Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴՈՊԻՆԳ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԻ

Նոյեմբեր 05,2002 00:00

ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴՈՊԻՆԳ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԻ Այս ամսվա երկրորդ կեսին Լեհաստանում մեկնարկելու է ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը, որին մեկամյա ընդմիջումից հետո մասնակցելու է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը։ Մարզասերները հիշում են, որ սրանից ուղիղ մեկ տարի առաջ Թուրքիայում անցկացված աշխարհի առաջնությունում մեր հանրապետության մի քանի մարզիկների արյան մեջ դոպինգ հայտնաբերելու պատճառով մարզաձեւի միջազգային ֆեդերացիան նրանց նկատմամբ կիրառեց խիստ պատժամիջոցներ, իսկ Հայաստանի ֆեդերացիան մեկ տարով զրկվեց միջազգային որեւէ մրցաշարի, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում հանդես գալու իրավունքից։ Իսկ մինչ այդ, Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ՄՕԿ-ը նույն պատճառաբանությամբ երկու տարով որակազրկել էր գերծանր քաշային Աշոտ Դանիելյանին՝ նրանից վերցնելով նվաճած օլիմպիական բրոնզե մեդալը։ Փառք Աստծո, այս տարի լրացել են այդ որակազրկումների ժամկետները, եւ մեր ծանրորդները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը։ Սակայն այս ընթացքում դոպինգի եւ այլ խթանիչների օգտագործման դեմ պայքարն ավելի է խստացել։ Ոչ ոքի չի ներվում նույնիսկ օրգանիզմում արգելված նյութերի ամենաաննշան առկայությունը։ Այդ դեպքում անմիջապես հետեւում է դաժան պատիժը։ Չմոռանալով դառն անցյալը, դրանից անելով անհրաժեշտ հետեւություններ՝ Հայաստանի մարզական ղեկավարությունն անցած ժամանակաընթացքում խիստ միջոցառումներ է կիրառել այսուհետեւ նման երեւույթները բացառելու համար։ Մասնավորապես, դեռ տարեսկզբից հավաքականների թեկնածու բոլոր ծանրորդներին ու նրանց մարզիչներին (եւ ոչ միայն նրանց) պարբերաբար խստագույնս նախազգուշացվել է, որպեսզի ձեռնպահ մնան նման քայլերի դիմելուց, ընդհուպ, տնային մարզումների ու հավաքների ընթացքում առանց բժշկի գիտության ու թույլտվության չօգտագործեն անծանոթ կամ թեկուզ «անվնաս» դեղամիջոցներ, սնունդ։ Ասվել է նաեւ, որ տարվա ընթացքում մարզական բժշկական հանձնաժողովի հետ միասին անակնկալ դոպինգ-ստուգումներ են կազմակերպվելու եւ սրվակներն ուղարկվելու են Քյոլնի լաբորատորիա, որը հզորներից մեկն է աշխարհում։ Եվ եթե որեւէ մեկի անալիզի պատասխանը դրական լինի, մարզիկն ու մարզիչը որակազրկվելու են հենց Հայաստանում։ Բարեբախտաբար, հանրապետության մարզական ղեկավարության խոսքն ու գործը միմյանց չեն հակասում։ Դեռեւս օգոստոս ամսին, երբ աշխարհի առաջնությունը նախապատրաստող ազգային հավաքականի թեկնածուները Երեւանում ուսումնամարզական հավաք էին անցկացնում, ութ հոգուց նմուշ վերցվեց եւ կոդավորված ուղարկվեց Քյոլն։ Մեկ ամիս անց ստացված պատասխաններից պարզվեց, որ երկու ծանրորդի օրգանիզմում (Գյումրիից եւ Էջմիածնից) արգելված նյութեր կան։ Անմիջապես հրավիրված ՀԱՕԿ-ի գործկոմի նիստում նրանք հեռացվեցին հավաքականից ու որակազրկվեցին։ Հիմա, երբ հաշվված օրեր են մնացել աշխարհի առաջնության մեկնարկին, ըստ մեր ունեցած աղբյուրների, երեկ կրկնական անակնկալ նմուշ է վերցվել Լեհաստան մեկնելու գլխավոր հինգ թեկնածուներից ու անմիջապես ուղարկվել Գերմանիա։ Ըստ նախնական պայմանավորվածության, լաբորատորիան պատասխանները պետք է ուղարկի 5-10 օրվա ընթացքում։ Հուսանք, որ այս անգամ ամեն բան նորմալ կլինի։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել