Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԱՄԻՆԵՐ ԵՆ՝ ԿԲԱՐԻՇԵ՞Ն

Մարտ 21,2001 00:00
Ara Ketikyan

«ԵԿՄ-ում տարաձայնություններ կան, բայց դրանք ավելին չեն, քան ցանկացած կազմակերպության ներսում» ասում է ԵԿՄ վարչության փոխնախագահ եւ ԱԺ պատգամավոր Արա Կետիկյանը։

«Շատ քաղաքական ուժեր եւ առանձին գործիչներ փորձում են «Երկրապահի» ներսում խոր տարաձայնություններ փնտրել եւ տեսնել ԵԿՄ-ի պառակտումը։ Իրականում եղած հակասությունները մակերեսային են եւ կրում են զուտ կազմակերպչական բնույթ։ Համոզված եմ, որ դրանք կհարթվեն ԵԿՄ վարչության առաջիկա նիստում»,- վստահեցրեց նա:

Նրա այս պնդումներն, ըստ էության, հերքում էին շրջանառվող այն տեղեկությունները, թե մի կողմից՝ ԵԿՄ Արարատի մարզային եւ Երեւանի քաղաքային կազմակերպությունների, մյուս կողմից՝ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի միջեւ լուրջ հակասություններ կան։ Այն, որ ԵԿՄ շարքային անդամների վերաբերմունքը վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի եւ ընդհանրապես կազմակերպության վերնախավի նկատմամբ որոշակի եւ բացասական փոփոխություն է կրել՝ ակնհայտ էր դեռ անցյալ տարի, երբ գեներալը ներիշխանական երկու թեւերի միջեւ սուր հակասությունների փուլում նշանակվեց ՊՆ փոխնախարար։ Ավելին, նույն 2000-ին ԵԿՄ Արարատի մարզային կառույցն էր մի կոշտ հայտարարություն ընդունել, ուր քննադատում էր սեփական կազմակերպությանը եւ հայտարարում ԵԿՄ-ն լքելու հնարավորության մասին։ Իսկ ընդամենը վերջերս արարատցի երկրապահներն իրենց անհամաձայնությունը հայտնեցին մարզային կառույցի նախագահ Գրիգոր Գրիգորյանին՝ վարչության անդամությունը սառեցնելու որոշման վերաբերյալ։ Նրանցից ոմանք կարծիք էին հայտնել, թե ԵԿՄ-ն Դաշնակցություն չէ, որտեղ որեւէ անդամի անդամակցությունը սառեցվի, կախակայվի եւ այլն։ ԵԿՄ վարչության նախագահի դեմ, ըստ էության, երկրորդ ճակատը բացեց Երեւանի քաղաքային կազմակերպությունը, որի նախագահ Հակոբ Հակոբյանի եւ նրա խնամի Մանվել Գրիգորյանի միջեւ ԵԿՄ վարչական շենքում աննախադեպ ընդհարում էր եղել։ Սրանք փաստեր են, որոնք ամենեւին էլ դրսի որեւէ ուժի կամ գործիչի երեւակայության արդյունք չեն։ Այլ խնդիր է, երբ Ա.Կետիկյանը պնդում է, թե դրանք որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ ԵԿՄ-ի պառակտման իմաստով։

Անդրադառնալով Արարատի մարզային կառույցի եւ ԵԿՄ ղեկավարության միջեւ եղած հակասություններին, Ա.Կետիկյանը հավաստիացրեց. «ԵԿՄ վարչությունը Արարատի մարզային կառույցի նախագահ Գրիգոր Գրիգորյանի դեմ որեւէ բան չունի՝ հաշվի առնելով նրա ավանդը ռազմական գործողությունների ժամանակ եւ ԵԿՄ-ի ձեւավորման հարցում։ Գ.Գրիգորյանը ԵԿՄ վարչության անդամ է եւ բացակայել է վարչության մի քանի նիստերից, որի պատճառով նրա անդամությունը սառեցվել է։ Բայց առաջիկա նիստում այդ հարցը կքննարկվի եւ մենք ուրախ կլինենք նրան կրկին տեսնել վարչության նիստերում։ Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքային բաժանմունքին, ապա սա զուտ կազմակերպչական խնդիր է, իսկ Հ.Հակոբյանի եւ Մ.Գրիգորյանի միջեւ տարաձայնությունները հենց հաջորդ օրը հարթվել են»։ Ա.Կետիկյանը հավաստիացնում էր նաեւ, թե ԵԿՄ-ն հնարավոր չէ պառակտել, քանի որ նրա անդամներն ընդհանուր գործ են արել ու միասին երկար ճանապարհ անցել։ «ԵԿՄ-ն հիմնված է երկիրը պահելու գաղափարի վրա եւ դա ավելի խորն է, քան որեւէ կուսակցության գաղափարախոսություն»։

Պարոն Կետիկյանին հիշեցրինք, որ դեռ 99-ի վերջերին եւ 2000-ի սկզբներին, երբ մամուլը գրում էր, թե նոր եւ այլընտրանքային երկրապահական կազմակերպություն է ստեղծվում՝ նկատի ունենալով ավելի ուշ, իրոք, ստեղծված ԱՎՄ-ին, ԵԿՄ վարչության անդամները դարձյալ պնդում էին, թե դա բացառվում է, թե երկրորդ նման կառույց լինել չի կարող, թե որեւէ երկրապահ դա չի անի, քանի որ երկրապահների գաղափարական ելակետը միեւնույն է։ «Ես երբեք լուրջ չեմ վերաբերել ԱՎՄ-ին,- ասում է Արա Կետիկյանը,- այս կազմակերպությունը, որ կոչված է միավորել ազատամարտի վետերաններին, իր շարքերը համալրել է ամենեւին էլ ոչ ազատամարտիկներով։ ԱՎՄ անդամ դառնում է՝ ով ցանկանում է՝ անկախ այն բանից, թե նա իրականում եղե՞լ է ազատամարտիկ, թե՞ ոչ։ Իհարկե, ԱՎՄ-ի ստեղծումը նախաձեռնել էր ԵԿՄ վարչության անդամ եւ պատերազմում, իրոք, լուրջ ներդրում ունեցած Արկադի Տեր-Թադեւոսյանը, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց եւ նա հասկացավ, որ սխալվել է։ Ինչ վերաբերում է ԵԿՄ-ին, ապա որեւէ այլ կառույց չի կարող ստանձնել այն դերը, որն ունի ԵԿՄ-ն՝ իբրեւ բանակի առաջին ռեզերվ»,- ասաց Ա.Կետիկյանը։

Այսուհանդերձ, հնարավո՞ր է, որ ԵԿՄ-ում վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին անվստահություն հայտնելու հարց առաջանա, առավել եւս, որ նման մտադրություն հայտնել է Արարատի մարզային կառույցը։ «Վարչության նախագահին կարող է փոխել միայն վարչությունը։ Բայց նման մտադրություններ չկան»,- վստահեցրեց ԵԿՄ վարչության փոխնախագահը։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031