Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիքի» գումարած վերջին երկու համագումարները այդ կուսակցության համար առանձնակի ն

Դեկտեմբեր 15,2001 00:00

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԴԱՌՆԱ՞ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԽԹԱՆ «Ժողովրդավարական Հայրենիքի» գումարած վերջին երկու համագումարները այդ կուսակցության համար առանձնակի նշանակություն են ստանում: Ու եթե նախորդ համագումարում կուսակցությունը ստիպված էր հաղթահարել ներկուսակցական որոշակի հիմնախնդիրներ եւ անցնել պառակտման անցանկալի փուլ, ապա երեկ «Ժողովրդավարական Հայրենիքի»՝ թվով երրորդ, համագումարը ամենահարմար առիթը դարձավ Հայաստանի ներքաղաքական դաշտում ազատական գաղափարախոսություն դավանող որոշակի ուժերի համախմբման անհրաժեշտության մասին խոսակցություն բացելու համար: Որ ժամանակին ՀՀՇ-ից տարանջատված ու երբեմն գաճաճ կուսակցությունների վերածված բեկորները մի օր ստիպված են լինելու կրկին համախմբվել, կանխատեսվում էր դեռ 98-ից: Աջ ուժերի համախմբման շուրջ խոսակցությունները վաղուց արդեն չէին զարմացնում հասարակությանը, բայց երեկ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության համագումարում ազատական դաշտում գործող մի քանի քաղաքական գործիչներ հայտարարեցին այդ գաղափարախոսության կրողների՝ առաջիկայում միավորման հնարավորության մասին՝ փորձելով փաստարկել դրա անհրաժեշտությունը: Այդ մասին հիմնականում խոսեցին մասնավորապես՝ «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանն ու ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը: «Հասարակության տարբեր շերտերում տեղի են ունենում լուրջ խմորումներ, որոնք վկայում են՝ մարդիկ չեն ցանկանում հարմարվել ստեղծված պայմաններին: Այդ պրոցեսներն առայժմ տարերային բնույթ են կրում: 2002թ.-ն համարվում է նախընտրական տարի, եւ մենք թեւակոխում ենք ընտրությունների մի բարդ շրջան եւ, այդ պայմաններում, իմ կարծիքով, անհրաժեշտ է նոր քաղաքական ուժի ձեւավորումը, որը կունենա բոլոր հնարավորությունները՝ տեղական ինքնակառավարման, խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Նոր ձեւավորվելիք քաղաքական այդ ուժը, ըստ էության, լուծելու է մեկ խնդիր՝ համակարգել եւ ձեւակերպել հասարակության մեջ դոմինանտ տրամադրությունները եւ դրանք, ընտրությունների ժամանակ՝ որպես լիբերալ-դեմոկրատական այլընտրանք, առաջադրել ընտրողին: Ես պայմանական եմ մոտենում 95-ին ՀՀՇ-ի, նրանից պոկված կուսակցությունների գոյությանը: Այսօր օրակարգում դրված է դրանց՝ մեկ քաղաքական ուժ դառնալու խնդիրը: Պետք է, որ Երրորդ Հանրապետության ստեղծման պատասխանատուները հստակ աշխատեն միավորման եւ նոր քաղաքական ուժի ձեւավորման շուրջ: Որքան արագ լինի՝ այնքան լավ: Այդպիսի աշխատանքներ տարբեր մակարդակներով տեղի են ունենում, եւ լավ կլինի, եթե այս համագումարը նաեւ կարծիք հայտնի եւ դիրքորոշում ձեւակերպի նաեւ այս խնդրի շուրջ»,- իր ելույթում ասաց Ա.Բլեյանը: ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանն էլ նկատեց, թե Աջ ուժերը համակիրներ են հասարակության կայացման եւ պետականության զարգացման խոչընդոտների դեմ պայքարի հարցում եւ այդ իմաստով պետք է փնտրեն համատեղ գործողությունների դաշտ: «Իշխանությունը բռնազավթված է, եւ այն բոլոր գործողությունները, որոնք միտված են օրինական իշխանության ձեւավորմանը, պետք է մեզ միավորեն: Հայաստանում իշխանությունը, բացի այն, որ հիմար է, նաեւ՝ գնալով լկտիանում է: Իսկ այդ իշխանության գործողությունները շատ թանկ գնով են վերադարձվելու եւ, որպեսզի նման պրոբլեմ չլինի, մենք պետք է մտածենք օր առաջ այս իշխանությունից ազատվելու մասին: Եվ այդ հարցում քաղաքական որեւէ պատճառաբանություն առիթ չպետք է լինի չհամախմբվելու համար: Պետք է միասնական դաշինք ձեւավորվի՝ Հայաստանը Քոչարյանի ռեժիմից ազատելու համար: Այդ իմաստով համամիտ եմ, որ լիբերալ ուժերը պետք է քարը փեշներից ցած գցեն ու միավորվեն: Չի կարող մերի նման երկրում 7 լիբերալ կուսակցություն գործել: Մենք պետք է միավորվենք եւ հանդես գանք որպես մեծ քաղաքական առանցք: Դա ուշ թե շուտ տեղի է ունենալու, համոզված եմ, որովհետեւ դրա հասարակական պահանջը կա»,- հայտարարեց պարոն Խաչատրյանը: Մեր զրույցի ժամանակ՝ անդրադառնալով Աջերի միավորման հիշյալ կոչերին, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության արդեն նորընտիր նախագահ Պ.Մակեյանն ասաց. «Մենք բանակցում ենք գաղափարական միեւնույն դաշտում գտնվող ուժերի հետ հնարավոր միավորման հարցը: Եթե հնարավոր լինի միավորել ողջ ազատական դաշտը՝ հրաշք կլինի եւ դա լավագույն տարբերակն է, ըստ իս: Բայց որքան ես եմ տեսնում՝ դատելով ընթացող բանակցություններից, դա առայժմ չի ստացվում: Մեր կուսակցությունը միավորման դեմ լուրջ խնդիր չունի, բայց թե մյուս ուժերին ինչն է առայժմ խանգարում դա անել՝ չեմ կարող ասել: Մենք տրամադրված ենք եւ, կարծում եմ, հանուն գործի կարելի է նաեւ սեփական հավակնությունները զոհել: Անձամբ ես որեւէ խնդիր չունեմ, պարզապես պետք է քննարկել, թե դա, ի վերջո, ինչ էֆեկտ կունենա: Կարծում եմ՝ մինչեւ մարտ ամիսը այդ հարցը կհստակեցվի»: Սակայն այսօր արդեն հայտնի է, որ միավորման մասին որոշակի պայմանավորվածություններ ունեն մասնավորապես ԼԴԿ, «Նոր ուղի», «21-րդ դար» կուսակցությունները: Մյուսները, ըստ մեր տեղեկությունների, դեռ մտածում են: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել