Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԴՈՅԱՆԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԵՂԵԼ Է

Հուլիս 25,2003 00:00

ՍԱԴՈՅԱՆԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԵՂԵԼ Է ԿԸՀ-ի տարածած տեղեկատվությանը հղում անելով, «Առավոտը» գրել էր, որ պատգամավորության 140 թեկնածու տարածքային ընտրական հանձնաժողովներ չեն ներկայացրել իրենց նախընտրական ծախսերի հաշվետվությունը։ Ի թիվս այլ անունների, նշված էր նաեւ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի անունը։ Նշված անուններից միայն Արշակ Սադոյանն իր բողոքը հայտնեց եւ հավաստիացրեց, որ իր մասով ինֆորմացիան ճիշտ չէ եւ ինքը ամենայն բարեխղճությամբ ներկայացրել է նախընտրական ծախսերի հաշվետվությունը, մանավանդ այդ ծախսերը կազմել են ընդամենը 140 հազար դրամ, որից 5 հազարն անցել է պետբյուջե։ «Ես շատ զարմացած էի այն ինֆորմացիայից, որտեղ նշված է, որ ամենաանբարեխիղճ թեկնածուների ցուցակում եմ նաեւ ես։ Առավել եւս զարմանալի էր սա, որովհետեւ ելնելով իմ նյութական վիճակից, ես ընդամենը 140 հազար դրամի հիմնադրամ էի բացել, որից 135 հազարը տվել էի բուկլետների տպագրությանը, 5 հազարի վրա հույս ունեի՝ հետագայում մուծումներ կլինեին, բայց, ցավոք սրտի, չեղան, ես չկարողացա օգտագործել եւ մնաց պետությանը։ Այս ամենի մասին ես ընտրատարածքային հանձնաժողով ամբողջական հաշվետվություն էի ներկայացրել։ Այս հարցն ինձ նորից բերում է այն համոզման, որ միտումնավոր սխալ ինֆորմացիա է տարածվում ԿԸՀ-ի կողմից այն պատճառով, որ ես համառորեն փորձում էի պահանջել, որպեսզի պարզվի, թե ինչո՞ւ այս ընտրությունների ժամանակ տեղի ունեցան այդ կարգի ֆինանսական խախտումներ։ Երեւի օգտվելով այն առիթից, որ մեր հասարակայնությունը լավ չի ինֆորմացված, ձեռքի հետ էլ գցեցին այդ կուտը, որ, այսպես ասած՝ ստվեր գցեն նաեւ իմ վրա»։ Ըստ Արշակ Սադոյանի՝ ԱԺ ընտրություններում առավել հստակ երեւաց «իշխանությունների կողմից» կիրառվող այլանդակություններից մեկը»՝ պրն Սադոյանը նկատի ունի «ուղեղների վաճառքը»։ Ըստ այդմ՝ «նյարդային համակարգը վաճառվեց» («ԱրմենՏելը»՝ ըստ Ա. Սադոյանի.- Մ. Ե.), «երկրի արյունատար անոթները վաճառվեցին» (ԲԷՑ-երը՝ ըստ Արշակ Սադոյանի.- Մ. Ե.). «բայց այս բոլորն այն աստիճանի սրություն չունեին, ինչ այն, որ ԱԺ ընտրությունների ժամանակ առաջացավ այսպիսի բան՝ գնել խորհրդարանը։ Այս անգամ էլ ես տարա զուգահեռ, ասելով՝ երկրի ուղեղն են մաս-մաս վաճառում, որովհետեւ երկրի խորհրդարանը երկրի ուղեղի բաղկացուցիչ մասն է»։ Մ. Ե. Արշակ Սադոյանի հետ հարցազրույցը՝ վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել