Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՐԿՈՒՄ Է

Հունվար 23,2004 00:00

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՐԿՈՒՄ Է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանը վաղը կմեկնի Ստրասբուրգ: Նա ԵԽԽՎ ղեկավարությանը հասցեագրել էր մի նամակ ու հանդես եկել առաջարկներով: Հունվարի 27-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում քննարկվելու է ԵԽ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցը եւ քվեարկվելու է բանաձեւի նախագիծը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանն «Արդարություն» դաշինքի անունից նախապես առարկություններ էր հայտնել այդ զեկույցի որոշ պնդումների վերաբերյալ: Շավարշ Քոչարյանի գնահատականով՝ փաստաթղթի շուրջ 11 դրույթներ չեն համապատասխանում իրականությանը, ուստի դրանց առնչությամբ 7 էջանոց մեկնաբանություններ է հասցեագրել ԵԽԽՎ նախագահին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին եւ դիտարկման հանձնախմբի նախագահին: Մեջբերենք այդ մեկնաբանություններից մի քանիսը: Անդրադառնալով զեկույցի հեղինակներ Ռընե Անդրեի եւ Եժի Յասկերնիայի համոզմունքին, թե «ընտրակեղծիքները չեն արվել միայն ի շահ մեկ թեկնածուի» ու նաեւ, որ «անկախ խախտումների չափերից՝ դրանք չեն կարող կասկածի տակ առնել ընտրությունների վերջնական արդյունքները եւ կասկած չկա ընտրությունների իրական հաղթողի հարցում», Շավարշ Քոչարյանը հիշեցրել է, որ ընդդիմադիր թեկնածուների օգտին չէին կարող իրականացվել ընտրակեղծիքներ, «քանի որ բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներում 9 անդամից առնվազն 6-ը պաշտպանում էին մեկ թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի շահերը»: «Արդարության» ներկայացուցիչը ԵԽԽՎ պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրել, որ իրենց այս ձեւակերպմամբ նրանք «հավասարեցնում են հանցագործին եւ զոհին» ու նշել. «Հաշվի առնելով զանգվածային կեղծիքների եւ բռնությունների ծավալը՝ համոզմունքի հայտնումը, թե կեղծիքների եւ բռնությունների հիմնական հովանավորն ու կազմակերպիչը անկասկած հաղթել է՝ զուրկ է փաստերից եւ անվայել հեղինակավոր միջազգային ժողովրդավարական հաստատության, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է, պաշտոնական փաստաթղթին»: Ի դեպ, քանի որ զեկույցում հանձնարարական կար մինչեւ 2004-ի ավարտը ընտրախախտումներ կատարածներին պատժելու վերաբերյալ՝ մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ընդդիմությունը կարո՞ղ է նման անձանց մատնացույց անել: «Կարո՛ղ է, երբ դառնա իշխանություն: Մնացածն անիմաստ գործ է,- ասաց պրն Քոչարյանը:- Այնքա՜ն ենք մատնացույց արել, այնքա՜ն դիմել դատախազին, նույնիսկ ՍԴ-ն է որոշակի դեպքերի մասին խոսել… Ուստի այս ամենն անպտուղ է՝ արդյունքի հասնելու տեսակետից»: Մեկնաբանություններ կան նաեւ զեկույցում պարունակվող այն պնդման շուրջ, թե ՍԴ-ն վերանայել է իր որոշումը՝ վստահության հանրաքվեի վերաբերյալ: «ՍԴ-ն չի փոխել իր մոտեցումը եւ նույնիսկ ցանկության դեպքում չէր կարող փոխել, քանի որ Սահմանադրության 102 հոդվածի համաձայն՝ «Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, վերանայման ենթակա չեն եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից»,- նամակում նշել է պրն Քոչարյանը: Նաեւ առաջարկել է Հայաստանին վերաբերող բանաձեւում ավելացնել. «Ընդունել «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ կազմակերպել գործող նախագահի վստահության հանրաքվե՝ համաձայն ՍԴ-ի 2003թ. ապրիլի 16-ի որոշման»: Մեր հարցին, թե որքանո՞վ այս ամենը կանդրադառնա զեկույցի վրա, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ փաստաթղթում փոփոխություններ անելը «կախված է միայն եւ միայն զեկուցողների կամքից»: Իսկ բանաձեւում փոփոխությունների ճակատագիրը որոշվելու է քվեարկությամբ: Շավարշ Քոչարյանը նաեւ առաջարկել է այդ բանաձեւում սահմանել, թե ՀՀ իշխանությունները պիտի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում կատարեն այնպիսի փոփոխություններ, որոնք կպարտադրեն ՀՀ նախագահին օմբուդսմենի թեկնածությունը համաձայնեցնել ԱԺ բոլոր՝ ներառյալ ընդդիմադիր խմբակցությունների հետ: «Մեկ ամիս է մնացել, որ նշանակվի պաշտպանը,- հիշեցրեց մեր զրուցակիցը:- Սակայն Ռոբերտ Քոչարյանը հիմա ձեւեր է թափում, թե ինքը գործ չունի, թող ԱԺ-ն որոշի: Պա՞րզ չի, որ էլի նրա կամքով է որոշելու մեծամասնությունը»: Շավարշ Քոչարյանը բացահայտեց, թե ինչ նպատակով է իր վերլուծությունը հասցեագրել նաեւ Շվիմմերին ու Շիդերին: Այդ մասին նշված է նաեւ նամակում. «Զեկույցի վերը նշված թերությունները պայմանավորված են, իմ գնահատականով, այն հանգամանքով, որ Եվրոպայի խորհրդի պաշտոնատար անձինք եւ փորձագետները համագործակցում են հիմնականում իշխանությունների ու նրանց սատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»: Որպես դրա հետեւանք է նշվել այն, որ Հայաստանի մասին զեկույցներում եւ գնահատականներում տեղ են գտնում առանձին ձեւակերպումներ, որոնք «խեղաթյուրելով իրականությունը՝ արտահայտում են ՀՀ իշխանությունների տեսակետը»: «Արդարության» ներկայացուցիչը որպես ամփոփում հույս է հայտնել, թե կշտկվեն զեկույցի նշված թերությունները. «Հուսով եմ նաեւ, որ ԵԽ-ն, Խորհրդարանական վեհաժողովը եւ նրանց մարմիններն անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն Հայաստանի ոչ միայն իշխանությունների, այլ նաեւ ընդդիմության հետ ավելի արդյունավետ համագործակցելու ուղղությամբ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել