Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ

Ապրիլ 15,2003 00:00

ԼԵԶՈՒ ԳՏՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ Պուշկինի 49 շենքի շրջակայքում հավանաբար թուղթուգիր կա թաղված։ Հակառակ դեպքում, ինչպես պնդում է նույն շենքի բնակիչ Տիգրան Սիրավյանը, պատկան մարմինները (սկսած թաղային լիազորից, վերջացրած քաղաքապետարանով) կկարողանային կասեցնել շենքի բակում իրականացվող ապօրինի շինարարությունը։ Մինչդեռ շինարարության վայր այցելելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները ամեն անգամ դժգոհ հարեւաններին խորհուրդ են տալիս հետեւել իրենց օրինակին, այն է՝ լեզու գտնել շինարարության տերերի հետ։ «Շինարարության տերը Ալիկ Իգնատյանն է, որը տեսադաշտում չի երեւում։ Շինարարությունը ղեկավարում է նախկին էլեկտրիկ Կարո Գեւորգյանը՝ իր ազգուտակով։ Նա է «պրարաբը»,- ասաց Տ. Սիրավյանը։ Քաղաքացին հավաստիացնում է, որ շինարարական աշխատանքների կապակցությամբ հարեւանները միշտ էլ դժգոհել են։ Ինքը չէր խառնվի այդ ամենին, եթե «1964 թվականից օրինական, փաստաթղթերով հիմնավորված ավտոտնակի դուռը կարողանար բացել 90 աստիճանից մեծ անկյունով»։ Ըստ Տ. Սիրավյանի, իր ավտոտնակին կից կառուցվող շինությունը, որ «կլանել» է շրջակա բոլոր ավտոտնակները, այժմ «սպառնում» է նաեւ իր ավտոտնակին. «Գոյություն ունեն շինարարական տարրական նորմեր, որոնք խախտված են։ Գոնե 10 սմ հեռավորություն չեն թողել իմ ավտոտնակի եւ կառուցվող շինության միջեւ, որպեսզի կարողանամ ավտոտնակս ներկել, թարմացնել։ Բացի դրանից, նոր շինությունն այնպիսի դիրք ունի (ավելի բարձր է), որ անձրեւաջրերը թափվում են իմ ավտոտնակի մեջ»։ Նա պատմեց, որ հենց բողոքների նոր ալիք է բարձրանում, բակում հայտնվում են ինչ-ինչ մեքենաներ ու «հավաքում-տանում» բողոքողների կանչած պաշտոնյաներին, այդպիսով, հերթով փակում են նրանց բերանները։ Իր տուն էլ էր եկել մեկը՝ «մեծ փորով, կես մետրանոց սուրքիթ կոշիկներով ու փորձում էր բանակցություններ վարել», սակայն «երկխոսությունը» չի ստացվել՝ անկոչ հյուրի վատ պահվածքի պատճառով։ Օրերս էլ, երբ նորից է դիմել թաղային լիազորին (որին գրություն էին տվել այն մասին, թե շինարարություն չի կատարվելու), Տ. Սիրավյանին կանչել են իբր բողոքին ընթացք տալու, 2 ժամ սպասեցրել են, այդ ընթացքում էլ դրվել է նորակառույցի ծածկը։ «Կա չգրված օրենք. մարդիկ ապօրինի շինարարություն են կատարում ու հետո կաշառքով ու վճարումներով օրինականացնում։ Այս պարագայում էլ այդպես կվարվեն»,- համոզված է Տ. Սիրավյանը։ Նա դիմել է նաեւ նախագահի վերահսկողության ծառայություն, որտեղից խորհուրդ են տվել դիմում գրել քաղաքապետին։ Երկարատեւ «ճամփորդությունից» հետո, վերջապես, դիմումը հասել է այն բաժին (ճարտարապետաշինարարական վերահսկողության), որտեղից նրան ակնարկել էին «լեզու գտնել» ամենազոր հարեւանի հետ։ Արդեն բավական ժամանակ է անցել, սակայն քաղաքացին դեռ չի ստացել իր դիմում-բողոքի գրավոր պատասխանը։ Նույն բաժնի գլխավոր մասնագետ Արայիկ Մկրտչյանը նրան «ավետել» է, որ պատասխանը փոստով կստացվի, լավագույն դեպքում, մեկ ամսից։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Արայիկ Մկրտչյանը «աբսուրդ» որակեց Տ. Սիրավյանի դիմում-բողոքը։ «Մեր աշխատողը եղել է Պուշկինի 49 հասցեում, էնտեղից շինարարության հոտ չի առել։ Ինչ կառուցված է՝ կառուցված է վաղուց»,- պարզաբանեց նա եւ խոստացավ նույնը «շատ չոր» գրավոր փոխանցել պահանջատիրոջը։ Երեկվա դրությամբ, սակայն, շինարարությունը շարունակվում էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել