհրդակցության ժամանակ:

Սակայն մինչեւ «Առավոտի» «Սպիդը դուրս եկավ խոցելի խմբերից» հրապարակումը, այս գերատեսչությունից միջադեպի մասին տեղեկություն ստանալն անհնար էր: Առողջապահության նախարարությունն այսօր արդեն չի ժխտում, որ դոնորական արյան միջոցով սպիդ է տարածվել, բայց նախարար Արարատ Մկրտչյանը շտապեց հայտարարել, որ դեպքն իր համար հրաժարական տալու առիթ չի կարող դառնալ. արյան փոխներարկումը աշխարհում սպիդի տարածման ուղիներից մեկն է:

Եվ որպեսզի առողջապահության նախարարը ցույց տա, որ այնուամենայնիվ անհանգստացած է այս իրավիճակով, հետին թվով՝ մարտի 2-ի N 119 հրամանով խիստ նկատողություն է հայտարարել Արյունաբանության կենտրոնի տնօրեն Արմեն Երեմյանցին: Հրամանով կարգադրել է նաեւ, որ պարոն Երեմյանցը «մեկշաբաթյա ժամկետում դեպքը դարձնելով հատուկ քննարկման առարկա, պետք է բացահայտի բոլոր մեղավորներին եւ կիրառի խիստ պատժամիջոցներ», այդ ամենի մասին զեկուցի նախարարին: Ա. Երեմյանցին նախարարի հրամանը հանձնել են ուղիղ մեկ շաբաթ անց` մարտի 9-ին, Արյունաբանության կենտրոնի աշխատողներից մեկի միջոցով: Հիշեցնենք, որ վարակված արյան տարածման դեպքը տեղի է ունեցել հունվարին:

«Դա սարսափելի դեպք է, ես ընդունում եմ այս նկատողությունը, այն դեռ քիչ է: Իմ մեղքով է, ես եմ ղեկավարը, չնայած ես ունեմ տեղակալներ արյան, բուժգծով: Բայց ամեն ինչի համար ես պետք է պատասխան տամ: Այս ամբողջ տարիների ընթացքում սա առաջին դեպքն է եւ ներելի դեպք չէ: Մենք սպիդով վարակված դոնորական արյուն ենք հանձնել հիվանդատիրոջը»,- ասաց Արյունաբանության կենտրոնի տնօրեն Արմեն Երեմյանցը: Խոսում էր ծանր, հուզված էր: Իսկ սխալը գործել է երեխային բուժող բժիշկը: Այդ բժիշկը փետրվարի 23-ին խիստ նկատողություն է ստացել: «Հայաստանում այսօր այն վիճակն է, երբ ֆինանսական դժվարություններից ելնելով սպիդը որոշելու համար ստիպված համեմատաբար էժան նյութեր ենք գնում: Այս իրավիճակի համար ես, որպես գլխավոր արյունաբան, միշտ ահազանգել եմ: Արյան հետ կապված վերջին լուրջ քննարկումները կայացել են 1999-ին, կայացվել են որոշումներ, ինչ-որ բաներ փոխվել են, մնացածը թղթի վրա են: Ես միշտ ահազանգել եմ, կարող եք գնալ եւ նախարարության կոլեգիայի նիստերի արձանագրություններին ծանոթանալ: Իսկ հիմա այս ամենի արդյունքում մեղավորը ես եմ, ուրեմն նշանակում է, ես էն ձեւով չեմ ասել, չեմ պնդել, չեմ կռվել, իմ ասածն առաջ տարել: Հակառակ դեպքում այս վիճակը չէր լինի: Բայց այս վիճակը մեկ օրում չի ստեղծվել, տարիների ընթացքում մենք եկանք-հասանք սրան»:

1999թ. կոլեգիան որոշում էր կայացրել բոլոր մարզերում ստեղծել արյան կայաններ: Այսօր միայն 5 մարզում կան կայաններ, որոնք հսկում են, հետազոտում են արյունը եւ հանձնում մարզի հիվանդանոցներին: Այդպիսի կայաններ չկան Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում: Հանրապետության գլխավոր արյունաբան Ա. Երեմյանցը պնդում է, որ դա շատ վտանգավոր է. «Վերջին տասը տարվա ընթացքում բավականին աճեց արյան խոտանի աստիճանը: Դրանք խոտանվում են արյան մեջ հակամարմինների առկայության դեպքում: Խոտանը կազմում է 12 տոկոս: Սարսափելի բան է: Ես շատ լավ հասկանում եմ դա, բայց պետք է հասկանան նաեւ իմ ղեկավարները, ես մենակ ոչ մի բան չեմ կարող անել, հնարավոր չէ պարզապես»: Իսկ գործող կայանները գտնվում են ծանր վիճակում, պետությունը բյուջեով նախատեսված գումարները չի հատկացնում.

«Երբ կառավարությունն ասում է, որ այսքան գումար կրճատում ենք, ես չեմ կարող ասել. գիտեք ինչ, գնացեք արյան կեսը ստուգեք, կեսը`ոչ, կամ նյութերը բերողին ասեք՝ թող կես գնով բերի: Ինչ ուզում է լինի՝ արյան համար միշտ պետք է գտնել գումարներ: Սա ազգային անվտանգության խնդիր է: Երբ ասում ենք՝ մեկ ամիս է արյունը չի հետազոտվում, դա չի նշանակում, որ այդպես ներարկվում է, մեզ մոտից ուղղակի արյուն չենք տալիս: Տեստ համակարգերը Հայաստան ներմուծում են երեք կազմակերպություններ, երկուսը վերջին տարվա ընթացքում դադարեցրին ներմուծումը: Առաքող ֆիրման 25 օր է՝ ուշացնում է դրանց ներկրումը, պատճառաբանելով, որ ինչ172որ խնդիրներ ունի մաքսային ծառայությունների հետ: Իսկ ավելի վաղ մատակարարողը հրաժարվում էր բերել, որովհետեւ մենք պարտքեր ունեինք, միշտ ուշացումով էինք տալիս գումարները: Վերջերս, երբ փող ստացանք, տվեցինք նրան»:

Պետությունը անցած տարվանից Արյունաբանության կենտրոնին պարտք է 70 մլն դրամ: Աշխատողներին վերջին անգամ վճարել են 2000 թ. փետրվարի աշխատավարձը: «Բյուջեից այս տարի ինչ տվել են՝ տվել ենք անցած տարի ձեռք բերած նյութերի պարտքերը փակելու համար»,- ավելացրեց Ա. Երեմյանցը: Դեռեւս 1999 թ. Առողջապահության նախարարության կոլեգիայում լսվեց Արյունաբանության կենտրոնի տնօրեն Ա. Երեմյանցի զեկույցը, որտեղ վերջինս ներկայացրել է հանրապետությունում արյան ծառայության եւ արյունաբանության վիճակը: Նշվել են այն խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն: Կոլեգիայի նյութերի մեջ կարդում ենք. «Որոշ տեղերում արյան որակի ստուգումը չի կատարվում ժամանակակից պահանջներին համապատասխան: Հաճախ բուժկանխարգելիչ հիմնարկներն ապահովված չեն արյան որակի ստուգման համար անհրաժեշտ միջոցներով»: Այս ամենը հաշվի առնելով՝ կոլեգիան որոշել է. «Ապահովել արյան որակի ստուգման համար անհրաժեշտ նյութերը եւ խստորեն արգելել չստուգված արյան ներարկումները, մեկամսյա ժամկետում առաջարկ ներկայացնել մարզերում արյան փոխներարկման կայանների ստեղծման վերաբերյալ»: 13 կետ ունեցող այս որոշման տակ ստորագրել է նախկին նախարար Հ.Նիկողոսյանը:

Շատ հավանական է, որ այսօրվա նախարարը չգիտի այդ որոշման մասին: Մենք պարզեցինք նաեւ, որ կառավարության նիստերից որեւէ մեկում առողջապահության նախարար Ա. Մկրտչյանը այս խնդիրը չի բարձրացրել, հետեւապես չի կարեւորել: Երեւի դա էլ հաշվի առնելով գլխավոր արյունաբանը 03.05.2000թ. N 01-20 գրությամբ նախարարին է ներկայացրել «ՀՀ արյան ծառայության աշխատանքների կարգավորման» ծրագիրը: Գլխավոր արյունաբանը իր նախարարին ներկայացնում է. «Որոշ ստորաբաժանումներ այդ հետազոտումներն իրականացնում են սարք չպահանջող, հետեւապես՝ ոչ ճշգրիտ մեթոդներով, ինչը կարող է նպաստել այդ հիվանդությունների՝ ժամանակին չհայտնաբերմանը, հետեւապես՝ վտանգի տակ է դրվում հիվանդի առողջությունը: Հաշվի առնելով, որ իրեն առողջ համարող բնակչության շուրջ 15 տոկոսի մոտ հայտնաբերվում են վերոհիշյալ հետազոտումների դրական արդյունքները, պարզ է դառնում, թե ինչ վտանգ է սպառնում Հայաստանի բնակչությանը` կատարվող հետազոտումների թերի լինելու պատճառով»: Բացի այդ, «արտակարգ իրավիճակի դեպքում ՀՀ արյան ծառայությունը այսօր ապահովված չէ անհրաժեշտ քանակի նյութերով՝ այդ իրավիճակում աշխատանքների կազմակերպման համար:

Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ արտակարգ իրավիճակների ժամանակ լրացուցիչ պահանջվում է միաժամանակ հավաքագրել ոչ պակաս, քան 10 հազար միավոր արյան բաղադրամասեր, դա նշանակում է, որ անհրաժեշտ է ստեղծել այդ արյան հավաքագրման համար նախատեսված պարկերի /5 հազար հատ/ եւ 5 հազար միավոր արյան ստուգման համար նյութերի համապատասխան պաշարները»: «Որոշ մարզերում արյան կենտրոնների բացակայության պատճառով հավաքագրված արյան որակը ստուգվում է միայն այն բուժհիմնարկներում, որտեղ տեղակայված է իմունոֆերմենտային սարքավորում: Մարզերի մյուս բուժհիմնարկներում հավաքագրված արյան որակը չի ստուգվում, եւ համապատասխան ցենտրիֆուգա չունենալու պատճառով հավաքագրված արյան մեծ մասը ներարկվում է առանց բաղադրամասերի բաժանելու»: Այնուհետեւ պարոն Երեմյանցը նշում է, թե ինչ պետք է արվի ըստ մարզերի, ոլորտների, նախարարությունների, տալիս խնդիրների լուծման ուղիները: Հատկապես ուշագրավ է առողջապահության նախարարին մեկ տարի առաջ ներկայացված այս ծրագրի վերջին պարբերությունը: «Ծրագրի խափանման դեպքում արյուն եւ նրա բաղադրամասեր ստացող հիվանդների 15 տոկոսին սպառնում է արյան միջոցով տարածվող այլ հիվանդություններով վարակվելու վտանգը: Դա կազմում է տարեկան 6000 հիվանդ»: Շուտով կլրանա ծրագիրը նախարարին ներկայացնելու մեկ տարին: Նշված ժամանակահատվածում այս ոլորտում ոչինչ չի փոխվել: Իսկ ու՞մ են ներարկել սպիդով վարակված արյունը 2001 թ. հունվարի 5-ին:

ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031