Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ»

Հունիս 06,2002 00:00 Share

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ» Իշխանության խոսնակները վրդովվում են, երբ ընտրովի պատժված Սաղաթելյանին քաղբանտարկյալ են անվանում, բայց ծպտուն իսկ չհանեցին, երբ «Էմնիսթի ինթերնեյշնըլը» ճանաչեց քաղբանտարկյալ… Նաիրի Հունանյանին։ Նրանք աչք են փակում, որ «Պապլավոկում» մարդ սպանած նախագահի թիկնապահն ազատորեն շրջում է Երեւանում՝ իր նոր գնած «Մերսեդեսով», բայց ողջունում են մարդ ծեծելու համար Մուշեղ Սաղաթելյանին 7 տարով ազատազրկելը։ Թերեւս հարկ չկա պարզաբանելու, որ այս դեպքերից յուրաքանչյուրում վճռորոշն այն է, թե տվյալ անձին ինչպես են վերաբերվում նախագահի նստավայրում։ Եվ Նաիրի Հունանյանի արարքում էլ «Էմնիսթի ինթերնեյշնըլը» «քաղաքական տարրեր» է գտել, իրազեկների պնդմամբ՝ ոչ առանց նախագահի աշխատակազմի մի («27»-ի գործի ելքով խիստ շահագրգիռ) բարձրաստիճան պաշտոնյայի միջամտության, որը գործը գլուխ է բերել Կարմիր խաչի միջոցով: Նաեւ նշենք, որ «Էմնիսթիի» զեկույցում «27»-ի գործի առնչությամբ գրեթե բոլոր հղումները վերաբերում են նախագահ Քոչարյանին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովին։ Եվ ահա «Էմնիսթի ինթերնեյշնըլ»-ի Եվրոպայի գծով տնօրենի պաշտոնակատար Նիկոլա Դաքուորթը հայտարարում է «Ազատություն» ռ/կ-ին, որ Նաիրի Հունանյանն ու իր հանցակիցները համապատասխանում են «Էմնիսթիի» «քաղաքական բանտարկյալներ» սահմանմանը, քանի որ գործում առկա են քաղաքական տարրեր. «Մենք կարծում ենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը տեղավորվում է քաղաքական բանտարկյալների մեր սահմանման շրջանակներում, քանի որ որոշակի քաղաքական ձգտումներ կային նրանց կատարած հանցագործության պատճառների ետեւում»։ Ուղիղ մեկ շաբաթ սպասեցինք, թե արդյոք Հայաստանի որեւէ կուսակցություն, կազմակերպություն կամ գործիչ կարձագանքի՞ այս հայտարարությանը։ Բայց «Հոկտեմբերի 27»-ի նախկին ու ներկա պահանջատերերը լռում էին։ Ուստի ստիպված էինք ինքներս հայցել նրանց մեկնաբանությունները։ Տիգրան Թորոսյան, ԱԺ եւ ՀՀԿ խորհրդի փոխնախագահ. «Ինձ համար հետաքրքիր կլիներ, որ այս իրողությունը մեկնաբանեին նրանք, ովքեր «Էմնիսթի ինթերնեյշնըլի» վրա հենվելով՝ տարբեր խնդիրների առնչությամբ լուրջ հարցադրումներ են անում Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ։ Շատ հետաքրքիր կլիներ լսել նրանց պատասխանը։ Իսկ ես այս կազմակերպությանը լուրջ չեմ համարում։ Միջազգային հասարակական կազմակերպություն է, եւ չեմ ուզում համաձայնել, թե այն հեղինակավոր է։ Իհարկե, այն կարող է հայտնել իր կարծիքը, բայց այն պարտադիր չէ որեւէ մեկի համար»։ Ստեփան Զաքարյան, ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր. «Ընդհանրապես, Բեն Լադենն էլ քաղաքական ձգտումներ եւ նպատակներ ուներ։ Ուրեմն ի՞նչ, եթե ԱՄՆ նախագահը փորձում է ոչնչացնել Բեն Լադենին՝ հանցագործությո՞ւն է գործում «քաղբանտարկյալի» հանդեպ։ Եթե Բեն Լադենին կարելի է արդարացնել, համարելով, որ նրա հանցագործության պատճառների մեջ առկա են քաղաքական տարրեր, ուրեմն, կարելի է արդարացնել նաեւ Նաիրի Հունանյանին։ Իրենք չունեն նման հարցերի պատասխանները, բայց դասեր են տալիս մեզ։ Օրերս էլ Հայաստանում Իտալիայի դեսպանն էր դաս տալիս մեզ՝ եթե քրիստոնյա են, խաչ են հանում՝ թող մտածեն։ Կուզեի հիշեցնել կաթոլիկ եկեղեցու վերջին խայտառակ դեպքերն ԱՄՆ-ում, որի հետեւանքով 100 ծառայող կանգնած են դատարանի առջեւ՝ հայտնի պատճառներով՝ երեխաների հանդեպ սեռական բռնությունների։ Թող մտածեն սեփական բարոյական նկարագրի մասին եւ ոչ թե մեզ ինչ-որ դասեր տալու»։ Արմեն Ռուստամյան, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ. «Կարծում եմ, «Էմնիսթի ինթերնեյշնըլը» նախ շատ սխալ չափանիշներով է առաջնորդվել քաղբանտարկյալ ճանաչելու համար։ Քաղբանտարկյալի կարգավիճակը սահմանվել է բոլորովին վերջերս, երբ ԵԽ ԽՎ-ում քննարկվում էր Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ Եվրախորհուրդը հստակ սահմանում տվեց, թե երբ է այս կամ այն բանտարկյալը դիտվում որպես քաղաքական։ Այդ սահմանումը, բնականաբար, չի կարող տարածվել Նաիրի Հունանյանի եւ նրա խմբի վրա։ Քաղաքական ձգտումներ միշտ էլ կարելի է վերագրել կամ սեփական քայլերն արդարացնելու, դրանց այլ երանգավորում հաղորդելու համար՝ հայտարարել քաղաքական նպատակների մասին։ Ի դեպ, նման բազմաթիվ դեպքեր ունենք՝ ոչ միայն սա է։ Սա, իհարկե, ամենաարտառոցն է։ Բայց երեւի թե հենց այսպիսի՝ «Էմնիսթի ինթերնեյշնըլի» նման կազմակերպությունների ոչ լիարժեք կամ չհիմնավորված չափանիշներով առաջնորդվելով քաղբանտարկյալ անվանելն առիթ է տալիս, որ ցանկացած քրեական հանցագործ ինչ-որ քաղաքական դրդապատճառներ հորինի՝ որպես իր ալիբի, մտածելով, թե իրեն կճանաչեն քաղբանտարկյալ, եւ դա իր դատը կտեղափոխի այլ հուն։ Ես չեմ բացառում, որ Հունանյանն ու իր խումբն իսկապես ունեցել են պետական հեղաշրջում իրականացնելու քաղաքական ձգտում։ Գործի նյութերին ծանոթանալով էլ տեսնում ենք, որ այս ամենի մեջ կարելի է դիտարկել նման նպատակ։ Բայց նպատակը երբեք չի արդարացնում միջոցները։ Եվ անընդունելի է միայն ձգտումները հաշվի առնելով դրանց քաղբանտարկյալ անվանելը։ Նրանք քրեական հանցագործներ են։ Կատարվել է ահավոր ոճրագործություն, որը երեւի կդասվի անցած դարի մեծագույն հանցագործությունների շարքը։ Եվ սխալ է դրան որեւէ այլ երանգ տալը»։ Արթուր Բաղդասարյան, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր. «Խիստ բացասաբար եմ մեկնաբանում այս իրողությունը։ Եվ ընդհանրապես, շատ հետաքրքիր է, թե այդ կազմակերպությունն ի՞նչ չափանիշներով է առաջնորդվել նման գնահատականներ տալով։ Լավ կլինի, որ համապատասխան կազմակերպությունները, որոնք աշխատում են «Էմնիսթիի» հետ, մտածեն այդ ուղղությամբ»։ Սեմյոն Բաղդասարյան, ԱԺՄ խորհրդարանական խմբակցության ղեկավար. «Մեծ հարգանքով եմ միշտ վերաբերվել (հատկապես սովետական շրջանում) «Էմնիսթի ինթերնեյշնըլ» կազմակերպությանը։ Բայց, ճիշտն ասած, չեմ կարողանում որեւէ կերպ ուղեղի մեջ տեղավորել այն, ինչ «Էմնիսթիի» զեկույցի առնչությամբ հայտարարեց այդ կազմակերպության ներկայացուցիչը։ Նաիրի Հունանյանն ու իր հանցակիցները կատարել են բացահայտ սպանություններ։ Քաղաքական ձգտումներ նրանց հանցագործության պատճառների հետեւում միգուցե իրոք կային։ Բայց, կրկնում եմ, կատարվել է սպանություն։ Եվ «Էմնիսթի ինթերնեյշնըլի» խառնվելն այս գործին, ուղղակի… լավ չեմ հասկանում»։ Միամիտ կլիներ հուսալը, թե մեր թերթում արձագանքելով «Էմնիսթիի» ներկայացուցչի հայտարարությանը, հնարավոր կլիներ հարկադրել այդ կազմակերպությանը վերանայել իր մոտեցումը «Հոկտեմբերի 27»-ի գործին։ Կարելի էր գործել այնպես, ինչպես հենց «Էմնիսթին» է վարվում՝ տվյալ իրողության դեմ բողոքի նամակներով հեղեղելով այդ կազմակերպության ղեկավարներին («27»-ի «պահանջատերերի» համար, կարծում եմ, դժվար չէ նման ակցիա կազմակերպելը)։ Իսկ կարելի է ուղղակի, իրոք, այլեւս լուրջ չվերաբերվել այդ կազմակերպության հարցադրումներին իրավախախտման զանազան դեպքերի վերաբերյալ եւ այլեւս որեւէ մեկին «Էմնիսթիի» չափանիշներով չհամարել քաղբանտարկյալ։ Ի վերջո, ուղղակի ամոթ է մի շարքում լինել այնպիսի «քաղբանտարկյալի» հետ, ինչպիսին մարդասպան ու ահաբեկիչ Նաիրի Հունանյանն է։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել