Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՈՂ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ

Ապրիլ 06,2004 00:00

ԿԱՐՈՂ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ Եվ այսպես, Դրեզդենում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: 30 երկրների 108 շախմատիստուհիներ շվեյցարական մրցակարգով 12 տուր պայքարում էին չեմպիոնուհուն եւ մրցանակակիրներին որոշելու համար: Առաջնության հենց մեկնարկից առաջատարի դերն ստանձնեց ծագումով չինացի, բայց Նիդեռլանդների դրոշի պատիվը պաշտպանող Պեն Չժաոցինը: Վստահ էր հանդես գալիս նաեւ ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը: Նրան միայն վերջին երեք տուրերում հաջողվեց միավորներով հավասարվել Պենին: Եվ երբ ավարտվեց եզրափակիչ տուրը, այս երկու շախմատիստուհիներն էլ իրենց անվան դիմաց գրանցել էին 9,5-ական միավոր: Հաղթողին որոշելու համար հարկ եղավ նրանց միջեւ կազմակերպել լրացուցիչ մինի մրցամարտ՝ փլեյ8211 օֆֆ: Այստեղ հաջողությունն ուղեկցեց Կոստենյուկին: Հաղթելով 1,5-0,5 արդյունքով, Ալեքսանդրան նվաճեց Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը: Բրոնզե մեդալակրին որոշելու համար նույնպես անցկացվեց փլեյ-օֆֆ: Բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան 2:0 հաշվով պարտության մատնեց Նատալյա Ժուկովային եւ գրավեց երրորդ մրցանակային տեղը: Ինչ վերաբերում է մեր հանրապետության ներկայացուցիչներին, նրանք սկզբում բավականին հաջող էին խաղում եւ նույնիսկ մի որոշ ժամանակ առաջատարների խմբում էին: Սակայն վերջնամասում տեմպերը մի քիչ թուլացրին ու կորցրին բարձր տեղերի համար պայքարելու հույսերը: Վերջին՝ 12-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց իր թիմակից Նելլի Աղինյանին եւ 7,5 միավորով ի վերջո զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը: Առաջնությունը հաղթական միավորով ավարտեց նաեւ Լիլիթ Մկրտչյանը: Նրա առջեւ զենքերը վայր դրեց Մակկան: 7 միավորով Լիլիթը 24-րդն է: Իսկ ահա Նելլի Աղինյանը 6,5 միավորով մրցաշարն ավարտեց 44-րդ հորիզոնականում: Կարծում ենք, մեր աղջիկները, հատկապես Էլինան ու Լիլիթը, ի վիճակի էին ավելի լավ մասնակցություն ունենալ՝ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում տեղ զբաղեցնելով առնվազն առաջին տասնյակում: Իսկ Նելլիի 44-րդ արդյունքը, հավանաբար, նրա կարողությունների իրական սահմանն է: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել