Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ «ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՏՎԵՑԻՆ»

Մայիս 17,2003 00:00

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ «ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՏՎԵՑԻՆ» «Դաշինքում տարաձայնություններ չկան։ Կան հարցեր, որոնք լուծվում են աշխատանքային կարգով»,- երիտասարդների հետ հանդիպմանը երեկ ասաց Ստեփան Դեմիրճյանը։ Սակայն սա՝ նրա Ապարանից ժամանելուց առաջ։ Իսկ մինչ այդ «Արդարություն» դաշինքի մյուս լիդերները Կինոյի տանը երիտասարդներին բացատրում էին, թե ինչու են կարեւորում վերջիններիս եւ նրանց հիմնախնդիրները։ Երիտասարդներն իրենց հերթին նույնն ասում էին ավագներին։ Մասնավորապես՝ Վազգեն Մանուկյանը հիմնավորեց երիտասարդների ըմբոստանալու բնականությունը, եթե նրանք չեն ապրում այնպիսի երկրում, որն իրենց հնարավորություն է տալիս աճելու։ Մեր հասարակության փոխվելու, զարգանալու հույսը նա կապում է երիտասարդության հետ, իսկ «արդարության դրոշակակիրը միշտ եղել է երիտասարդությունը»։ ՀԺԿ երիտասարդական խորհրդի ներկայացուցիչը հերքեց շատերի «թյուր կարծիքը, թե երիտասարդները վաղվա օրն են։ Ո՛չ, երիտասարդությունն այսօ՛ր կա»։ Հանրապետության ներքաղաքական վիճակը հնարավորինս մռայլ պատկերելով, երիտասարդ ՀԺԿ-ականը հայտարարեց. «Մեր չընտրված նախագահը (Ռ. Քոչարյանը.- Ա. Գ.) բոլոր ընտրախախտումներն արեց մեր հասակակիցների միջոցով»։ Ընդհանրապես, երեկ «բազեներին» շատ հիշեցին։ Վիկտոր Դալլաքյանը նախորդ ելույթից երեւի ոգեւորվել էր, որովհետեւ ասաց, թե դրանից հետո ավելորդ է «քննարկումներ տալ»։ Բայց «տվեց»։ (Պրն Դալլաքյանն ակնհայտորեն ձեւափոխեց «խաղեր տալ» գռեհկաբանությունը)։ Երիտասարդությանն ու երիտասարդ ընտանիքներին ուղղված իրենց ծրագրերը ներկայացնելուց հետո Վ. Դալլաքյանը վստահություն հայտնեց, որ «երիտասարդությունը կառաջնորդվի մոմի հոգեբանությամբ՝ վառվել եւ ուրիշների համար լույս տալ»։ ՀԴԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչը պատմեց երիտասարդների, ուսանողների պրոբլեմներից։ Մի քանի խոսք էլ գյուղական երիտասարդության անունից ասաց։ Ինչպես նախորդ եւ հաջորդ բոլոր հռետորների, նրա խոսքում էլ կարմիր թելի նման անցնում էին «նախագահական ընտրությունների աղաղակող խախտումները»։ Ընդհանրապես սույն հռետորի սիրելի բառը կարծես թե «աղաղակողն» էր, որը նա հաջողացրեց օգտագործել անգամ հետեւյալ արտահայտությունում. «… ավելի է բարդացնելու երկրի աղաղակող մակարդակը»։ Շավարշ Քոչարյանի՝ իրեն տրված բնորոշման հետ՝ «հոգով ամենաերիտասարդ քաղաքական գործիչը», չհամաձայնեց Արշակ Սադոյանը. «Այդ ամպագոռգոռ խոսքերը… մենք երկար ճանապարհ ենք անցել»։ Դե ինչ, երեւի այդպես ավելի հեշտ է ջահելներին խորհուրդներ տալը. «Յուրաքանչյուր երիտասարդ պետք է մտածի, որ ինքն է այն միակը, որը պիտի փրկի ամբողջ աշխարհը»։ Իսկ իրենց կողմից պրն Սադոյանը խոստացավ ստեղծել դպրոց քաղաքականացված երիտասարդների համար, ընդ որում՝ ոչ իշխանությունը գրավելուց հետո։ Այդտեղ կներգրավեն ոչ թե ԽԾԲ-ով, այլ կարող երիտասարդների։ Ա. Սադոյանը երիտասարդներին կոչ արեց լինել ակտիվ. «Ակտիվ քաղաքական գործունեության օգուտները հետագայում ավելի շատ են, քան այսօր՝ մանր-մունր վնասները»։ Այս ելույթից հետո Ապարանից ժամանեց Ստեփան Դեմիրճյանը։ Արամ Զ. Սարգսյանը հանդիպումից բացակայում էր, Շ. Քոչարյանի բացատրությամբ, եղբոր գործի հետ կապված. «Ստիպված էր շտապ զբաղվել ուրիշ գործերով»։ Ինչպես եւ հարկն էր, խոսեցին նաեւ ՍԻՄ եւ ԱԺՄ երիտասարդական թեւերի ներկայացուցիչները։ Երիտասարդների աճի համար պայմաննե րի ապահովման անհրաժեշտության մասին խոսեց նաեւ Արամ Գ. Սարգսյանը։ Հանդիպումը եզրափակեց Ստեփան Դեմիրճյանը, ըստ որի՝ «այսօր մեր երկրում ոչ միայն երիտասարդությունն է անտեսված, այլեւ մարդն ընդհանրապես անպաշտպան է»։ «Հոկտեմբերի 27»-ից հետո ԱԺ-ի՝ խամաճիկ, իսկ երկրի՝ ճահիճ դառնալու մասին նրա դատողություններին հասարակությունը ծանոթ է, իսկ այս մեկն արժե ընդգծել. «Կվիրավորեն այնքան, ինչքան թույլ կտաս»։ Ուրեմն, ինչքա՞ն թույլ կտան երեկվա հանդիպման կողմերն այս անգամ։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել