Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցություններն արձագանքում են

Ապրիլ 15,2004 00:00

Կուսակցություններն արձագանքում են Քաղաքական ուժերի արձագանքը Բաղրամյան փողոցում տեղի ունեցած իրադարձություններին ԱԺՄ հայտարարության մեջ ասված է. «Բաղրամյան պողոտայում իշխանական ռեժիմի իրականացրած աննախադեպ գործողությունները խաղաղ ժողովրդի դեմ հանդիսանում են 1995 թվականից սկսած ապօրինի «օպերացիաների» եւ մոտեցումների տրամաբանական շարունակությունը: Մեր ժողովրդի նկատմամբ իշխանության՝ օտարին վայել նենգությամբ եւ մոլուցքով կատարած վայրագությունները վերջնականապես զրկեցին Ռ. Քոչարյանին եւ նրան ենթակա քաղաքական ուժերին մեր ժողովրդի անունից խոսելու եւ առավել եւս՝ նրան առաջնորդելու բարոյական իրավունքի վերջին փշրանքներից: Փորձը ցույց է տալիս, որ նման գործելակերպը միայն արագացնում է մեր ժողովրդին ոչ արժանի իշխանավորների իսպառ հեռացումը քաղաքական ասպարեզից: Մենք գտնում ենք, որ կոալիցիայի կուսակցությունները համատեղ եւ յուրաքանչյուրն առանձին, պարտավոր են հստակ հայտարարել կատարված ապօրինությունների եւ վայրագությունների վճռի կայացմանն իրենց մասնակցության եւ պատասխանատվության բաժինը ստանձնելու մասին: Պարտավոր են իրենց վերաբերմունքը հայտնել նաեւ այն բոլոր անձինք եւ հասարակական ուժերը, որոնք ժողովրդի մի ստվար հատվածի բնական դժգոհությունը դատապարտող տիրահաճ ելույթներով կանաչ ճանապարհ հարթեցին վայրագությունների առջեւ: ԱԺՄ-ն խստորեն դատապարտում է Ռ. Քոչարյանի եւ նրան ենթակա քաղաքական ուժերի գործելակերպը, որը բացառում է որեւէ զարգացում Հայաստանում, մեծագույն հարված է հասցնում ժողովրդի եւ պետության միջազգային վարկին, վտանգում է Ղարաբաղի ապագան, անտեղի լարվածություն է հրահրում հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ: ԱԺՄ-ն հայտնում է իր վճռականությունը՝ շարունակել համատեղ պայքարը երկրում իրական ազգային եւ ժողովրդավարական կարգեր հաստատելու համար, եւ կոչ է անում բոլոր շահագրգիռ ուժերին միավորել իրենց ջանքերը Հայաստանում արժանավայել կյանք ապահովելուն ուղղված քայլերում: Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդն իրեն հատուկ վճռականությամբ եւ արժանապատվությամբ կհաղթահարի այս փորձությունը եւս»: Հայ Մտավորականների Ֆորումի Ավագանին հայտարարում է. «Մենք արտահայտում ենք մեր համերաշխությունը սեփական երկրի մայրաքաղաքի կենտրոնում ծեծի ու հալածանքի ենթարկված մարդկանց, ովքեր փորձում էին տեր կանգնել իրենց անտեսված իրավունքներին, երկրում հաստատել արդարություն եւ օրինականություն, առանց որոնց մարդը չի կարող իրեն համարել երկրի լիարժեք քաղաքացի: Մենք համերաշխ ենք մեր ողջ ժողովրդի հետ, որը անարգվել է սեփական երկրում: Մենք պատասխան ենք պահանջում իշխանություններից, պահանջում ենք կատարվածի ճշմարիտ մեկնաբանություն, պահանջում ենք հանցագործ արարքներն ու անկարգությունները, ցուցաբերված դաժանությունն ու վանդալիզմը հետաքննելու կոչված վճռական գործողություններ: Մենք համարել ենք եւ շարունակում ենք համարել, որ երկիրը չի կարող եւ չպետք է դառնա միայն մեկ անձի, մարդկանց մեկ խմբի կամ քաղաքական մեկ ուժի շահերի եւ մտադրությունների գերի»: Ըստ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության, «մենք դատապարտում ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները եւ դրան հետեւած ընդդիմադիր մի շարք կուսակցությունների գրասենյակների ավերածություններն ու դրանց գործունեության փաստացի դադարեցումը։ ՀՀ-ն ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալուն այլընտրանք չունի։ Հայաստանը քաղբանտարկյալներ ունենալու որեւէ ռեսուրսից զուրկ է»։ Իշխանամետ կուսակցությունների հայտարարությունները, որտեղ ողջունվում եւ խրախուսվում են ոստիկանության «համարժեք գործողությունները» խմբագրությունն առայժմ չի ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել