Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԾԵԾՈՒՄ ԵՆ ԳՐՈՂԻՆ

Մայիս 10,2003 00:00

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԾԵԾՈՒՄ ԵՆ ԳՐՈՂԻՆ Վաստակաշատ գրող-հրապարակախոս Ռոբերտ Կարայանը նոր է ապաքինվել։ Նրան աչքի վիրահատության ենթարկեցին պրոֆեսոր Մալայանի հանրապետական աչքի կենտրոնում։ Ոտքի վրա դեռ երեւում են կապտուկները։ «Եղիշե Չարենց» գրական հուշաշքանշանի արժանացած գրողը («Փրկություն», «Շեփորականչ ազգահավաքի», «Առականի՝ ցավեր քանի», «Լուսաբացներին ընդառաջ», «Կուժն ու կուլան ինչո՞ւ կուլա», «Առակս գա, ծանակի՝ չարի գետը ցամաքի» գրքերի հեղինակ) բռնարարքի է ենթարկվել Էրեբունու թաղապետարանում։ Ռ. Կարայանը փորձում էր հրապարակում նախապատրաստել նստացույց հայտարարած մի կնոջ եւ նրա 3 անօգնական երեխաների մասին։ Մայիսի 7-ին այցելում է թաղապետարան, խնդրելով տեսակցություն թաղապետ Մհեր Սեդրակյանի հետ։ Ինչպես Ռ. Կարայանն է գրել ՀՀ Գլխավոր դատախազությանն ուղարկված դիմումում (պահանջում է քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործներին), թաղապետի օգնական տիկինը հայտնում է, թե. «թաղապետը շատ զբաղված է, չի կարող ընդունել»։ Այդ պահին թիկունքից մի տղամարդ (Կարայանի պնդմամբ՝ թաղապետի տեղակալ Սամվել Մարգարյանը) սպասասրահից դուրս է հրավիրում Ռ. Կարայանին։ Վերջինս վիրավորված հրաժարվում է «հրավերն» ընդունել։ Տեղակալին «օգնության» է գալիս թաղապետն՝ ինքը, եւ նախ հարվածում են աչքին, ապա ոտքին։ «Այդ պահին նրանք չորսով էին՝ օգնականը, քարտուղարուհին, թաղապետն ու տեղակալը։ Ես էլ՝ մեն-մենակ»,- պատմում է Ռ. Կարայանը։ Հայ մտավորականների գնահատմամբ՝ Ռ. Կարայանը «մեր ժամանակների ըմբոստ շեփորահար է», «պետական բարձրաստիճան այրերին անողոք քննադատող», «կրակոտ հրապարակախոս», «մեր ժամանակների Այգեկցի»։ Վերջին հաշվով, մեկը, որը մեր գրական անդաստանում վաստակ ունի, ի տարբերություն մականունը վաստակ դարձրածների։ Տեսեք ո՞ւր կարող է հասնել ուղեղներում մահակ ունեցողների ցինիզմը։ Խմբագրություն են ներխուժում եւ ծեծի են ենթարկում լրագրողին։ Թաղապետարան այցելած (ոչ անձնական հարցով) գրողի նկատմամբ ուժ են կիրառում։ Գրողների միությունն ու նրա նախագահ Լեւոն Անանյանը նույնպես իրազեկված են կատարվածի մասին։ Ա. Կարայանը երկուշաբթի կենթարկվի բուժզննության։ Եթե այսպես են վարվում վաստակաշատ մարդու հետ, քաղաքացիների՞ն ինչ է սպասվում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել