Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրի՞զմ, թե՞ արտագաղթ

Դեկտեմբեր 18,2002 00:00

Տուրի՞զմ, թե՞ արտագաղթ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տուրիզմի զարգացման վարչության պետ Արթուր Զաքարյանի կարծիքով, իր ղեկավարած բնագավառի առաջընթացի համար առաջնայինը լավ ճանապարհները չեն, քանի որ զբոսաշրջիկի հիշողության ու տպավորությունների մեջ մնում են հուշակոթողները, այլ ոչ՝ թե ինչ ճանապարհով է հասել դրանց։ Օրինակ, Թաջմահալ տանող երկարուձիգ ճանապարհը շատ անբարեկարգ է, սակայն դա չի խանգարում, որ զբոսաշրջիկների մեծ հոսք լինի։ Ըստ վարչության պետի, մեզ մոտ տուրիզմը գտնվում է դեռեւս կայացման փուլում, որի զարգացման համար չկա համապատասխան օրենսդրական դաշտ։ Հայաստանում կան տուրիզմով զբաղվող մոտ 150 ընկերություն եւ 16 հասարակական կազմակերպություն, սակայն անհրաժեշտ է ունենալ այնպիսի մի միավորում, որը ներկայացնի տուրինդուստրիայի շահերը պետության հետ փոխհարաբերությունում։ Ըստ վարչության պետի, զբոսաշրջիկների մոտ 28%-ը ժամանում է ԱՊՀ երկրներից, 22%-ը՝ Արեւմտյան Եվրոպայից, 18-ը՝ հյուսիսամերիկյան մայրցամաքից։ Մեծ է Միջին Արեւելքից եւ Իրանից ժամանողների թիվը։ Նրանց 80%-ը հայեր են։ Հիմնականում տուրիստները գալիս են սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու կամ էլ գործնական եւ հանգստի նպատակով։ Ի դեպ, այս ամառ Ջերմուկի, Արզնիի առողջարաններում հանգստացել են մեծ թվով ոչ միայն հայ, այլեւ պարսիկ, եվրոպացի տուրիստներ։ Ներկայումս չունենք այնպիսի տեղեկատվական ցանց, որը մեր բնակչությանը տեղեկացնի հանրապետությունում գործող հանգստի գոտիների մասին։ Յուրաքանչյուր երկրի համար առաջնային խնդիր է իր ունեցած ծառայությունների եւ ապրանքի արտահանումը, որը հնարավոր է ներգնա տուրիզմի զարգացմամբ, սակայն քանի որ մեզ մոտ դեռեւս ձեւավորված չէ մրցակցային դաշտը, հետեւաբար եւ թանկ է տուրիստական փաթեթը։ Ըստ պրն Զաքարյանի, մեզ մոտ չկան միջազգային կարգի տուրիստական հյուրանոցներ՝ էժան, հարմարավետ, սպասարկման բարձր համակարգով։ Փոխարենն ունենք թանկ հյուրանոցներ՝ ցածր սպասարկման մակարդակով։ Դա ապահովելու համար մեր երկրում չկա համապատասխան ուսումնական հաստատություն՝ միջին դասի սպասարկման ոլորտի մասնագետներ պատրաստելու համար (դռնապանից սկսած, վերջացրած ընդունող, ուղեկցող, ռեստորանային աշխատողներով)։ Ինչպես տեղեկացրեց պրն Զաքարյանը, ներկայումս տուրիզմի համաշխարհային կազմակերպության հետ բանակցություններ են ընթանում, որպեսզի Հայաստանում սկսեն կրթական ծրագիր՝ միջին դասի եւ կառավարման համակարգի մասնագետներ պատրաստելու համար։ Ինչ վերաբերում է արտագնա տուրիզմին, ապա վարչության պետը գտնում է, որ այն ձեռնտու չէ պետության համար՝ այն պատճառով, որ զբոսաշրջիկը մեկնում է հանրապետությունից եւ հաճախ չի վերադառնում։ Այսինքն, փաստորեն տեղի է ունենում ոչ թե տուրիստական այցելություն, այլ արտագաղթ։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել