Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նվիրումը՝ որպես ընծա

Մարտ 24,2001 00:00
Levon Sargsyan

«Խաչված անցյալիս ցավերին անթեղ՝

Գնում եմ գիրկը գալիք դարերի…»։

Գեղանկարիչ Լեւոն Սարգսյանը հեռացավ մեզանից՝ թողնելով հայրենի բնաշխարհի ու կյանքի պատկերների մի հրաշալի ծաղկաբույլ՝ իր նկարները եւ բանաստեղծությունների երկու ժողովածու, որոնցում սիրո փառաբանումն է, կյանքի գեղեցկությանը տրված մտորումների բարձրաձայնումը։ Մասնագիտությամբ դեղագործ, մարդկանց առողջության ազնիվ գործի նվիրյալ այդ մարդը անսաց նաեւ արվեստի ու գրականության հանդեպ ունեցած իր հակումներին եւ արդեն հասուն տարիքում տրվեց նկարչությանն ու պոեզիային։

«Մոլորակի վրա ամեն գեղեցիկ արեւից է, ամեն լավ բան՝ մարդուց»։ Լեւոն Սարգսյանի համար այս խոսքերը իր առավոտի «բարի լույսն» էին ու պատգամը ու նաեւ՝ այդ չափանիշով ապրելու ուղենիշ։ Նա հաճախ էր այդ խոսքերը կրկնում։ Կրկնում էր բարձրաձայն, երբ կյանքի գեղեցկության մասին մտքերն էր կիսում, կրկնում էր մտովի, երբ հայրենի բնաշխարհի մի գողտրիկ անկյունում առանձնանում էր՝ իր ներկապնակի, իր խոհերի, իր երեւակայության եւ Իռեն տիկնոջ միջոցով վերագտած իր մեծ սիրո հետ։

Նա գնաց՝ զարմանքն իր աչքերում ու մտքում, թե այս հրաշք կյանքը որքա՜ն ավելի հրաշալի կարող է դառնալ, եթե աստվածաշնչյան «սիրիր մերձավորիդ» պատգամը թագավորի ամենքի հոգում։ Մարդիկ սիրով լինեն միմյանց ու աշխարհի հանդեպ, քանզի «տիեզերքը՝ ի՞նչ, երբ սերը չկա»։

Այսպես ապրեց ու ստեղծագործեց Լեւոն Սարգսյանը, եւ իր այդ հավատամքը նրան պահեց նկարչի ու բանաստեղծի իր մաքուր կերպի մեջ։ Այդ հավատքով ու սիրով ստեղծվեցին նրա գեղանկարչական գործերը, որոնք քննություն բռնեցին աշխարհի տարբեր քաղաքների ցուցասրահներում, իրենց մնայուն անկյունն ունեցան պատկերասրահներում ու թանգարաններում։ Նույն հավատքով էլ համարձակվեց ներկայացնել բանաստեղծական իր աշխարհը՝ դույզն-ինչ կասկած չունենալով, թե մուտքի դռներն իր համար բաց պիտի տեսնի։

… Մարդը գնաց՝ իր նկարների ու բանաստեղծությունների, իր կյանքի ու սիրո վրա թողնելով բնաբանը, թե՝ «Մոլորակի վրա ամեն գեղեցիկ արեւից է, ամեն լավ բան՝ մարդուց»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031