Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 15,2004 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայրենակիցներ Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի իշխանությունները պետության ուժային կառույցները դուրս բերեցին խաղաղ ժողովրդի դեմ, Բաղրամյան պողոտայում մահակներով, ջրցան մեքենաներով, պայթուցիկներով հարձակվելով նստացույցի մասնակիցների վրա, որոնց թվում էին նաեւ մեր մայրերը, քույրերը, երեխաները: Դաժան, արյունոտ ծեծուջարդով ցրելով խաղաղ հանրահավաքի մասնակիցներին, ձերբակալելով հարյուրավոր մարդկանց, իշխանությունները վերջնականապես այրեցին ժողովրդի հետ կապող կամուրջները եւ միանշանակ ապացուցեցին, որ Հայաստանում հաստատված է բռնապետական վարչակարգ: Արյունոտ ու խայտառակ ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանն ավելի շեղվեց ժողովրդավարական ուղուց եւ մի քայլ եւս նահանջեց վերջին տասնամյակում դժվարությամբ ձեռք բերած դիրքերից: Իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել քաղաքական հայացքների համար կալանավորվածներին, դադարեցնել հետապնդումները քաղաքական գործիչների նկատմամբ, ոստիկաններից ազատել կուսակցությունների գրասենյակները: Մի քանի ընդդիմադիր գործիչների կալանավորելով կամ հետապնդելով չի ավարտվի ժողովրդավարության համար պայքարը: Համամարդկային արժեքների կրողները բազմաթիվ են ու նրանք այսուհետ կգործեն ավելի կազմակերպված, հստակ ծրագրով եւ ավելի հետեւողական: Սիրելի հայրենակիցներ, մի ընկճվեք բիրտ ուժի սպառնալիքներից: Իշխանությունների ամոթալի գործողությունները պետք է բոլորիս ավելի զգոնացնեն, միավորեն՝ հանուն երկրի ու ժողովրդի արժանավայել ապագայի: Խնդրում ենք չհուսահատվել, չհիասթափվել եւ պատրաստ լինել նոր թափով շարունակելու պայքարը հանուն արդարության եւ երկրում ժողովրդավարության ու օրինականության հաստատման: Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, մտավորականներին, բոլոր նրանց, ում համար թանկ են ժողովրդավարական արժեքները, համախմբվել եւ երկիրը դուրս բերել այս վիճակից: Անհրաժեշտ է գիտակցել, որ համամարդկային արժեքների համար պայքարը ոչ միայն քաղաքական գործիչների իրավունքն է, այլեւ՝ իրեն հարգող յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունը: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի ազատական առաջադիմական կուսացության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել