Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ն ԷԼ ՉԼԻՆԻ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է»

Ապրիլ 02,2002 00:00

«Ա1+»-Ն ԷԼ ՉԼԻՆԻ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է» Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն այսօր կհրապարակի թիվ 35 եւ 37 կապուղիների համար մրցույթի արդյունքները։ Մինչ այդ, ըստ որոշ լուրերի՝ հանձնաժողովը շաբաթ օրն արդեն «փորձնական նիստ» է անցկացրել եւ 37-րդ կապուղու հարցերը վճռել ոչ հօգուտ «Ա1+»-ի։ Այս լուրերի հավաստիությունն այսօր արդեն կճշտվի։ Մինչ այդ փորձենք խորհրդարանական որոշ ուժերի կարծիքները շոշափել։ Հենց սկզբից ասենք, որ բոլոր զրուցակիցները միակարծիք էին՝ «Ա1+»-ը չի կարելի փակել, այս հեռուստաընկերությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ է մեր հասարակությանը։ Պատգամավոր Արմեն Մխիթարյանը նույնիսկ առողջապահական անհրաժեշտություն համարեց «Ա1+»-ի պահպանումը. «Եթե «Ա1+»-ը փակվի, հանրապետությունում ինֆարկտ ստացողների թիվը կկրկնապատկվի, քանի որ այս հեռուստաընկերությունը լիցքաթափում է շատ մարդկանց։ Եթե «Այբ-Ֆե» լրատվականը չլինի՝ ինֆարկտների թիվը կշատանա»։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գտնում է, որ «Ա1+»-ը փակելը նպատակահարմար չէ. «Ես կարծում եմ, որ հեռուստաընկերությունների ընդհանուր գործառույթներում «Ա1+»-ն իր տեղն ունի, իր ձեռագիրն ունի։ Խոսք է գնում, թե իբր ընդդիմադիր հեռուստաընկերություն է, ես չեմ կարծում, որ ընդդիմադիր է։ Հնարավոր է, լուրերի բնագավառում սուր բեկումներ լինեն, իշխանությունների, նախագահի եւ նախագահական ինստիտուտների դեմ, սա բնական եմ համարում։ «Ա1+»-ն էլ չլինի, միեւնույն է, ընդդիմություն լինելու է։ Ես սա համարում եմ պետության զարգացման կարեւորագույն գործոններից մեկը»։ Արտահայտելով անձամբ իր, հետո՝ ամբողջ «Միասնություն» խմբակցության եւ ամբողջ ԱԺ-ի կարծիքը, Գալուստ Սահակյանն ասաց. «Ինձ համար շատ ցավալի կլինի, եթե հեռուստաընկերությունը չգործի։ Տեսնենք, երեւույթներն ինչպես կընթանան»։ Խմբակցության ղեկավարը հույս հայտնեց, որ նույնիսկ այս հարցազրույցը «կնպաստի», որպեսզի հանձնաժողովն ավելի օբյեկտիվ եւ ավելի թափանցիկ մրցույթ անցկացնի, որպեսզի մտահոգիչ հետքեր չմնան»։ Նույն խմբակցությունից Արմեն Մխիթարյանն ասաց, որ «Ա1+»-ը եղել է հեռուստատեսության դեմոկրատիայի առաջին հիմնահարցերից մեկը Հայաստանում եւ վերջին 10 տարում մեծ ավանդ ունեցավ մեր դեմոկրատական ինստիտուտների կայացման մեջ։ Ես Մելսին ճանաչում եմ վաղուց, մոտ 20 տարի միասին աշխատել ենք հեռուստատեսությունում։ Նա Հայաստանում իրոք պրոֆեսիոնալ հեռուստամասնագետներից է։ Կափսոսամ, որ այդ ալիքը փակվի կամ չլինի։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր անկախ պետությունում դեմոկրատական ինստիտուտները կայունանան»։ Արմեն Մխիթարյանը «Շարմ»-ին խորհուրդ տվեց, որ երգիծական հաղորդումների հետ մրցակցության մեջ մտնի եւ ոչ թե «Ա1+»-ի։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը միանշանակ հայտարարեց. «Եթե ես լինեի հանձնաժողովի անդամ, կքվեարկեի հօգուտ «Ա1+»-ի։ «Ա1+»-ը գործող հեռուստաընկերություն է, ունի կայացած հաղորդումներ, նկատի ունեմ «Այբ-Ֆեն», Արամ Աբրահամյանի հաղորդումը, մեկ-երկու մարզական հաղորդումներ։ Բայց, միաժամանակ, հաղորդումների որոշակի թիվ կա «Ա1+»-ում, որոնք ակնհայտորեն քաղաքական անպարկեշտ պատվեր են կատարում եւ ծայրահեղացրած պատկերներ, օբյեկտիվորեն եւ պատկերը արտացոլելու իմաստով։ Եվ այս քաղաքական պատկերը գալիս է այն շրջանակներից, որոնք իրենց իշխանության օրերին ամենավատ վերաբերմունքն են ունեցել ազատ մամուլի հանդեպ. ե՛ւ հաղորդումներ են փակել, ե՛ւ տասնյակ թերթեր են փակել, ե՛ւ լրագրողների հետ հաշվեհարդարներ են տեսել։ Եվ այս քաղաքական անպարկեշտ եւ լկտի պատվերի արդյունքում է նաեւ, որ, ցավոք, չթողեցին, որ լիարժեք կայանար այդ անկախ հեռուստատեսությունը»։ ՀՅԴ խմբակցության անդամ, գրող Ալվարդ Պետրոսյանը որպես «փորձությունը տարած մարդ», չի կարող կողմ լինել որեւէ լրատվամիջոցի փակմանը. «Ինչ վերաբերում է կոնկրետ «Ա1+»-ին, որոշ հարցեր կան, որոնց ես համաձայն չեմ, բայց «Այբ-Ֆեն» եւ «Հետգրությունը» ես համարում եմ շատ կայացած, շատ լուրջ ներկայություն մեր այսօրվա կյանքում, եւ ես շատ կափսոսեմ, եթե դրանք չլինեն մեր եթերում, շատ կցավեմ, եթե ամեն օր չնայեմ այդ հաղորդումները։ Ես չգիտեմ, կարող է «Շարմ»-ը կամ «Դոֆինն» ավելի տաղանդավոր են, բայց թող նրանց ուրիշ հնարավորություն ընձեռվի, բայց ոչ կայացած հեռուստաընկերության հաշվին»։ ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, թե կուզեր, որ մրցույթն անաչառ լինի. «Հուսով եմ, որ «Ա1+»-ն իր բիզնես-ծրագիրը շատ որակով է ներկայացրել, եւ հուսով եմ, որ հանձնաժողովի անդամները կկայացնեն պրոֆեսիոնալ, ճիշտ որոշում»։ Հովհ. Հովհաննիսյանը՝ որպես քաղաքացի կարծում է, որ «Ա1+»-ը լուրջ, արժեքավոր տեղ է գրավել մեր հեռուստաշուկայում եւ կարծում եմ, լավ կլինի, որ նա իր բնականոն գործունեությունը շարունակելու հնարավորություն ունենա, նաեւ հաջողություն եմ ցանկանում «Ա1+»-ին, որ հաղթի մրցույթում»։ Հովհ. Հովհաննիսյանը հարկ համարեց ասել, որ ինքը շատ հավանում է Մեսրոպ Մովսիսյանին. «շատ համակրելի մարդ է»։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ինչպես գիտեք, չի սիրում գուշակություններով զբաղվել եւ խորհուրդ տվեց սպասել հանձնաժողովի որոշմանը, եւ կարծում է՝ «երկուստեք անհարկի լարվածության շրջանն անցավ, այժմ պետք է սպասել արդյունքներին եւ դրանից հետո մեկնաբանել արդյունքները։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին՝ «Ա1+»-ը պե՞տք է, թե՞ պետք չէ, կարծում եմ, ցանկացած խնդրի լուծման ժամանակ, երբ կան մի շարք թեկնածուներ, պետք է անպայման հաշվի առնվի նաեւ փորձառությունը։ «Ա1+»-ը ակնհայտորեն փորձառություն ունի, այլ բան է, թե որոշ մոտեցումներ տարբեր մարդիկ, այդ թվում նաեւ՝ ես, ընդունելի՞ եմ համարում, թե՞ ոչ։ Սա այլ խնդիր է, բայց, ակնհայտորեն «Ա1+»- մյուս թեկնածուների համեմատ փորձառություն ունի»։ Հանձնաժողովը վճիռն արդեն կայացրել է, եւ եթե այդ վճիռը «Ա1+»-ի օգտին չէ, ուրեմն վերոհիշյալ կարծիքները հաշվի առնելով, նաեւ՝ հասարակական պահանջը, միանշանակ կարելի է պնդել, որ հանձնաժողովն արդար վճիռ չի կայացրել եւ պատվեր է կատարել։ Կամ՝ հակառակը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել