Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԽԻՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ

Մայիս 17,2003 00:00

ՍԵՐԽԻՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ Ժամանակին մեր թերթի ընթերցողներին տեղեկացրել էինք, որ Պարագվայի ֆուտբոլի ղեկավարությունը հրաժարվել էր արգենտինահայ մարզիչ Սերխիո Մարգարյանի ծառայություններից միայն այն բանից հետո, երբ այդ երկրի ազգային հավաքականը նրա ղեկավարությամբ տեւական ընդմիջումից հետո Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճեց։ Բայց ճանաչված մասնագետը երկար ժամանակ անգործ չմնաց։ Բազմաթիվ ֆուտբոլային ակումբներ շտապեցին նրան հրավերներ ուղարկել եւ Մարգարյանն ընտրեց Հունաստանի «Պանատինաիկոսը»։ Վերջերս Աթենքի «Պանատինաիկոսը» երկրի առաջնության հերթական տուրում 0։3 խոշոր հաշվով պարտություն կրեց իր մշտական մրցակցից՝ չեմպիոնության համար պայքարող «Օլիմպիակոսից», որից հետո վերջինն այս մրցաշարում առաջին անգամ բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, թեեւ թե «Օլիմպիակոսը», թե «Պանատինաիկոսը» վաստակել են հավասար քանակությամբ միավորներ։ Ստացվել է մի այնպիսի իրավիճակ, որ վերջին տուրում մրցակիցների նկատմամբ երկուսն էլ հաղթանակ տանելու դեպքում չեմպիոն կդառնա «Օլիմպիակոսը»։ Մարգարյանի թիմի ավելի քան 250 երկրպագուներ, դժգոհ իրավիճակից, ներխուժել են «Պանատինաիկոսի» մարզումային ճամբար՝ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ տեղալով թե՛ մարզչի, թե՛ ֆուտբոլիստների հասցեին։ Դեպքի վայր եկած ոստիկանությունը հարկադրված է եղել արցունքաբեր գազ օգտագործել։ Ձերբակալվել է տասնյոթ խուլիգան, իսկ երեք ոստիկան, մեկ լրագրող վնասվածք են ստացել։ Այս ամենից հետո Սերխիո Մարգարյանը ֆուտբոլիստներին հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին։ «Ես կհեռանամ Աթենքից, եթե արժանացել եմ ֆուտբոլասերների անբարեհաճ վերաբերմունքին»,- ասել է արգենտինահայ մարզիչը։ Սակայն ակումբի նախագահ Անխելոս Ֆիլիպիդիսը հայտարարել է, թե չի ընդունի Մարգարյանի հրաժարականը։ Ավելին, ի տարբերություն պարագվայցիների, նա մտադիր է հանդիպել մարզչին եւ համոզել նրան հրաժարվել մտադրությունից։ «Առաջինը, որ անհրաժեշտ եմ համարում, իմ ու Մարգարյանի միջեւ կայանալիք առանձնազրույցն է,- ասել է Ֆիլիպիդիսը։- Նրա ներկայացրած դիմումում նշված է, որ մարզիչը ուժեղ հոգեբանական ճնշման տակ է գտնվում։ «Օլիմպիակոսից» կրած պարտությունն ամենեւին էլ չի ստվերում ուրուգվայցի մասնագետի այն աշխատանքը, որ նա կատարել է Աթենքի թիմը երկրորդ անգամ գլխավորելուց հետո ընկած ժամանակահատվածում։ Մարգարյանն, ըստ ամենայնի, հրաժարականը գրել է հուզմունքի պահին։ Մինչդեռ, նման լուրջ որոշումներ պետք է կայացնել սթափ գլխով»։ «Օլիմպիակոսը» հանդիպելու է «Կսանտիի» հետ, որը ոչ մի նպատակ չի հետապնդում։ Դրա համար էլ «Պանատինաիկոսի»՝ չեմպիոն դառնալու հնարավորությունները նվազագույն են։ Բայց Մարգարյանի թիմը պարտավոր է վերջին տուրում անպայման պարտության մատնել «Ակրատիտոսին», որպեսզի երկրորդ տեղից էլ չզրկվի։ Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել