Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն

Մայիս 27,2005 00:00

ՀՅԴ-Ն ՕԵԿ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է, ԲԱՅՑ… Կոալիցիայում նորից «ջերմանում են» հարաբերությունները՝ ՕԵԿ խմբակցության ղեկավարը քննադատում է ՀՅԴ անդամ մարզպետին: Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը հարց ուղղեց, թե ինչու չեն կանխում անօթեւաններին բնակարաններ բաժանելու գործում Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի թույլ տված օրինախախտումները: Նաեւ խոստացավ, որ առաջիկայում ներկայացնելու է անօրինականությունների եւ ապօրինությունների այն մեծ ցանկը, որը թույլ է տվել դաշնակցական մարզպետը: Մեզ հետ զրույցի ընթացքում Սամվել Բալասանյանը հավելյալ հայտնեց. «Ես նամակներ եմ ստացել եւ բնակարանների հետ կապված բողոքների նույնիսկ փաթեթ ունեմ: Դրանք կհանձնեմ այն հանձնաժողովին, որը պետք է ստեղծեն»: Մեր հարցին, թե էթիկայի շրջանակներո՞ւմ է համարում կոալիցիայի գործընկերոջը հրապարակավ քննադատելը՝ ՕԵԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Այստեղ չկա կուսակցական որեւէ խնդիր: Դաշնակցությունը մեր գործընկերն է, բայց Ռոմիկ Մանուկյանը՝ որպես մարզպետ, խախտումներ է կատարել, բողոքներ կան, եւ ես իրավունք չունեմ դրանք չհրապարակելու, չարծարծելու այդ խնդիրները»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը, սակայն, իբրեւ հենց միջկուսակցական էթիկայի խախտում գնահատեց կատարվածը. «Բայց՝ էթիկան էլ դնենք մի կողմ: Մարզպետը կատարում է իր աշխատանքային պարտականությունները: Հսկայական գործ է կատարվել այս տարիների ընթացքում հենց պարոն Բալասանյանի նշած ոլորտում: Եվ այն իրավիճակը, որ այսօր կա, բազմակի անգամ ավելի լավ է նախկին վիճակից՝ սա փաստ է: Եթե պրն Բալասանյանն ինչ-որ որոշակի խնդիրներ կարող է որոշակի հասցեներով մատնանշել՝ վստահ եմ, որ մարզպետն առաջիկա օրերին կպատասխանի դրանց: Սակայն զարմանալի է, թե ի՜նչ խորությամբ եւ լավատեղյակությամբ էր պրն Բալասանյանը որոշակի հարցադրումներ անում»: Փոքր-ինչ հեգնանքով էր արված այս նկատառումը, սակայն նշենք, որ ՕԵԿ խմբակցության ղեկավարը բոլոր հիմքերն ունի լավատեղյակ լինելու: Վերջերս կադրային փոփոխություն կատարվեց՝ ՕԵԿ անդամ Արծրունի Աղաջանյանն ազատվեց Շիրակի փոխմարզպետի պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվեց Ռուբիկ Սանոյանը, որը Սամվել Բալասանյանին պատկանող «Շիրակ» գարեջրի գործարան» ՓԲԸ-ի տնօրենն է ու նրա քրոջ ամուսինը: Սամվել Բալասանյանը մեզ հայտնեց, որ Սանոյանն ՕԵԿ անդամ է. «Կապ չունի՝ իմ բարեկամն է, թե՞ ոչ, կուսակցությունը հարմար է գտել նրան նշանակել փոխմարզպետ»: Կատարվածի շուրջ մեկնաբանություններ խնդրեցինք նաեւ կոալիցիայի 3-րդ քաղաքական ուժի ղեկավարից՝ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանից: Սակայն նա համաձայնելով մեր դիտարկմանը, թե կոալիցիայում հարաբերություններն այնպիսին են, որ խնդիրները ներսում քննարկվելու փոխարեն՝ դուրս են բերվում հրապարակ, նախընտրեց խնդրին անդրադառնալ առավել իբրեւ վարչապետ. «Հարցուպատասխանի ժամանակ հրապարակային մեղադրանքներ հնչեցին, որոնք կարելի էր քննարկել նաեւ աշխատանքային կարգով, մանավանդ՝ տեղյակ են, որ ավելի լայնածավալ ու մեծ խախտումների վերաբերյալ երեւույթները կառավարությունը Շիրակի մարզում սկսել էր ուսումնասիրել դեռ անցած տարվանից: Վարչապետի եւ նախագահի վերահսկողական ծառայությունները աղետից տուժած բնակիչներին բնակարանով ապահովելու ցուցակների մաքրման գործում ունեցան ահագին առաջընթաց: Եվ այստեղ մասնակցության իրենց աստիճանն ունեն ե՛ւ մարզպետը, ե՛ւ Գյումրիի քաղաքապետը: Մենք կազմակերպչական հետեւություններ չարեցինք՝ ժամանակ տալով, որ կարողանան ուղղել, քանի որ մեզ համար հիմնական նպատակը սկսած գործն ավարտին հասցնելն էր: Եղել են թերություններ, եւ այսօր էլ կան: Ուստի կառավարությունն այսօր էլ զբաղվում է այդ հարցով՝ ստեղծված է հանձնաժողով, մանավանդ, որ 2005-ի բյուջեով հսկայական գումար ենք նախատեսել Գյումրիում եւ Ստեփանավանում աղետից տուժածներին բնակարանի սերտիֆիկատներ տալու համար՝ մաքրված ցուցակների շրջանակներում: Անընդհատ ստացվում են բողոքներ, դատարանի վճիռների միջոցով փորձում են ուղղել… Սա սովորական աշխատանքային խնդիր էր, որ հարկավոր չէր դարձնել մարզպետի եւ քաղաքապետի կռվի շարժառիթ: Մանավանդ՝ հաշվի առեք, որ փոխմարզպետին վերջերս փոխեցի. որոշակի լարվածություն կար, եւ այն թուլացնելու ճանապարհներից մեկն էր կադրային փոփոխություն կատարելը»: Այնուամենայնիվ՝ որքանո՞վ էին հնչած հարցադրումներն օբյեկտիվ ու պայմանավորված մարզպետի գործունեությամբ, եւ սուբյեկտիվ՝ գուցե թելադրված կադրային ինչ-ինչ չբավարարված հավակնություններով: Մեր հարցին ի պատասխան՝ պրն Մարգարյանն ընտրեց պատասխանի այն տարբերակը, որ հավասարապես ե՛ւ նեղացնի, ե՛ւ չնեղացնի ՀՅԴ-ին էլ, ՕԵԿ-ին էլ. «Երկուսն էլ կան: Բայց այդ երկուսն էլ կարելի էր, եւ այդպես էլ անում ենք (ավելի բարդ դեպքեր են եղել)՝ լուծել աշխատանքային կարգով, միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով, որի նախագահ եմ նշանակել Հովիկ Աբրահամյանին, որ կարգավիճակը շատ բարձր լինի եւ կարողանա բոլոր հարցերը լուծել ե՛ւ նախարարների, ե՛ւ մարզպետների հետ: Վստահ եղեք, որ կառավարությունը շահագրգռված է՝ այն գումարները, որ տալիս ենք, պիտի ծառայեն իրենց նպատակին»: Այս ամենը գուցե առնչվում է տեղական ինքնակառավարման մարմինների մոտալուտ ընտրությունների՞ն կամ խորհրդարանական ընտրությունների արդեն իսկ ոչ պաշտոնապես սկսված քարոզարշավի՞ն: Մեր այս ենթադրություններին ի պատասխան՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն ասաց. «Բազմիցս հայտարարել ենք եւ հիմա էլ մեր գործընկերներին դիմում ենք նույն առաջարկով, որ հնարավորինս չքաղաքականացնենք ՏԻՄ ընտրությունները՝ սրանք տեղական կարիքներից բխող ընտրություններ են: Եթե ամեն գյուղապետի, համայնքապետի ընտրությունը դարձնենք կուսակցականացնելու առիթ եւ այդ միջոցով ամեն տիպի հարց փորձենք լուծել՝ այս երկիրը բավականին տխուր տեղ կգնա»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031