Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՂՋ ՊՐՈԲԼԵՄԸ ՓՈՂԻ ՄԵՋ Է»

Մայիս 01,2002 00:00

«ՈՂՋ ՊՐՈԲԼԵՄԸ ՓՈՂԻ ՄԵՋ Է» ԳԱԱ տարեկան հաշվետու ժողովին ամբիոնից հայտարարեց ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը, պնդելով, թե «եթե փող չկա, մնացած խոսակցությունն իզուր է»։ Մյուսների ելույթներն էլ այս ոգով էին. գիտնականները, ինչպես միշտ, բողոքեցին պետության անտարբերությունից եւ, կենտրոնանալով միայն ֆինանսավորման վրա, մոռացան, որ հաշվետու ժողովը ենթադրում է արածի ու չարածի ներկայացում։ Ավելին, գիտնականները ժողովի երկրորդ մասում հրաժարվեցին ելույթ ունենալ, երբ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդմիջումից հետո հեռացան։ Վերջինից գիտնականները ակնկալում էին, որ ակադեմիային փող կտար։ Գիտնականները վիրավորվեցին, թե՝ իրենք իրենց պրոբլեմները լավ գիտեն, եւ ցանկանում էին կառավարության անդամներին դրանց մասին պատմել։ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանն էլ իր հերթին նեղացավ, որ գիտնականները կասկածում են, թե ինքը գիտնականների խնդիրները ՀՀ կառավարությունում տեղը տեղին չի ներկայացնում։ Համ էլ նկատեց, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ժողովի սկզբից ներկա է ու չի հեռացել։ Ի պատասխան, ակադեմիկոս Կոստանդին Ղարագյոզյանն էլ Ֆադեյ Տաճատիչին հուսադրեց, թե չեն կասկածում, որ ԳԱԱ նախագահը պայքարում է իրենց իրավունքների համար, եւ արդարացավ, թե պահանջելով ՀՀ կառավարության ներկայությունը, ուզում էր Ֆ. Սարգսյանի ուսերի վրա դրված բեռը թեթեւացնել։ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին էլ բարի խոսքեր ասաց, որ հիշում է, թե ինչ հոգատար էր նա գիտության հանդեպ՝ դեռեւս նախորդ շրջանում նախարար եղած ժամանակ, ու անմիջապես հավելեց, թե կոմպլիմենտ չի անում։ Ակադեմիկոսի այս խոսքերին արձագանքեց Ֆադեյ Տաճատիչը. «Ա՛յ, ապրես»՝ ակնհայտորեն գովեստի ելույթներն ավելի մեծ հաճույքով ընդունելով, քան՝ քննադատականները։ Մի պահ էլ Ֆադեյ Տաճատիչը բորբոքվեց, երբ ԳԱԱ-ի առջեւ բողոքի ցուցանակներով հավաքված «Գալակտիկայի» աշխատակիցների հետ էր զրուցում։ Զրույցը կամաց-կամաց վերաճեց բորբոքված վեճի, եւ Ֆադեյ Տաճատիչը «Գալակտիկայի» աշխատակիցներին սաստեց, որ գոնե իրեն իրավունք չունեն որեւէ հարցում մեղադրել, քանի որ իրենից շատ ոչ ոք այս երկրի համար չի արել։ Սակայն գոնե անցյալ տարվա ԳԱԱ-ի արածի մասին պատկերացում չկարողացանք կազմել, քանի որ հաշվետու ժողովին «Առավոտը» հրավիրված չէր եւ, ուշացած ներկայանալով, ԳԱԱ նախագահի եւ կառավարության անդամների ելույթները բաց թողեցինք։ Միայն ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ելույթին հասանք։ Նախարարը կարեւորեց պետության համար մեր գիտության հիմնական զարգացման ուղղությունները որոշելը։ Ավելի ուշ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը նկատեց, որ արդեն քանի տարի խոսում ենք Հայաստանի գիտության գերակա ուղղությունները որոշելու անհրաժեշտությունից ու չենք որոշում։ Նաեւ նեղացավ (ընդհանրապես նեղացածի կեցվածքը գերիշխող էր այս ժողովում), թե «պետությունը թող տղամարդավարի ասի, որ չի կարող փող տալ գիտությանը ու մեզ ասի՝ գնացեք, որտեղից ուզում եք փող ճարեք, մենք էլ կճարենք»։ Պետությունն արդեն տասը տարուց ավելի այս բանն ասում է՝ գիտության հանդեպ իր վերաբերմունքով, սակայն գիտնականներն ամենեւին էլ չեն գնում ու փող ճարում, այլ սովետական տարիների սովորույթի ուժով, երբ իրենք նստած՝ պետությունը փողը հասցնում էր, անընդհատ պահանջում են, որ փող տան։ Բայց նոր ժամանակի պահանջներին չեն հարմարվում ու մոռանում, որ ողջ աշխարհում գիտությունը լավ վաճառվող եւ շահութաբեր ապրանք է։ Ֆինանսավորման պրոբլեմի հետ կապված ԿԳ նախարարը նկատեց. «Ես խորապես համոզված եմ, որ այս կառավարման պայմաններում դրամական միջոցների նույնիսկ մեկ-երկու անգամ ավելացումը խնդիրը չի կարող լուծել, որովհետեւ դանայան տակառի իրավիճակում ենք։ Միայն ԾծՁՃ-ի (Միջազգային գիտատեխնիկական կենտրոն- Ն. Հ.) գրանտների միջոցով առայսօր ՀՀ-ում մեր գիտնականները ձեռք են բերել 14 մլն 131 հազար դոլար, որից ԳԱԱ-ն՝ 3 մլն 882 հազար»։ Գիտնականներին ոգեւորեց ԿԳ նախարարի հայտնած այն լուրը, որ ինստիտուտների ֆինանսավորումը այսուհետեւ ուղղակիորեն կարվի, ոչ թե ԳԱԱ նախագահությամբ միջնորդավորված, այսինքն՝ ինստիտուտները իրավաբանական անձի կարգավիճակ, հետեւաբար՝ լիակատար ֆինանսական ինքնավարություն կստանան։ Համաձայնելով ԳԱԱ նախագահի այն գնահատականին, որ գիտությունը չպետք է հանձնել չինովնիկներին, ԿԳ նախարարը նկատեց. «Գիտությունը չի կարելի հանձնել չինովնիկներին, այդ թվում նաեւ՝ ակադեմիական չինովնիկներին։ Բոլոր ոլորտներում չինովնիկությունը՝ իր վատ իմաստով, շատ արագ ձեւավորվում է, եթե կոլեկտիվները չեն կարողանում տեր կանգնել իրենց իրավունքներին»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել