Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի

Մայիս 03,2006 00:00

Մամուլի ազատությունը Հայաստանում Մայիսի 3-ին միջազգային հանրությունը տոնում է Մամուլի ազատության միջազգային օրը Այս առիթով Միացյալ Նահանգները կարեւորում է ազատ մամուլի նշանակալի ներդրումը ժողովրդավարության կայացման ասպարեզում ու տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր զոհողությունների գնով ձգտում են ձեւավորել անկախ մամուլ Հայաստանում եւ այլուր: Մամուլի ազատությունը կուռ քաղաքացիական հասարակության ու առողջ ժողովրդավարության անբաժանելի մասնիկն է: Անկախ լրատվամիջոցները իրազեկում ու կրթում են հանրությանը, վերահսկում իշխանությունն ու իշխանության չարաշահումը: Քաղաքացիները պետք է ինքնաարտահայտման հնարավորություն ունենան, կարողանան վիճարկել տարբեր գաղափարներն ու ենթադրությունները: Լրատվամիջոցը, որ պետությունից կախման մեջ չի գտնվում, գաղափարների ազատ արտահայտման ու մրցակցության հնարավորություն է բացում, ինչով էլ հենց պայմանավորված է ժողովրդավարությունը: Հայաստանում ժողովրդավարության աճի համար անհրաժեշտ է առավել ազատ ու անկախ մամուլի կայացումը: Այս ճակատում Հայաստանի առաջընթացի համար կարեւոր փորձություն կլինեն 2007թ. խորհրդարանական ու 2008թ. նախագահական ընտրությունները: Ընտրությունների ազատությունն ու արդարացիությունը չեն գնահատվում սոսկ քվեարկության օրվա միջոցով, այլ ներառում են նախորդող օրերն ու ամիսները: Հայաստանի բնակիչները երկրի առաջնորդների իրապես արդար ու ազատ ընտրություն կատարելու հնարավորություն կունենան միայն այն պարագայում, երբ լրատվամիջոցները նրանց մատուցեն անկողմնակալ տեղեկատվություն: Հիմա, երբ միջազգային հանրության ուշադրությունն ուղղված է Հայաստանին, որը զարգացման այս կարեւոր փուլն է թեւակոխել, թե ՀՀ իշխանությունները, թե լրատվամիջոցները պետք է ստանձնեն առավել ազատ ու անկախ մամուլ ձեւավորելու պատասխանատվությունը: Հեռուստաընկերությունները պետք է հնարավորություն ունենան հեռարձակել ընդդիմադիր, ինչպես նաեւ կառավարող դաշինքի ներկայացուցիչներին, լուսաբանել բոլոր հարցերը արդարացի կերպով՝ առանց հետեւանքներից վախենալու: Միաժամանակ ռադիոընկերություններն ու հեռուստաընկերությունները պետք է ներկայացնեն աշխույժ բանավեճեր, որոնց ժամանակ բոլոր կողմերը արդարացիորեն կներկայացվեն, իսկ տպագիր լրատվամիջոցները պետք է հրապարակեն այնպիսի հոդվածներ, որոնք պայմանավորված չեն իրենց ֆինանսական հովանավորների քաղաքական շահերով: Վերջերս առաջընթաց է նկատվել ու մասնավորապես հեռուստաընկերությունների եթերում ներկայացվում են քաղաքական դաշտի տարբեր կողմերը ներկայացնող քաղաքական գործիչներին: Էական է, որ այս առաջընթացը շարունակվի ու առաջիկա ընտրությունների նախաշեմին այն չընկրկի: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին ազատ ու անկախ մամուլի ձեւավորման հարցում: Մենք մշակել ենք ավելի քան 7 միլիոն դոլարի աջակցության մի ծրագրային փաթեթ, որն ուղղված է աջակցել Հայաստանին 2007 եւ 2008թթ. ընտրությունների ազատ ու արդարացի անցկացման հարցում: Այս ծրագրի բաղադրիչներից մեկը միտված է լինելու ազատ մամուլին, սակայն այս աջակցությունը կարող է լավագույնս կիրառվել միայն այն պարագայում, երբ Հայաստանը հավատարիմ է մնում ազատ մամուլի միջոցով ժողովրդավարության ամրապնդման իր պարտավորությանը: Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի 235 միլիոն դոլարի աջակցության ծրագրի համար փաստորեն պահանջվում է, որ Հայաստանը համապատասխանի «արդարացի կառավարման» չափանիշին, որի մի մասը կազմում է մամուլի ազատությունը: Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել չորրորդ իշխանության ներկայացուցիչներին ժողովրդավարայնացման ասպարեզում կատարած նշանակալի ներդրման համար Հայաստանում ու աշխարհի այլ երկրներում: Ես միաժամանակ կոչ եմ անում իշխանություններին, լրատվամիջոցներին ու Հայաստանի ժողովրդին անել հնարավոր ամեն ինչ ամրապնդելու ազատ ու անկախ մամուլը՝ հանուն ազատության ու ժողովրդավարության: ՋՈՆ Մ. ԷՎԱՆՍ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել