Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրաքվեն օրինական չէ»

Մայիս 20,2003 00:00

«Հանրաքվեն օրինական չէ» ՀՀՇ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում փաստեցին, որ «Սահմանադրության փոփոխություններ» անվանված փաստաթուղթն իրենց համար «կուսակցական խնդիր» չէ, այլ «այս փաստաթուղթը չարիք է դառնալու հայ ժողովրդի համար», ուստի վերջիններս «սկզբունքային պայքար են մղելու»։ Եւ իբրեւ պայքարի ձեւ, այս անգամ ՀՀՇ-ն դիմել է «հայ ժողովրդին»։ Հերթական վտանգը, որի մասին ասված է Դիմումում՝ «երկքաղաքացի դառնալու իրավունք կստանան նաեւ ՀՀ բոլոր քաղաքացիները։ Դա յուրաքանչյուրին իրավունք կտա զինվորական ծառայությունն անցկացնել երկրորդ երկրում, եւ մի քանի տարի անց Հայաստանը բանակ չի ունենա»։ Փաստելով, որ «Սահմանադրության հակառակորդները ժամանակին մեղադրում էին, թե հաշվի չեն առնված մեր ազգային եւ երկրի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները», կուսակցության առաջին դեմքերը նկատեցին, որ «հենց այդ առանձնահատկությունների թելադրանքով էր պայմանավորված ինչպես երկքաղաքացիության, այնպես էլ Հայաստանում օտարերկրացիների՝ հողի սեփականության արգելքը»։ Վերջինս, որը նախագծով հանված է, ՀՀՇ-ին հիմք է տալիս չբացառել, որ «մի օր էլ կունենանք «Հող՝ պարտքի դիմաց» բանաձեւը։ Քաղաքացու իրավունքների եւ ազատությունների սահմանափակման հատվածում, «Դիմումում», մասնավորապես նշված է, որ «նախագծով» անվճար կրթության սահմանադրական երաշխիքը վերացվում է»։ Նաեւ՝ «նախագահը դառնում է բացարձակ անձեռնմխելի եւ ստանում է իշխանությունը երկարաձգելու իրավունք»։ Հիմնավորումը հետեւյալն է. «նախագիծը» ԱԺ-ից խլում է նախագահին պաշտոնանկ անելու իրավունքը եւ վերջնական վճռի իրավունքը տալիս է նշանակովի մարմնին՝ Սահմանադրական դատարանին։ (…) Նվազագույնը 22 կետով նախագահը ստանում է կարեւոր լրացուցիչ լիազորություններ, մասնավորապես, պատերազմ հայտարարելու, ռազմական եւ արտակարգ դրություն մտցնելու իրավունք՝ անհայտ ժամկետով երկարաձգելով իր լիազորությունները»։ «Նախագիծը» Սահմանադրությունը մեկնաբանելու լիազորություն է տալիս ՍԴ-ին։ Այսինքն, Սահմանադրության «մեկնաբանման» կապակցությամբ ՍԴ որոշումը դառնում է սահմանադրական դրույթից վեր, նոր տեսակի իրավական ակտ։ «Դրանով՝ նշանակովի մի մարմնի՝ ՍԴ-ին տրվում է ԱԺ-ից, նույնիսկ համաժողովրդական հանրաքվեից ավելի բարձր օրենսդիր գործառույթ։ Օրենքի մեկնաբանման դատապարտելի այս պրակտիկան հատուկ է միայն բռնապետական համակարգին»,- եզրակացված է Դիմումում։ «Սահմանափակվում է իշխանության տեր եւ աղբյուր լինելու ՀՀ քաղաքացիների բացառիկ իրավունքը»,- նշված է Դիմումում եւ հիմնավորված. «Նախագծով»՝ Սահմանադրության շուրջ մեկուկես տասնյակ կարեւորագույն հոդվածներ դուրս է բերվում հանրաքվեի իրավասությունից եւ դրանց ճակատագիրը հանձնվում է ԱԺ-ի ու նախագահի տնօրինությանը (…)։ «Նախագիծը» տեղական ինքնակառավարման մարմիններին տալիս է նոր հարկեր մտցնելու իրավունք»։ Արամ Մանուկյանը նաեւ մանրամասնորեն ներկայացրեց «Հանրաքվեի մասին ՀՀ օրենքի» բոլոր խախտումները, որոնցով այս գործընթացը պատիվ է ունեցել «շաղախվելու»։ Մասնավորապես, պաշտոնական տեղեկագրում ՀՀ նախագահի հրամանագրի բացակայությունը, նախագծի չմասսայականացնելը, համապատասխան տեղեկատվական քարոզ չիրականացնելը, որի երաշխիքը պետությունն է։ Նաեւ՝ «դեռ քվեաթերթիկը սահմանված չէ»։ Արարատ Զուրաբյանի համոզմամբ էլ. «Այս բարոյահոգեբանական մթնոլորտը սահմանադրական փոփոխությունների մասին մտածել անգամ թույլ չի տալիս»։ Գիտակցելով, որ գոյություն ունի պարտավորությունների կատարման որոշակի շրջանակ, Ա. Զուրաբյանը գտնում է, որ «հանրաքվեն պետք է հետաձգել», քննարկումների արդյունքում՝ «կոնսենսուսային տարբերակ գտնել»։ Իսկ ՀՀՇ ցուցակի հինգերորդ տեղը զբաղեցնող Աշոտ Սարգսյանը գտնում է, որ «սա Քոչարյանին հնարավորություն է տալիս 3-րդ եւ 4-րդ անգամ առաջադրվել՝ օրինականության պատրանք ստեղծելով»։ Չքարոզելու պատճառը, ըստ Ա. Սարգսյանի՝ «զգոնությունը բթացնելու» համար է։ Այսպիսով, ՀՀՇ-ն դիմում է Հայաստանի ժողովրդին՝ «միահամուռ դեմ քվեարկել իրենց իրավազրկող եւ բռնապետությունն օրինականացնող «նախագծին»։ Սույն Դիմումին միացել է նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել