Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցին պատվախնդիր է

Մայիս 23,2003 00:00

Գյումրեցին պատվախնդիր է Նա ընտրություն կանի ըստ այդմ Գյումրիի թիվ 48 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է 3 թեկնածուի միջեւ: Սկսենք անկուսակցական Ռոբերտ Զաքարյանից. «Չուլոչնու Ռո»-ն հիմնական թեկնածու է այնքանով, որքանով ծնվել ու մեծացել է այն թաղամասում, որտեղ գտնվում են ընտրատարածքի հիմնական ընտրատեղամասերը: Մեր ընտրական տեխնոլոգիաներին ծանոթները կհամաձայնեն, որ գաղափարազուրկ ընտրությունների պարագայում սա կարեւոր հանգամանք է, որովհետեւ «թաղի տղեն» թաղի ընտրատեղամասերի վրա ազդեցություն ունի: Բացի այդ, «Չուլոչնու Ռո»-ն ընտրակաշառքներ է բաժանել, թաղից 1-2-ին լավություն արել, թեեւ իշխանական լծակների կենտրոնացված աշխատանքի պարագայում դրանք գրեթե ոչինչ են: Այլ է ՀՀԿ անդամ Աշոտ Աղաբաբյանի («Բուռնաշ») պարագայում: Նա իր ընտրարշավի համար անհամեմատ մեծ փողեր է ծախսում, ընտրական հանձնաժողովների 80 տոկոսն իրենն են, որովհետեւ նրան պաշտպանող ՀՀԿ-ն, բացի իր բաժին մեկ հանձնաժողովականից, հանձնաժողովների անդամներ է նշանակել նաեւ ՀՀ նախագահի փոխարեն: Ա.Աղաբաբյանի քարոզարշավին են լծված նաեւ վարչական ռեսուրսները, որոնք կենտրոնացնում է Շիրակի փոխմարզպետ, ՀՀԿ-ի Գյումրիի տարածքային կազմակերպության ղեկավար Բորիս Ալեքսանովը: Նա օրը ցերեկով է քարոզում Ա.Աղաբաբյանին, հանդիպումներ կազմակերպում ու դա անում է այնքան անթաքույց, որ հեռարձակվում է տեղական հեռուստատեսությամբ: Ա.Աղաբաբյանը տեղայնացման խնդիր էլ ունի: Գյումրիում ընդվզում կա, թե ինչու մեկը պետք է Երեւանից գա ու Գյումրիից պատգամավոր ընտրվի: Իրոք, ինչո՞ւ Գյումրի. մի քանի պատճառներով: Նախ՝ պրն Աղաբաբյանը ֆինանսական միջոցների պակաս չունի, իսկ Գյումրին շատ սոցիալական խնդիրներ ունի: Իհարկե, նա կարող էր իր գումարները ներդնել նաեւ Երեւանում ընտրարշավի համար, բայց այստեղ նրա վարկանիշը, մեղմ ասած, բացասական է: Նրան բոլորն են հիշում դեռ 1998թ. նախագահական ընտրություններից, երբ Աջափնյակի ընտրատեղամասերում իր լուման էր ներդնում Կարեն Դեմիրճյանի ձայները կեղծելու «սուրբ» գործին, ու դա անում էր կա՛մ Կ.Դեմիրճյանի վստահված անձանց սպառնալով ու ապտակելով, կա՛մ տեղամասի լույսերն անջատելով ու քվեատուփը գրկած վստահված անձի քաշքշելով: Այդ նրա առիթով էր, որ Ռոբերտ Քոչարյանն արտասանեց իր հայտնի խոսքերը «արջի ծառայություն» մատուցողների մասին: «Բուռնաշին» Երեւանում հիշում են նաեւ որպես Աջափնյակի թաղապետի թեկնածու, որը նա այդպես էլ չդարձավ, որովհետեւ տեղամասերում իր մրցակցի համախոհների վրա կրակել էր, քրգործ էր հարուցվել, ու ԵԿՄ անունը չարատավորելու համար նրան ստիպել էին հանել թեկնածությունը: Հիմա նա Երեւանից դառնացած եկել է հատկապես Գյումրի, որովհետեւ, իր ասելով, արմատներով Թորոս գյուղից է, որտեղ բարեկամներ ունի, երեւի մտածելով, որ կգա «քյասիբներին» մի երկու կոպեկ կտա ու կընտրվի: Նա նաեւ տեղի ԵԿՄ-ի աջակցությունը ստանալու ակնկալիք է ունեցել, ինչն ի չիք է դարձել, որովհետեւ իր թեկնածությունն է առաջադրել անկուսակցական, Գյումրիի ԵԿՄ նախագահ, գնդապետ Աշոտ Զաքարյանը: Հիմա կռված տղաները, ի դեմս ԵԿՄ Գյումրիի, Ախուրյանի եւ Ամասիայի կառույցների, իրենց հրամանատարի՝ Ա.Զաքարյանի կողքին են: Իհարկե, ՀՀԿ-ում էլ կռված տղաները շատ են, բայց նրանք հանրապետական են այնքանով, որքանով ժամանակին անդամագրվել էին Սպարապետի կոչով: Ասել է թե, «Բուռնաշի» հույսն ընտրակաշառքն ու կեղծիքներն են: Հանձնաժողովներում փորձելու են նկարչությամբ զբաղվել. եթե հաջողվի, որովհետեւ նույնիսկ այն գյուղերում, որտեղ նա դեռ անցյալ տարվանից սոլյարկա ու սերմացու է բաժանում, հաղթելու լուրջ շանսեր ունի Ա.Զաքարյանը: Ընդհանրապես մարդիկ հասկանում են, որ երբեք ոչինչ հենց այնպես չի բաժանվում: Նաեւ միանշանակ է, որ ժողովուրդն ինքն էլ ընդդիմադիր է, իսկ Ա.Զաքարյանին սատարում է «Հանրապետություն» կուսակցությունն ու «Արդարություն» դաշինքը: Նա նաեւ ավելի քան պարկեշտ մարդ է, որպիսին գտնելը մի այնպիսի համակարգում, որտեղ աշխատել է՝ բարեբախտություն է: Դեռ 1989թ. Գյումրիում առաջին ինքնապաշտպանական ջոկատների հիմնադիրը լինելուց, Շիրակի տարբեր ջոկատների միավորելուց զատ՝ նա նաեւ ՀՀ սահմանների ու ԼՂ ազատագրման մարտական գործողությունների մասնակից է: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է մի շարք կառավարական պարգեւների, այդ թվում՝ «Արիության համար», «Շուշին ազատագրված է», «Մարտական գործողությունների մասնակից» մեդալներին, նաեւ «Ղարաբաղի մայրերի երախտագիտության» հուշամեդալին: 1993-ից ծառայության է անցել ՀՀ բանակում, ավարտել Ֆրանսիայի ժանդարմերիայի ակադեմիան, ապա՝ վերադարձել ու 1995-2003-ը զբաղեցրել Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության բաժնի պետի պաշտոնը: Պաշտոնից ազատվել է սեփական զեկուցագրի համաձայն, որովհետեւ պարկեշտ է եղել, որպեսզի աչք փակի այն ամենի վրա, ինչ տեղի էր ունեցել ՀՀ նախագահի վերջին ընտրությունների ժամանակ: Ընդ որում՝ նա ԵԿՄ-ում էլ այն եզակիներից մեկն էր, որ 99-ին ԵԿՄ 4-րդ համագումարում պահանջել է Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, որ վտանգելով սեփական կարիերան՝ համարձակվել էր 2001-ին Գյումրիում ընդունել Սպարապետի եղբորը՝ Արամ Սարգսյանին ու իր մարտական զինակիցներին եւ չէր խորշել դրա պատճառով զեկուցագիր գրել, ազատվել աշխատանքից, որովհետեւ «վերեւները» վերջնագիր էին ներկայացրել՝ ընտրելու կա՛մ ընկերներին, կա՛մ իր պաշտոնը: Ա.Զաքարյանը ե՛ւ 2001-ին, ե՛ւ 2003-ին նախընտրել էր իր մարտական ընկերներին, սեփական պատիվն ու մնացել մաքուր, ինչպես շատ քչերը, թեեւ նրա ղեկավարած ՌՈ Շիրակի կայազորը լավագույնն է եղել: Հազվագյուտ երեւույթ է, երբ ՌՈ բաժնի պետը համընդհանուր հարգանք ու համակրանք վայելի, որ մարդամեջ դուրս գալուց չամաչի: Ինչպես ասում են, ընտրության կշեռքի ծանրությունը միանշանակ Ա.Զաքարյանի կողմն է. մնում է ստացած քվեները պահել: Իսկ նա վստահ է, որ որեւէ մեկն իր դեմ չի էլ համարձակվի ոտնձգություն անել. իրեն լավ գիտեն, ընտրողներին համոզելու խնդիր էլ կարծես չկա: Իսկ այդ վերաբերմունքը զգում են ե՛ւ նա, ե՛ւ Ա.Աղաբաբյանը, որի քարոզչական շոուներից մեկի ժամանակ՝ արձագանքելով շոումենի հարցադրմանը, թե՝ «մեր ձայները տալու ենք ո՞ւմ. Ա.Աղաբաբյանին», գյումրեցիները գոռացել են՝ «Ո՜չ»: Կարծում ենք, թիվ 48-ում իր պարտվելու անխուսափելիությունը հասկանում է նաեւ Ա.Աղաբաբյանը: Գյումրիում մի հանդիպման ժամանակ նա նույնիսկ խոստովանել է, որ Գյումրին իրեն, այնուամենայնիվ, չի ընդունում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել