Լրահոս
Օրվա լրահոսը

Շահումով

Ապրիլ 27,2006 00:00

Շահումով հա՞ց Շիրակցիները դժգոհում են, որ հացերի մեջից մերթընդմերթ տարբեր տեսակի ապրանքներ ու սատկած կենդանիներ են դուրս գալիս: Վերջերս «Առավոտին» «հետաքրքիր» բովանդակությամբ դժգոհություններ են հասնում ինչպես սննդի, այնպես էլ Շիրակի մարզ ներկրվող որոշակի տեխնիկական ապրանքների «անորակ որակի» մասին: Բողոքներից ամենահնչեղը թերեւս Գյումրիի Վահան Տերյան փողոցի «Պեգաս» խանութի դեմդիմաց գտնվող հացի կրպակին է վերաբերում: Թաղամասում ապրող որոշ բնակիչներ կատակում են, որ այստեղ վաճառվող հացը միշտ շահումով է, հացթուխները մշտապես մի «սյուրպրիզ» մատուցում են, մի անգամ «ասեղով», մյուս անգամ «բոլտով»: «Կերա-չկերա՝ ատամս բերանս ընկավ, տարա վաճառողին ցույց տվեցի, թե էս ի՞նչ բան է, վերջինս դեմքի միմիկան անգամ չփոխեց, մի բան էլ այնպիսի պոզա ընդունեց, կարծես թե շահածս տելեվիզոր կամ չայնիկ լիներ»,- կեսկատակ-կեսլուրջ պատմում էր բնակիչներից մեկը՝ հացթուխներին զգուշացնելով, որ «մատուցած նվերը որպես կենդանի ապացույց աչքի լույսի պես պահել է»: Տուժողը հետագայում պարզել է, որ հացը ներկրվում է Ախուրյանից: Ոչ պակաս արտասովոր պատմություն էլ վերջերս գրանցվել էր Մարալիկում, այստեղ էլ, որոշ բնակիչների ներկայացնելով, հացը «բուտերբրոդով» է, որի պարունակությունը, սակայն, սպառողների կարծիքով կամ չինացիների, կամ էլ ճապոնացիների համար է: «Ինչ ճիճու ասես դուրս չի գալիս, մի անգամ պապուկ, մյուս անգամ ականջմտուկ, նամուսն էլ է լավ բան, գոնե փնթի մարդկանց աշխատանքի չընդունեն»,- ասում են սպառողները՝ տեղեկացնելով, որ Մարալիկի հացը արտադրվում է ինչպես տեղում, այնպես էլ ներկրվում է Արթիկից: Նրանք բնականաբար ունեն այլընտրանքային հնարավորություն, սակայն իրենց ասելով՝ խնդիրը հացի գործարանի, ցեխի կամ փռի մեջ չէ, այլ՝ վերահսկողության, թե չէ ցանկացած տեղ էլ փնթիներ ու կենդանիներ կան: «Առանց ամոթի քաշը խաբում-խաբում եք, էլ մեջները չուլուփալաս գցելներդ ո՞րն է, թե՞ բոլտը քաշի տեղն է»,- զայրանում են սպառողները՝ վախենալով երեւույթի համատարած դառնալուց: Կոնկրետ Գյումրիում չեն պահպանվում հացի փոխադրման եւ վաճառքի հետ կապված սանիտարահիգիենիկ նորմերը, գյումրեցիների ներկայացմամբ՝ այն խանութներ մատակարարվում է ոչ միայն կեղտոտ մեքենաներով, այլեւ վաճառվում է ամենափոշոտ փողոցներում: Հացի որակից զատ, Գյումրիում մեծ աղմուկ են բարձրացրել հարեւան երկրներից ներկրվող փականները: Պարզվում է՝ «Լինսիի» նորակառույցներում բոլորի դռները հնարավոր է բացել նույն բանալիով: Ովքեր հնարավորություն են ունեցել՝ փոխել են կողպեքը, իսկ մյուսները ստիպված աշխատում են տանը մնալ: «Ըսպես էլ բան կեղնի, սխալվիս տունը չեղնիս՝ ունեցվածքիցդ կզրկվիս»,- «Առավոտին» բողոքեցին նորաբնակները՝ հավաստիացնելով, որ համատարած գողության դեպքեր արդեն արձանագրվել են: Իսկ ի՞նչ է մտածում այս հարցերի շուրջ Շիրակի մարզային որակի տեսչությունը, արդյոք դժգոհությունները այս կառույցի թույլ վերահսկման պատճառով չե՞ն: Այս առնչությամբ մեզ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ. մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ տեսչության պետ Անդրանիկ Մանուկյանը Երեւանում է, իրենք էլ այդքան իրավասություն չունեն պատասխանելու մեր հարցերին: Այնուամենայնիվ, պատրաստ ենք տպագրել նաեւ որակի տեսչության մեկնաբանությունները: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել