Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Միասնական հայց՝ ընդդեմ «ԱրմենՏելի»

Հունիս 19,2002 00:00

Միասնական հայց՝ ընդդեմ «ԱրմենՏելի» «ծց Ռ ՎՏսՏՊպՋՖ տՏՔսՈ»,- կասեր մեծն կոմբինատորը, եթե վերջինիս վիճակված լիներ ներկա գտնվել Հայաստանի առաջադիմական երիտասարդական միության հրավիրած ասուլիսին։ Բանն այն է, որ Հայաստանի առաջադեմ երիտասարդները մամուլի միջոցով ցանկանում էին «ժողովրդին լուսավորել»։ Իսկ վերջինիս էությունն այն էր, որ մեր երկրում «ԱրմենՏելը» հիմա էլ ինտերնետային կապի շուրջ է «խաղեր տալիս»։ Ըստ ամենայնի, ստեղծված եւ գրեթե մարսված այս թեմային առաջադիմականներին ստիպել էր անդրադառնալ այն փաստը, որ «թեմայի առնչությամբ նախկինում եղած բոլոր հայտարարությունները քաղաքական ստոր խաղեր են՝ նախագահին վարկաբեկելու», ուստի երիտասարդ պարոնները չմասնակցելով դրանց՝ իրենց համար որդեգրել են «լավ է ուշ, քան երբեք» սկզբունքը։ Ի դեպ, վերոասված «ստոր խաղերը» հեղինակ էլ ունեն՝ «ընդդիմադիր կեցվածք ընդունած ուժեր»։ Ամբիցիոզ դրսեւորումներից բացի, առաջադեմ երիտասարդները նաեւ ազնիվ նպատակ ունեին. «Մամուլի միջոցով ինտերնետային ծառայություն մատուցողներին կոչ անել՝ միանալու (բնականաբար, ոչ միայն իրար, այլ նաեւ միությանը- Ն. Գ.) եւ միասնական հայցով դատարան ներկայանալու»։ Կոչի հեղինակները կապը վերականգնելուց զատ, ակնկալում են նաեւ ֆինանսական փոխհատուցում։ Միության նախագահ Տիգրան Հուրիխանյանին անասելիության աստիճան վշտացրեց՝ իր ասուլիսին ընդամենը հինգ լրագրողի ներկայությունը։ Նա զայրույթը չզսպելով բողոքեց, որ ի պաշտպանություն «Ա1+»-ի իր ասուլիսը երկու ամիս առաջ «ոչ ոք չէր լուսաբանել» ու ձեռքի հետ էլ իրենց առաջիկա միջոցառումների մասին տեղյակ պահեց՝ հավանաբար լրջագույն ակնկալիքներով։ Բավարարելով պարոն նախագահի լուսավորված լինելու ցանկությունը՝ մեծագույն հաճույքով անդրադառնում ենք նրա արտահայտած եզակի եւ բացառիկ մտքերին։ Առաջադեմ երիտասարդների առաջնորդին փոքր-ինչ վրդովեցրին «Առավոտի»՝ միության այս կամ այն քաղաքական ուժին հարել-չհարելու, նախագահին սատարել-չսատարելու, ֆինանսական աղբյուրներին վերաբերող հարցերը։ Վերջիններիս պարոն նախագահը լակոնիկ պատասխաններ տվեց. «Մենք ոչ մի քաղաքական ուժի չենք հարում. ծայրահեղ նեյտրալ ենք, կարելի է ասել։ Ցանկացած երկրում, ցանկացած ժողովուրդ պետք է սատարի իր նախագահին։ Հասարակական կազմակերպության ֆինանսները գոյանում են անդամավճարներից, օրենքով սահմանված կոմերցիոն գործունեությունից, անհատական նվիրատվություններից»։ Վերջին անհատ խոշոր նվիրատուներից է «Coca-cola» ընկերությունը։ Ի դեպ, պատասխանելով հարցին, առաջադիմականների առաջնորդը ծանուցեց, որ 30 ինտերնետային կապ տրամադրողների են դիմել վերոնշված կոչով, որոնցից 6-ը «հավանություն են տվել»։ Ի պատասխան «Առավոտի» այն նկատառման, որ «հավանությունն այլ բան է, կոնկրետ գործն՝ այլ», նախագահ Հուրիխանյանը քաղաքավարի նկատեց. «Եթե չմիանան՝ մենք էլ թքած կունենանք եւ վերջ»։ Ինչպես ասում են՝ «Աստված էլ բեթարից ազատի»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել