Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենալով անհրաժեշտ տեխնիկական բազա՝ մեծ ծավալով էլեկտրաէներգիայի արտադրման համար, Հայաստանը, օգտագո

Ապրիլ 10,2001 00:00

Ինչու են իշխանությունները մերժում ռուսական կողմին Ունենալով անհրաժեշտ տեխնիկական բազա՝ մեծ ծավալով էլեկտրաէներգիայի արտադրման համար, Հայաստանը, օգտագործելով ռուսական գազն ու ատոմային վառելիքը, կարող է ավելացնել դրանց արտահանումը երրորդ երկրներ։ Այս հարցում իրենց շահագրգռության մասին բազում անգամներ հայտարարել են «Իտերան», «Գազպրոմը» եւ ՌԴ ատոմային էներգետիկայի նախարարությունը։ Անցած տարվա ամռանը Ռուսաստանը բարձր մակարդակով առաջարկեց Երեւանին էներգետիկ համակարգում ստեղծել ռուս-հայկական համատեղ ձեռնարկություն։ Ենթադրվում էր, որ ՀՁ-ում հայկական կողմն՝ իբրեւ հիմնադիր կապիտալ, ռուսական կողմին կտրամադրի ԱԷԿ-ի եւ Հրազդանի ՊՇԷԿ-ի բաժնետոմսերի 50 տոկոսը, իսկ հայկական կողմից՝ իբրեւ ներդրվող ակտիվներ, նախատեսվում էր չեղյալ համարել Ռուսաստանին ունեցած Հայաստանի պետական պարտքի համապատասխան բաժինը, որի մայր գումարը կազմում է 120 մլն դոլար։ Միաժամանակ նախատեսվում էր էականորեն նվազեցնել ռուսաստանից ներկրվող էներգակիրների գինը, որի շնորհիվ 1 ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը 25 դրամի փոխարեն կռառնար 15 դրամ։ ՀՀ-ի ղեկավարությունը չի համաձայնում այս առաջարկին՝ վկայակոչելով Եվրամիությունը, որն, իբր, կարող է այդ դեպքում դադարեցնել Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնությունը։ Պաշտոնական Երեւանի մյուս փաստարկը միջազգային ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ ստանձնած նրա պարտավորությունն է։ Հավանաբար, այդ է պատճառը, որ առանց հիմնավոր պատճառաբանությունների, ԲԷՑ-երի աճուրդի հենց սկզբում չթույլատրվեց դրան մասնակցել ռուսական «ԵԷՍ Ռուսաստան», «Ռոսէներգոատոմ» եւ «Իտերա» ձեռնարկություններին՝ տեղ տալով ամերիկյան AES-ին։ Ընդ որում, եթե ռուսական ընկերություններից պահանջվում էր բաշխիչ ցանցերը գնել 160-200 մլն դոլարով, ապա ամերիկացիներին հայերը պատրաստ են ԲԷՑ-երը զիջել ընդամենը 16-18 մլն դոլարով։ Յուրաքանչյուր ամսվա վերջին գազի եւ էլեկտրաէներգիայի «ավելցուկի» ծածկման համար ամբողջ էներգահամակարգում տեղի են ունենում հաշվիչների շղթայական եւ համակարգված հավելագրումներ. գազ-էլեկտրաէներգիա-բաշխում-սպառում, որը տեղի է ունենում, ի դեպ, ՀՀ Էներգետիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող Էներգոպետհսկողության ակտիվ մասնակցությամբ։ Ձախ էլեկտրաէներգիայի իրացումից ստացված ավարը տարբեր խորամանկություններով հանվում են էներգահամակարգը սպասարկող բանկերի հաշվեհամարներից։ Էլեկտրաէներգիայի բարձր սակագինը, որ փաթաթված է բնակչության վզին եւ, որը սահմանում է ՀՀ էներգետիկ «անկախ» հանձնաժողովը, անկասկած, ձեռնտու է համակարգի ստվերային տերերին. որքան բարձր լինի 1 ԿՎտ/ժ-ի սակագինը, այնքան բարձր կլինի ստվերային գումարի բացարձակ մեծությունը։ Բարձր սակագինը ձեռնտու է նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպություններին, քանի որ երբ նրանք դառնան ԲԷՑ-երի սեփականատերեր, դրանց արտադրանքը մեխանիկորեն կունենա չարդարացված բարձր սակագին։ Այստեղ համընկնում են էներգետիկ համակարգում ստվերային գործունեություն ծավալողների եւ ԲԷՑ-երի տերերի հավանական հավակնորդների շահերը։ Իսկ Հայաստանն այսօր կանգնած է լուրջ ընտրության առջեւ. տնտեսությունը վերականգնելու հնարավորություն, կամ «բանանային հանրապետության» տխուր հեռանկար, որի դեպքում բնակչությանն անգամ բանանը հասու չի լինի։ ՆԻԿՈԼԱՅ ՊՈԼՅԱՆՍԿԻ «Նեզավիսիմայա գազետա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել