Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ ԶՐԿՈՒՄԸ՝ ՓՈՐՁԱՔԱՐ

Օգոստոս 28,2004 00:00

ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ ԶՐԿՈՒՄԸ՝ ՓՈՐՁԱՔԱՐ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ եթե կոալիցիան չզրկի մանդատներից ընդդիմադիր պատգամավորներին՝ Ռոբերտ Քոչարյանը կարձակի ԱԺ-ն եւ կառավարությունը: Ըստ Արամ Սարգսյանի՝ Հայաստանին մեկ քայլ է մնացել մինչեւ «ավտորիտար, կրիմինալ-օլիգարխիկ համակարգի» լիակատար ձեւավորում. «Եվ հասարակությունն այժմ առանձնապես չի էլ ցանկանում ըմբոստանալ այս անարդարությունների եւ անօրինականությունների դեմ: Այս ամենի շարունակությունը լինելու է հետեւյալը. Քոչարյանը ցրելու է կառավարությունը, քանի որ կոալիցիան հոգնեցրել է՝ իր ներքին գզվռտոցով, ազդեցության ոլորտների կուսակցական բաժանմամբ եւ այլն: Կարծում եմ՝ այս կառավարությունը լուծարվելու է, որից հետո կվերադառնանք «արհեստավարժ» նախարարներին: Բա՛յց: Սրա համար ձեւական առիթ է պետք, որն անհրաժեշտ է ստեղծել: Այդ ամենը կարվի այն դեպքում, եթե կոալիցիան քվեարկի ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու դեմ: Այս պարագայում մթնոլորտն, այնուամենայնիվ, սրվելու է, եւ դա առիթ կդառնա խորհրդարանը լուծարելու: Իսկ ապագա ԱԺ-ն կլինի միայն «ախպեր-տղերքի» խորհրդարան, որը Քոչարյանին շատ ձեռնտու է. մի 20-25 հոգի էլ կլինեն քաղաքական դեմքեր, որոնք կկատարեն ներկայացուցչական գործառույթ»: ՀԴԿ նախագահի համոզմամբ՝ այս ամենը հասարակությունը հանդուրժել է մինչ այսօր եւ դժվար է կանխագուշակել, թե ինչ կլինի այնժամ, երբ կարվեն այս քայլերն էլ. «Եթե երկրում ամեն ինչ լուռ է, երբ Լեւոն Մարկոսը հայտարարում է, թե 50 մլն դոլար են յուրացրել պաշտոնյաները, մատնանշում կոռուպցիայի փաստեր ու մեղադրում պաշտպանության նախարարին, եւ այս ամենին ոչինչ չի հետեւում, ուրեմն մեր հասարակությունը ահավոր հիվանդ է, մեզ բթացրել են: Եվ բթացնողի դերում նա է, ով ստանձնել է երկիրը կառավարելու պատասխանատվությունը»: Հիշեցրինք, որ երբ ժամանակին արտահոսք եղավ կառավարության եւ ԱԺ-ի լուծարման վերաբերյալ՝ վարչապետն անմիջապես ազդարարեց ընդդիմություն դառնալու պատրաստակամության մասին, իսկ ԱԺ նախագահն էլ ակնարկեց, թե խորհրդարանը կարող է սկսել նախագահի պաշտոնանկության գործընթաց: Եվ Ռոբերտ Քոչարյանն իր խոսնակի միջոցով ստիպված էր անմիջապես ընկրկել, թե չի լինելու որեւէ փոփոխություն: Ուստի ի՞նչն է Արամ Սարգսյանին հիմք տալիս եզրակացնելու, թե քաղաքական հենարանից զրկվելու խիստ իրական հեռանկարն աչքի առջեւ ունենալով՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է դիմել գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկա կազմն արձակելու քայլին: «Կարծում եմ՝ Անդրանիկ Մարգարյանն ու Արթուր Բաղդասարյանը մեծագույն սխալ կատարեցին, երբ ժամանակից շուտ հայտարարեցին, որ եթե իրենց հեռացնեն կամ հանեն՝ կդառնան ընդդիմություն: Քոչարյանը մտածեց «բե՞ խաբար», այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում, եւ սկսեց ծրագրել այլ տարբերակ, թե ինչպես է չեզոքացնելու հնարավոր վտանգը. որոշեց պատժիչ մարմինները հասցնել առկա մակարդակին,- ի պատասխան ասաց ՀԴԿ նախագահը:- Իսկ եթե կոալիցիան անգամ այս բոլոր անարդարությունները տեսնելով լռեց՝ վաղն ո՞վ է բողոքի ձայն բարձրացնելու, եթե նույն անարդարությունները լինեն նրանց հետ: Գործող նախագահի համար «քաղաքական հենարան» ասվածը մութ անտառ է՝ նա չի հասկանում, թե դա ինչ է եւ ինչի համար է: Ինչո՞ւ պետք է քաղաքական հենարան որոնի, եթե նրա համար հենարան կարող է դառնալ օլիգարխի թիկնազորը»: Ի դեպ, Արամ Սարգսյանը հնարավոր է համարում, որ ոչ թե բոլոր 26 ընդդիմադիր պատգամավորներին միանգամից կզրկեն մանդատներից, այլ միայն 2-3-ին, որ մյուսները հարկադրված լինեն ի նշան համերաշխության վայր դնել իրենց մանդատները: Մեր հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում այս մեխանիզմը, երբ բոլոր ընդդիմադիր պատգամավորները հավասար քանակի բացակայություններ ունեն, որոնք արդարացնելու համար ներկայացրել են միեւնույն պատճառաբանությունը, պատասխանեց հարցով. «Փակ, գաղտնի քվեարկություն չի՞, որ կատարվելու է անհատական, ամեն պատգամավորի համար»: Անդրադարձավ ԱԺ վերադարձի խնդրին եւ հիշեցրեց, թե վերացված չեն բոյկոտի պատճառները՝ չեն քննարկվում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունները, որեւէ մեկը չի պատժվել ապօրինությունների համար, իսկ «Արդարության» դեմ հարուցված գործն էլ ոչ միայն չի կարճվել, այլեւ նախաքննության ժամկետը երկարացվել է 2 ամսով. «Չի կատարվել Եվրախորհրդի բանաձեւի եւ ո՛չ մի կետ»: ՀԴԿ նախագահն ամփոփեց. «Եթե բանակցությունների արդյունքում կոալիցիան ստանձնի այս կարեւորագույն պայմանները կատարելու պատասխանատվություն՝ մենք պատճառ կունենանք վերադառնալ խորհրդարան: Բայց ես համոզված եմ, որ նրանցից ոչինչ կախված չէ՝ այս ամենը որոշվում է մեկ մարդու կամքով»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031