Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են եղբայրասպանության մեջ մեղադրել

Մարտ 27,2001 00:00
dat

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում երեկ ավարտվեց ավելի քան 5 ամիս տեւած հերթական դատաքննությունը։ Այն առնչվում էր 1998թ. մարտի 14-ի ողբերգությանը՝ Արայիկ Մխիթարյանի սպանությանը, որի մեջ մեղադրվում էին Արծվիկ եւ Լեւիկ Ավետիսյան եղբայրները։ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը նրանց դատապարտել էր համապատասխանաբար 15 եւ 12 տարի ազատազրկման։ Վերաքննիչ բողոք բերելով՝ Ավետիսյանները գտնում էին, որ դատավճիռն անօրինական է։

Ա. Ավետիսյանը իրեն մեղավոր չճանաչեց, մեղավոր ճանաչեց, թերեւս, Ա. Մխիթարյանին «թեթեւ մարմնական վնասվածք» հասցնելու համար։ Նա ասաց, որ գործով ոչ մի իրեղեն ապացույց ձեռք չի բերվել, որ իրեն «պրեզիդենտն է դատում» (մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ Ավետիսյանը եղել է նախագահ Ռ. Քոչարյանի նախընտրական շտաբի անդամ եւ, հավանաբար, այս հանգամանքը նկատի ուներ ամբաստանյալը), որ իր մեղքը ապացուցված չէ։ «Սամվել Բաբայանին էլ շառ արեցին, ավելի քիչ տվեցին»,- ասում էր նա։ Ավետիսյանների պաշտպանը՝ Ա. Հոբոսյանը, իր պաշտպանական ճառում նրանց անպարտ ճանաչելու միջնորդություն արեց, այն դեպքում, երբ ամբաստանյալը իրեն գոնե մեղավոր ճանաչեց քրօրի 110 հոդվածով։ Նա դատարանին ներկայացրեց 365 ստորագրությունով (չնայած շփոթված ասաց, թե 295 ստորագրություն է) գրություն, մոտավորապես այն բովանդակությամբ, թե «Մեկ» կահույքի սրահի տնօրենին Ավետիսյանները չեն սպանել Քանաքեռի Կորեայի ձոր կոչված տարածքում (այդ դեպքում, եթե 395-ը գիտեին ով է սպանել, թող գային վկայություն տային)։

Տուժողների ներկայացուցիչ-փաստաբանները գտնում էին, որ գործով ձեռք են բերված բավարար ապացույցներ, պնդելու, որ Արծվիկը զինված խումբ է կազմել, իջեցրել իր հետ դեպքի վայր (հիշատակվեցին Ավետիսյանի սանիկ Սեւադա Հակոբյանի կնոջ՝ Ա. Բադիրյանի եւ Լեւիկի ցուցմունքները)։ «Ամբաստանյալների պատճառաբանությունը այն մասին, որ Մխիթարյանները եկել են 100 հոգով, 25-30 մեքենայով՝ անհիմն է, քանի որ Մխիթարյանները դեպքի վայր են եկել 3 մեքենայով, 7 հոգով, նույնիսկ ամբաստանյալների կողմնակից վկա Մհեր Վարդանյանը ցուցմունք է տվել, որ տուժողները 4-5 մեքենայով են եկել»,- ասում էին տուժողների փաստաբանները։

Նախաքննության ժամանակ Արմեն Մխիթարյանի (Արայիկի եղբայր) հետ առերեսման ժամանակ Արծվիկը պնդել էր, որ Լեւիկն է կրակել Արայիկի, Թաթուլի ուղղությամբ եւ բացի Արայիկից ու Լեւիկից, ուրիշ ոչ մեկի մոտ զենք չի տեսել։ Այս դատարանում փորձվեց… եղբայրասպանության մեջ մեղադրել Մխիթարյաններին։ Սակայն այդ դեպքում ինչո՞ւ դեպքից հետո փախուստի մեջ հայտնվեցին Ավետիսյանները (նրանց փախուստի մեջ գտնվելու պատճառով էր գործի վարույթը կասեցվել)… Դատավորներ Ս. Համբարձումյանը, Ա. Խաչատրյանը, Ռ. Ափինյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով հրապարակեցին դատավճիռը. Արծվիկը՝ 15, իսկ Լեւիկը 11 տարի ազատազրկման դատապարտվեց։ Վերջինիս պատժի 1 տարի իջեցնելը պայմանավորված էր որդու մահվան հանգամանքով։

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031