Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄ ԵՍ ՆՐԱՆ՝ ԶԱԳՍ, ԿԱՄ ՆԱ ԻՆՁ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Մայիս 03,2003 00:00

ԿԱՄ ԵՍ ՆՐԱՆ՝ ԶԱԳՍ, ԿԱՄ ՆԱ ԻՆՁ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ «Արդարություն» դաշինքի կազմակերպած երեկվա հանրահավաքում այսօրվա «կվազիընդդիմությունը» (Վարդան Խաչատրյանի բնորոշմամբ) եւ իշխանամետ կուսակցությունների անդամներն Արշակ Սադոյանի կողմից նոր անունների արժանացան՝ «Հորինած աշխարհ» եւ «առնետավազքի բազմակի չեմպիոններ»։ Ալբերտ Բազեյանն «Օրինաց երկրին» անվանեց «Սերժ Սարգսյանի պահեստային անվադող»։ Հանրահավաքների առումով ընդդիմության բախտը չի բերում. կամ ձյուն ու անձրեւ պիտի լինի, կամ այրող արեւ։ Երեկ Մատենադարանի բարձունքում երեւանյան գարնան առաջին տապին հավաքվածներ, միեւնույն է, շատ կային։ Այս հանգամանքից ամենաշատը, հանրահավաքի կազմակերպիչներից հետո, ուրախանում են արեւածաղկի եւ այլ սերմեր վաճառողները։ Նրանցից մի պապիկ այդպիսի մի օր իր մեկ ամսվա շահույթն է ապահովում, թեեւ այդպես էլ չհայտնեց դրա չափը։ Հավաքվածների թիվը, սակայն, նախորդ հանրահավաքների համեմատությամբ, փոքր էր։ «Խնդիրն այն չէ, որ հավաքվածներն ավելի քիչ են։ Ամեն ինչ հարաբերական է»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը։ Նա կոչ արեց համեմատելու իրենց եւ իշխանությունների շուրջ հավաքվածներին. «Միասին մենք էլի շատ ենք»։ Պրն Սարգսյանը համեմատել է նաեւ «Օրինաց երկրի» եւ Դաշնակցության հոլովակները նախագահական ընտրություններին եւ այսօր։ «Սփյուռքից հյուր ունեինք։ Դաշնակցության հոլովակը նայեց, հարցրեց՝ Դաշնակցությունն ընդդիմությո՞ւն է»,- պատմեց Ա. Զ. Սարգսյանը։ Վերջինս իրական եւ կեղծ ընդդդիմադիրներին ճանաչելու մի մեթոդ սովորեցրեց ներկաներին՝ կատուների օրինակով։ Ըստ անեկդոտի, մի կատու մյուսին ասում է. «Ես թաքնվեմ, դու փնտրիր ինձ։ Եթե գտնես, ես քոնը կլինեմ, եթե չգտնես, ես ա՜յ էն պահարանի մեջ կլինեմ»։ Ժողովրդին Ա. Սարգսյանը խորհուրդ տվեց պատգամավորության թեկնածուներին հարցնել՝ կո՞ղմ, թե՞ դեմ են Քոչարյանի Սահմանադրությանը. «Եթե ասեն՝ այո, ուրեմն իմացեք՝ էդ կատուներն են»։ Ա. Սարգսյանը գտնում է, որ Սահմանադրությանն «այո» կամ «ոչ» ասելը նշանակում է համապատասխան գնահատական գործող նախագահին, «ինչքան էլ Ռ. Քոչարյանը չի ասում այդ մասին։ Եթե Ռոբերտ Քոչարյանի Սահմանադրությանը «ոչ» եք ասում, ինքն ուրեմն ընտրված չէ»։ Ալբերտ Բազեյանի կարծիքով, «Անկախ այն հանգամանքից, Քոչարյանը հռչակված նախագահ է, թե ոչ, նրա դիրքերը թույլ են, որովհետեւ նախագահ դառնում են ժողովրդի քվեով»։ Բացի այդ, «Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող ուժերն այժմ առանձին են գնում ընտրությունների եւ մեկը մյուսին չեն վստահում։ Նրանց ձայները տարրալուծվելու են, մերը միասին են մնալու։ Այնպես որ, ձեզ հետ միասին ավելի քան կես միլիոն ձայն ունենք»։ Ի դեպ, պրն Բազեյանը չդիմացավ ու Երեւանի ներկա քաղաքապետի բոստանը մի երկու քար գցեց, քանի որ Ռոբերտ Նազարյանն իր կուսակցությանն է վերագրում ի պաշտոնե կատարած գործերը։ Բոլոր ելույթ ունեցողները նշում էին ԵԱՀԿ վերջին զեկույցի մասին՝ այն որակելով է՛լ «իշխանություններին հասցված շառաչուն ապտակ», է՛լ «դատավճիռ ու վերջնագիր»։ Ստեփան Զաքարյանը հայտնեց. «Ընդդիմությունը եւ նրա առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը Եվրոդատարանը չեն բացառում»։ Ըստ Շավարշ Քոչարյանի, Ռ. Քոչարյանն այսօր հայտնվել է այն վիճակում, որում Լեւոն Տեր-Պետրոսյանն էր 1996-ից հետո։ Այդ վիճակից նա երկու զարգացում է տեսնում։ Քոչարյանին պարտադրում են հեռանալ, եւ գալիս է այն անձը, որն ամրապնդում է ռեժիմը։ Երկրորդը՝ նա հեռանում է եւ տեղի են ունենում արդար ընտրություններ։ Շ. Քոչարյանն էր, որ հավաքվածներին հանրամատչելի բացատրեց Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների տարբերակի մի քանի թերությունները։ Արշակ Սադոյանի ելույթը մեկ անգամ ընդհատվեց Ստեփան Դեմիրճյանի ժամանումով, մյուս անգամ էլ՝ Արամ Կարապետյանի։ Վերջինս հայտնեց իր հայցը մերժելու մասին, բայց կոչ արեց «հանգիստ, սառնասիրտ լինել». ինքը պատգամավորական մանդատի համար չի պայքարում. «Կանգնած եմ եղել, կանգնած եմ լինելու այստեղ մինչեւ հաղթանակ»,- չնայած այս հայտարարությանը, պրն Կարապետյանը ինչպես միշտ, կտրուկ շնորհակալություն ասաց եւ հեռացավ կանգնած տեղից։ Ստեփան Դեմիրճյանն ասաց այն, ինչ ասում է ամեն տեղ իր հանդիպումներին նույն տոնով, նույն արտահայտություններով. «Նախագահական ընտրությունների հարցը փակված չէ։ Իշխանության լեգիտիմությունը պետք է լինի ժողովրդի ընկալման մեջ։ Կոչ եմ անում լավատեսության»։ Հանրահավաքը համաձայնեց ընդունել մի փաստաթուղթ, որով ընդդիմությունը պահանջում է, որ ընտրաթերթիկները տպվեն Հայաստանից դուրս, պաշտպանիչ շերտեր ունենան։ Այսօր «Արդարությունը» կմեկնի Ստեփանավան եւ հարակից գյուղեր։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել