Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացու սպանության գործը կասեցվել է

Փետրվար 10,2006 00:00

Ամերիկացու սպանության գործը կասեցվել է Նախաքննությունը կենտրոնացել էր միասեռական խանդի վրա՝ անտեսելով Ջոշուա Հագլանդի դասախոսական գործունեությունը: Երեկ Փաստաբանների պալատի անդամ Մարինա Ջանոյանը ներկայացրեց 2004-ի մայիսի 17-ին Երեւանում սպանված ԱՄՆ քաղաքացի, Երեւանի Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Ջոշուա Հագլանդի սպանության գործը: «Դեպքից անցել է ավելի քան մեկուկես տարի, սակայն հանցագործությունը չի բացված, ի հայտ չեն բերված հանցագործության կազմակերպիչը, կատարողը, մասնակիցները»,- ասաց փաստաբան Մարինա Ջանոյանը, որը 2005թ. հոկտեմբերից տուժողի իրավահաջորդ ճանաչված սպանվածի եղբոր՝ Ջեյմս Հագլանդի ներկայացուցիչն է: Հագլանդը տուժողի իրավահաջորդ է ճանաչվել հոկտեմբերին, սակայն պարզվել է, որ գործը կասեցվել է, հետեւաբար դադարեցված են այլ ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները: Ներկայացվեց փաստաբան Տիգրան Ջանոյանի վերլուծությունը, որը նվիրված է Ջոշուա Հագլանդի քրեական գործով մի քանի փաստաթղթերի: Ըստ այդմ, քննությունը տարվել է սեռական կողմնորոշման շեշտադրմամբ եւ ոստիկանություն են տարվել անձինք, որոնք պետք է իբր պնդեին, թե սպանության շարժառիթը միասեռական խանդն է եղել: Ոստիկանություն տարված Վահե Կարապետյանի եւ Հրայր Սարգսյանի նկատմամբ կիրառվել են ֆիզիկական բռնություններ: Փաստաբանները գտնում են, որ չի ուսումնասիրվել Ջոշուայի մասնագիտական՝ դասախոսական գործունեությունը, անգամ իրենց ձեռքի տակ կա նամակագրություն, որի մեջ ամերիկացի դասախոսը գրում է. «Ինչ ժողովուրդ է, որ ջանքեր չգործադրելով ուզում է գնահատականներ ստանալ, ուսանողներ կան, որոնց ծնողները բարձրաստիճան զինվորականներ են, սպաներ»: Մ. Ջանոյանի կարծիքով, այս վարկածը չի ուսումնասիրվել: Կա մեկ այլ նամակ, որտեղ Ջոշուան ընկերոջը պատմել էր, թե առանձին ուսանողուհիներ կազմակերպել են բողոք՝ ուսանող-դասախոս ոչ բնականոն հարաբերությունների պատճառաբանությամբ: «Հայտնի էր, որ Ջոշուան սկզբունքային, աննահանջ պահանջկոտ էր իր հանձնարարությունները կատարելու հարցում, ինչը տեղիք է տվել արտոնյալ ուսանողուհիների դժգոհությանը»: Նախաքննության մարմնին փաստաբանները ներկայացրել էին նաեւ 2004-ի մարտի կեսերին տեղի ունեցածի մասին. երբ Հագլանդը Երեւանում զբոսնել է շան հետ, իր վրա հարձակվել է մի անձնավորություն, որը խոսում էր ռուսերեն: Ըստ փաստաբանի, սպանվածի եղբայրը կես ամսվա ընթացքում գտնվելով Երեւանում, ավելի շատ տեղեկություններ է ստացել եղբոր հետ կապված, քան նախաքննության մարմինը: Մ. Ջանոյանը ներկայացրեց նաեւ ոմն Սաքոյի մասին, որը գիշերել է Հ. Սարգսյանի եւ Վ. Կարապետյանի բնակարանում ու փախել էր տնից, քանի որ շուրջ 20.000 դոլար գումար էր վերցրել բանկից: Սաքոյի հարազատների սպառնալիքներից խուսափելու համար Հրայրը եւ Վահեն բողոքով դիմել են Կենտրոնի ոստիկանություն, որտեղ էլ ոստիկանները «ծանոթացել» են վերոնշյալ միասեռականների հետ: Սաքոն ծանոթ էր նաեւ Ջոշուային եւ հրապարակավ հայտնել էր, թե դեմ չի լինի Ջոշուայի հետ ընկերությանը: «Քննության համար կարեւոր է պարզել, թե ե՞րբ եւ ո՞ւմ միջոցով է հայտնի դարձել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում Հագլանդի անձով հետաքրքրված ուսանողության շրջանակում նրա միասեռական լինելու հանգամանքը»,- ասում է փաստաբանը: Հագլանդը բազմաթիվ վնասվածքներ էր ստացել՝ դանակի հարված սրտին, անգամ կան բնակիչներից երկուսի վկայությունները, թե լսել են աղմուկի, վիճաբանության ձայներ: Ըստ Հագլանդի եղբոր՝ եղբայրը եղել է զգույշ եւ բնակարանի դուռը կարող էր բացել միայն իրեն ծանոթ մարդկանց: Հարեւաններից մեկը սպանության օրը տեսել է, թե ինչպես է բնակարանից վազել, փախել հանցագործը, որի ինքնությունը առօրս հայտնի չէ: Դանակը սրտին, երբ դեռ չէր մահացել Հագլանդը եւ դեռ չէր եկել շտապօգնության մեքենան, վկաներ Դավիթ Զաքարյանն ու Կարեն Մարգարյանը փորձել են իմանալ Ջոշուայից պատահածի մասին: Ըստ վկաների, Հագլանդը հայտնել է անունը եւ ցույց տվել երեք մատները: Հետեւաբար նրանք եղել են երեքով: Փաստաբանների կարծիքով, Հագլանդը սպանվել է զինվորական շրջանակների կողմից: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել