Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 01,2005 00:00

Երեկվանից
«Golden Palace» հյուրանոցում սկսվեց երեւանյան միջազգային 10-րդ խորհրդաժողովը՝
նվիրված ՀՀ սահմանադրության ընդունման եւ ՀՀ սահմանադրական դատարանի կազմավորման
10-ամյակներին: Օրակարգի թեման էր՝ իրավական սկզբունքներն ու քաղաքական իրողությունները
սահմանադրական վերահսկողությունն իրականացնելիս: Հայաստանի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը,
որը վերջերս էր վերադարձել Իսպանիայից, ուր մասնակցել էր ՍԴ-ի 25-ամյակին, նշեց,
որ այսպիսի ներկայացուցչություն եւ մասնակցություն անգամ այնտեղ չի եղել: Եվ դա բացատրեց
նախ քննարկվող պրոբլեմների հետաքրքրությամբ, ապա նկատեց, որ Հայաստանում արդեն տասը
տարի շարունակ հրավիրվում են միջազգային խորհրդաժողովներ եւ, փաստորեն, ձեւավորվել
է ամենամյա ավանդություն: ՍԴ նախագահի կարծիքով՝ նաեւ հետաքրքրությունը պայմանավորված
է մեր երկրում ընթացող սահմանադրական գործընթացներով: Երեկվա խորհրդաժողովին մասնակցում
էր Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոն, Մարդու իրավունքների
եվրոպական դատարանի նախագահ Լ. Վայլդհաբերը, Սահմանադրական իրավունքի միջազգային
ընկերակցության նախագահ Շ. Սանդերսը, 25 պետությունների սահմանադրական դատարանների
նախագահներ, իրավաբաններ: Երեկվա միջոցառմանը Հայաստանի իրավաբան-դատավոր-նախարարների
պակաս էլ չզգացվեց: Առաջընթաց կարելի էր համարել նաեւ այն, որ իր մասնակցությունը
խորհրդաժողովին բերեց Ռոբերտ Քոչարյանը, անգամ ողջունեց եւ դիմելով աշխարհասփյուռ
ՍԴ նախագահներին՝ ասաց. «Ձեզ՝ մասնագետներիդ քաջ հայտնի է, որ սահմանադրական լուծումները
պետք է ներդաշնակ լինեն հասարակական զարգացումներին ու խթանեն դրանք: Գործող Սահմանադրությունը
էական դերակատարություն ունեցավ ժողովրդավարության զարգացման անշրջելիության հարցում
ու Հայաստանին թույլ տվեց դառնալ Եվրոպայի Խորհրդի անդամ»: Նախագահը նկատեց, որ Սահմանադրության
գործնական կիրառումը «բացահայտեց լուրջ հայեցակարգային թերություններ, որոնք խոչընդոտում
են երկրի հետագա ժողովրդավարական զարգացումները»: Անդրադառնալով Սահմանադրության
ներկայացվելիք նախագծին, նշեց, որ «այն զգալի առաջընթաց է երաշխավորում մարդու իրավունքների
ապահովման, իշխանության ճյուղերի տարանջատման, հավասարակշռման հարցում»: Եվրախորհրդի
Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջ. Բուքիքիոն ասաց, որ Հայաստանը կարիք ունի եվրոպական
չափորոշիչներին համարժեք սահմանադրության: Նրա կարծիքով, այդ անհրաժեշտությունը բացատրվում
է երկու գործոնով. նախ, որովհետեւ Հայաստանը Եվրախորհրդի անդամ դառնալով պարտավորություն
է ստանձնել ետխորհրդային շրջանի սահմանադրությունը փոխելու եւ երկրորդ՝ Սահմանադրությունը
հստակ կտարանջատի իշխանությունների առանձին թեւերը. «Դատական իշխանությանը կբերի
անկախություն, ՏԻՄ-երը կձեւավորվեն ընտրովիության սկզբունքով»: Ջ. Բուքիքիոյի ցանկությունն
էր, որ հայ ժողովուրդը «խորապես ուսումնասիրի Սահմանադրությունը եւ իր խղճի մտոք
քվեարկի»: Իմիջիայլոց, մեր հյուրի գնահատմամբ, դատական իշխանությունն անկախություն
չի ունենա, որովհետեւ դատավորներին ու դատարանների նախագահներին հանրապետության նախագահն
է նշանակում, Արդարադատության խորհրդի ներկայացմամբ, իսկ մշակված նախագծով Արդարադատության
խորհուրդը ձեւավորվում է դատավորների կողմից, ինչը, ըստ Ջ. Բուքիքիոյի՝ դատավորների
«ինքնակառավարում» է նշանակում: Հայաստանի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց,
որ աշխարհի 110 երկրում գոյություն ունեն սահմանադրական դատարաններ, որոնցից «ամենանեղ
դիմող սուբյեկտների շրջանակը» Հայաստանում է, ինչը սահմանադրական արդարադատությունը
դարձնում է ոչ կենսունակ: «Հիմա կարծես այս խցանը հանվել է, քաղաքացին կարող է դիմել
ՍԴ՝ օրենքների սահմանադրականության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով,
տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես կարող են դիմել՝ նորմատիվ ակտերի հետ
կապված»,- ասաց նա: Վերջինիս կարծիքով՝ «Այս աննորմալ վիճակը որ կար, այն է՝ ՍԴ-ն
ուներ լիազորություն, բայց չէր իրացվում սուբյեկտների բացակայության պատճառով՝ փոփոխության
ենթարկվեց»: Խորհրդաժողովը շարունակվելու է մինչեւ հոկտեմբերի 2-ը: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել