Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Մարտ 16,2001 00:00

ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ Հարցազրույց Ռազմավարական եւ միջազգային- իրավական հետազոտությունների Կենտրոնի ղեկավար Արմեն Զալինյանի հետ – Պրն Զալինյան, դուք՝ որպես միջազգային իրավունքի մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հետ կապված գոյություն ունեցող իրավիճակը, հաշվի առնելով վերջերս Փարիզում տեղի ունեցած Ռ. Քոչարյանի եւ Հ. Ալիեւի հանդիպումը՝ Ժ. Շիրակի մասնակցությամբ։ – Ես չեմ փորձի կռահել, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հետ կապված ինչ հարցերի մասին կարող էին խոսել Փարիզում երեք նախագահները։ Կարող եմ միայն ներկայացնել իմ մոտեցումը նախագահների կողմից մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունների վերաբերյալ։ Ալիեւը, մասնավորապես, եւս մեկ անգամ շեշտեց միջազգային իրավունքի տարածքային ամբողջականության սկզբունքով ղեկավարվելու անհրաժեշտությունը՝ որպես հիմնախնդրի լուծման հիմք։ Շիրակը, ընդհանուր առմամբ բարձր գնահատելով այս հանդիպումը, մասնավորապես շեշտեց, որ հիմնախնդրի հանգուցալուծման համար անհրաժեշտ է գտնել «արդար եւ կողմերի համար ընդունելի լուծում»։ Այս ձեւակերպման նյութականացման փորձը երբեք հաջողությամբ չի պսակվի, եթե չհիմնավորվեն արդար լուծման, ընդունելի լուծման չափանիշները։ Բազմաթիվ անգամ մենք լսում ենք այս ձեւակերպումը՝ «արդար եւ կողմերի համար ընդունելի լուծում», սակայն մինչ օրս դիմակայությունն ավարտված չէ։ Քանի դեռ չկա չափանիշների հստակություն, որոնց հիման վրա պետք է գնահատվի այս կամ այն լուծման, որոշման ընդունելի լինելը, կարծում եմ, չի կարելի վստահ լինել, որ մոտ ապագայում հնարավոր է հասնել որեւէ շոշափելի արդյունքների։ Եթե այդ չափանիշներն իրավական սկզբունքներն են՝ դա մի հարց է, եթե լոկ միայն քաղաքական շահերն են, նպատակները, դա լրիվ այլ հարց է՝ արժանի համապատասխան գնահատականի։ Մինչեւ որ բոլորի համար վերջնականապես ակներեւ չլինի, որ այս դիմակայությունը պետք է լուծվի միայն իրավական ճանապարհով, այլ ոչ թե հագուրդ տալով ինչ-ինչ քաղաքական շարժառիթների, անտեսելով իրավական փաստարկումը եւ առաջնորդվելով քաղաքական նպատակներով, այսօր գոյություն ունեցող լարված իրավիճակը կարող է դեռ երկար տեւել։ Դիմակայության ավարտին ուղղված բանակցային գործընթացը դեռ կշարունակվի, կփոխվի բանակցությունների բովանդակությունը եւ մենք միշտ կլսենք, որ բոլորն ուզում են գտնել կողմերի համար ընդունելի լուծում։ Մի խոսքով, միայն իրավական ճանապարհով լուծմանը հետամուտ լինելու պարագայում կարելի է այս դիմակայությունը լուծել մեկընդմիշտ։ – Դուք ասում եք, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն իրավական ճանապարհով, բայց ինչպե՞ս։ Չէ՞ որ հիմնական խոչընդոտը, ինչպես բազմիցս ասվել է, դա երկու՝ ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների միջեւ գոյություն ունեցող բախումն է։ – Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ տերությունների տարածքային ամբողջականության սկզբունքների միջեւ ոչ մի բախում չկա։ Ավելին, այս երկու սկզբունքները գտնվում են սերտ փոխկապակցվածության մեջ։ Այս հանգամանքը բխում է միջազգային-իրավական համապատասխան նորմերից, դրանց համադրումից։ Խոսելով այդ սկզբունքների բախման, միմյանց հակասելու մասին, կասկածի տակ է դրվում այն, որ միջազգային իրավունքը իրավական կարգավորման ամբողջական համակարգ է, ինչն անհերքելի է։ Միջազգային իրավունքի սկզբունքների ցանկացած բախում, եթե այդպիսին իրոք լիներ, կարող էր հանգեցնել այդ ամբողջականության փլուզմանը, վաղուց ի վեր հարցականի տակ դնելով ինքնին միջազգային իրավունքի գոյությունը, որի խնդիրն է համամարդկային եւ ազգային, պետական շահերի միջեւ հավասարակշռության ապահովումը։ – Որո՞նք են, ըստ Ձեզ, այս կոնֆլիկտի վերջնական լուծման ուղիները։ – Վերջնական լուծման ուղին կարող է լինել միայն մեկը՝ իրավականը։ Գոյություն ունեցող իրավիճակի լուծումը եւ իրավաբանական ձեւակերպումը՝ իրողությունների հաշվառմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ, արդեն բանակցությունների հարց է։ Ժամանակակից միջազգային իրավունքը հարուստ ներուժ ունի, որը հնարավորություն է տալիս գտնել տարբեր դրսեւորումների համապարփակ որոշումներ, լուծումներ։ Եվ, իհարկե, այդ ներուժը չի սահմանափակվում ԵԱՀԿ-ի հայտնի առաջարկներով։ Այնպես որ, պարզապես անհրաժեշտ է մտածել եւ գտնել լուծումներ՝ ղեկավարվելով միջազգային իրավունքով եւ նյութականացնելով հայկական կողմի միջազգային-իրավական ուժեղ դիրքերը։ – Պրն Զալինյան, իսկ ինչո՞ւմ է կայանում հայկական կողմի միջազգային-իրավական դիրքերի ուժը, դրանով պայմանավորված ի՞նչ կոնկրետ լուծումներ կարող են լինել։ – Ձեր հարցին հնարավոր չէ ամբողջական պատասխանել հարցազրույցի շրջանակներում։ Ասեմ միայն, որ հայկական կողմի միջազգային-իրավական դիրքերի ուժեղությունը պայմանավորված է հայկական կողմի բոլոր գործողությունների իրավաչափությամբ։ Իսկ լուծումների հետ կապված կան հարցեր, որոնց վերաբերյալ որոշակի մոտեցումների, տարբերակների բացահայտումը, հրապարակումը բանակցային գործընթացներից դուրս՝ նպատակահարմար չեմ համարում։ Դիվանագիտության մեջ կա մի չգրված կանոն. որեւէ խնդրի շուրջ բանակցությունների ընթացքում չի կարելի ժամանակից շուտ ցույց տալ, նշել հաղթաթղթերը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել