Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվում են խաղի կանոնները

Հունիս 15,2002 00:00

Փոխվում են խաղի կանոնները ՀՀ գլխավոր դատախազ պրն Թամազյանին Դեռեւս 1994թ. նոյեմբերից ՌԴ ներքին գործերի տնտեսական հանցագործությունների հակահետախուզության ծառայությունը, այսպես կոչված, արդեն իսկ հետապնդում էր Լիբանանից Հայաստան, ապա Մոսկվայով Կանադա տեղափոխվող թմրանյութերի առաքումը։ ՌԴ հետախուզության դաշնային ծառայության տնտեսական հակահետախուզության վարչության 10-րդ բաժնի պետ պրն Երմակովը իր հեռախոսագրով ՀՀ ԱԱՊՎ-ի պաշտոնակատար պրն Դ. Շահնազարյանից խնդրում էր խուզարկել եւ ձերբակալել արդեն իսկ հղված ցանկում ներկայացված ՀՅԴ անդամ սույն քաղաքացիներին։ Հավանաբար տեղին կլինի պրն Երմակովի գործունեության աղբյուրները փնտրեինք 1993 թ. տեղի ունեցած գործընթացների եւ ձեւավորվող միտումների մեջ։ 1993թ. ձմռանը Լիբանանի Անճար հայկական ավան ժամանած Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ղեկավար Աբդուլա Օջալանի գաղտնի մամլո ասուլիսի ժամանակահատվածում սկսած ՀՅԴ-ՔԲԿ համագործակցության շուրջ բանակցությունները շարունակվեցին բավականին երկար ամիսներ եւ վերջապես 1993-ի վերջին ձեռք բերվեց վերջնական փոխհամաձայնություն։ ՀՅԴ-ՔԲԿ-ի բարձրագույն մակարդակների միջեւ ու նաեւ Սիրիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ սույն համաձայնագիրը, ինչը Հայ դատի պահանջատիրության պայքարը փոխադրել էր Արեւմտյան Հայաստան, որը խոչընդոտելու էր պանթուրքիզմի ճանապարհը, նրա դեպի Անդրկովկաս թափանցումն ու հետագա արշավի ծրագրի խափանումը։ Ինչը բնավ էլ ձեռնտու չէր ոչ եվրոպական ուղղվածություն որդեգրած քաղաքական ուժերին եւ ոչ էլ Արեւմտյան, արեւմտամետ գործիչներին, քանզի այն իր բնույթով նաեւ խափանարար գործընթաց էր ընդդեմ ՆԱՏՕ-ի ծավալմանը այս տարածաշրջանում։ Հաջորդ գործոնը, որն առկա էր, դա կովկասյան տարածաշրջանում կարեւոր դեր հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանձնումն էր Ադրբեջանին, որը լայն հնարավորություն էր տալիս ապահովելու ՌԴ ռազմական ներկայությունն ու մասնակցությունը նավթային ծրագրերին։ Սակայն ՀՅԴ-ի ներկայությունը այս տարածաշրջանում բավականին մեծ խոչընդոտ էր այդ ծրագրերի իրագործման համար։ 1994թ. ՌԴ նախագահ Բ. Ելցինի վարչախումբը փորձեր ձեռնարկեց ունիվերսալ պետության ձգտող հայրենասիրական ուժերի կողմից պարտադրված ծրագրերի իրականացմանը։ Հակառակ ՌԴ անվտանգության ֆեդերալ ծառայությանը, լուրջ խոչընդոտ հանդիսացավ նաեւ ՌԴ բանակի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչությունը։ Վերջինիս փորձագետները պնդում էին Ռուսաստանի համար պանթուրքիզմի խիստ վտանգավորության գաղափարը եւ առաջարկում էին կարծր ու խիստ միջոցներ ձեռնարկել ընդդեմ այդ քաղաքական ուժի։ ԳՀՎ-ի փորձագետները ԱՖԾ-ին ուղղակիորեն մեղադրեցին Ռուսաստանում պանթուրքիզմը պաշտպանելու շահագրգռության մեջ։ Սակայն ԱՖԾ-ն անցավ իրականացնելու նախօրոք խնամքով պլանավորած ՀՅԴ-ի կասեցման ծրագիրը։ Ծնունդ առավ «Դրո» գաղտնի հետախուզական ծառայության գործոնի օգտագործումը իբրեւ միջազգային թմրաբիզնեսի առաքման եւ միջազգային ահաբեկչական կառույց։ Տեղի ունեցող խմորումներին անմասն չէին մնացել նաեւ օտար երկրների հատուկ ծառայությունները, որոնք իրենց խիստ կենսական շահերը փնտրում էին մեր տարածաշրջանում։ Արհեստականորեն առաջացրած քաղաքական «չլուծվող» խնդիրների արդյունքում ՀՀ իշխանությունները ստիպված էին հրաժարական ներկայացնելու։ Սեպտեմբերի 11-ի նյույորքյան «ահաբեկչությունից» հետո փոխվեցին խաղի կանոնները։ Եթե «Դրոն» երեկ խայծ էր հանդիսանում ՀՅԴ-ի կասեցմանը, ապա այն այսօր բավականին փառահեղ միջոց է հանդիսանում ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում հակաահաբեկչական գործողությունների անվան տակ խցկվող արեւմտյան ռազմական ուժերին։ «Դրոն» այսօր իսկ իր գոյությամբ, ՀՀ գերագույն դատարանի 1996թ. դատավճռով վտանգում է ՀՅԴ-ի գործունեությունը, քանզի ցանկացած պահի այն կարող է նոր կասեցումների եւ նոր ձերբակալությունների տեղիք տալ։ «Դրո» գործը մենք քրեականացրինք այն պահին, երբ այլեւս այն հարկավոր չէր, քանզի լուծվում էր այդ պահին Արցախի խնդիրը եւ այդ առումով շահել էինք եւս մի քանի տարիներ։ Արդյունքում տեղի էր ունեցել իշխանափոխություն, Հայաստան-Սփյուռք մերձեցման եւ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արեւմտամետությունից շրջադարձային փոփոխության խնդիրը։ Ճշմարտությունը մնաց քողարկված ու պատմության մեջ այն փաստագրվեց այնպես, ինչպես իշխանափոխական օրվա պահանջներն էին թելադրել։ 1999թ. հոկտեմբերի 27-ը եկավ ոչնչացնելու այն բոլոր նախադրյալներն ու հույսերը, որոնք ստեղծվել էին ԱԺ նախագահ Կ. Դեմիրճյանի եւ վարչապետ Վ. Սարգսյանի գլխավորած ուժերի կողմից։ Այս պարագային էլ ճշմարտությունը կմնա քողարկված, բայց կատարված փաստերը կամրագրվեն այնպես, ինչպես ներկայիս իշխանափոխական պահանջներն են թելադրում։ Ես պնդում եմ՝ հայրենիքի, պետության ու ազգի առջեւ պատասխանատվության գիտակցումը պահանջում է պատռել կեղծ հերոսների, օտարներից կաշառված ընդդիմությունների ու ազգայնամոլականների դիմակները։ ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆ «Դրո» գործով մահապատժի դատապարտված

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել