Լրահոս
Օրվա լրահոսը

1

Մայիս 05,2006 00:00

1 ԶՈՒԳԱՐԱՆԱԿՈՆՔ, 1 ԼՎԱՑԱՐԱՆ ԵՎ 0,5 ՄԻԶԱՐԱՆ՝ 30 ՏՂԱՅԻ ՀԱՄԱՐ Այդպիսին է դպրոցներում սանիտարական նորմը, որը ոչ ոք չի պահպանում Շուրջ մեկ ամիս է, ինչ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության տարածքային բաժանմունքները ստուգումներ են սկսել դպրոցներում: Նման ստուգումներն անցկացվում են առողջապահության նախարարի 2002 թ. թիվ 82 հրամանով սահմանված «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի եւ պահպանման սանիտարական կանոնների» համաձայն: Մեզ դիմած որոշ տնօրեններ վստահեցնում են, որ այս ստուգումները նախկինում այդքան խստությամբ չեն իրականացվել: Ըստ նրանց, սա մի հնարավորություն է՝ «օրինական ձեւով» դպրոցից գումարներ կորզելու, որովհետեւ հակասություններն այս խնդրում բազմաթիվ են: Բերենք մի քանի օրինակ, որտեղ հակասություն կա հենց հանրակրթության օրինակելի կանոնադրության պահանջների հետ: Վերջինս թույլ է տալիս, օրինակ, միջին դպրոցի յուրաքանչյուր դասարանում ունենալ մինչեւ 35, ավագ դպրոցում՝ մինչեւ 30 աշակերտ: Մյուս կողմից էլ սանիտարական այս նորմերով պետք է 1 աշակերտին հատկացվի 2 քմ տարածք։ Այսինքն՝ ստացվում է, որ թույլատրվող խտության համար պետք են 70 քմ-անոց դասասենյակներ: Իսկ այսօր մեր դպրոցները, որոնց գերակշիռ մասը կառուցվել է դեռեւս կես դար առաջ, երբ նման կանոններ չեն եղել, չեն կարող բավարարել այս պահանջները: 2-3 շաբաթ է՝ մեր ջանքերը՝ տնօրենների հետ զրույցներով խնդիրը վեր հանել եւ որոշակի առաջարկներ ստանալ նրանցից, զուր են անցնում: Լավագույն դեպքում՝ զրույցների վերջում տնօրենները խնդրում են իրենց դպրոցի անունը չհրապարակել: Եթե որոշ համարձակ տնօրենների չենք դիմել, պատրաստ ենք նրանց ցանկությամբ անդրադառնալ նաեւ իրենց դպրոցի օրինակին: Իսկ մինչ այդ, ծանոթացանք թիվ 27 դպրոցի համապատասխան ակտին, որով տնօրեն Անահիտ Բախշյանը տուգանվել է 30 հազար դրամով: (Նշենք, որ այս դեպքում տնօրենն իր գրպանից է մուծում տուգանքը, եթե նույնիսկ համաձայն չէ նշված խախտումների հետ): «Մեր դասասենյակները 45-50 քմ են, այսինքն՝ այնտեղ 25 հոգուց ավելի չպետք է նստեցնենք, բայց եթե մենք խտություն չապահովենք, աշակերտի թվով ֆինանսավորումը չի բավարարի. չենք կարող հոգալ դպրոցի ծախսերը՝ ոչ գազի, ոչ լույսի, ոչ կենսաթոշակի, ոչ էլ աշխատավարձի փող կունենանք։ Ինչպե՞ս անենք: Փաստորեն, տնօրենն անձնական տուգանք է կրում այն բանի համար, որ 60 թվականին այսպիսի նորմեր չեն եղել: Պատերը հետուառա՞ջ տանք։ Այսօր ոչ մի դպրոց չի համապատասխանում այդ նորմատիվներին։ Բոլորին անխտիր տուգանում են, տպավորություն են ստեղծում, որ փող են հավաքում՝ ինչ-որ ճեղքեր փակելու համար: Ես մտածում եմ այսպես՝ սա այն դպրոցն է, որ երեխաների համար առավելագույն լավ պայմաններ է ստեղծում՝ նորմալ արձակուրդներ, ջեռուցում, բայց, միեւնույն է, տուգանվում եմ, թեկուզ՝ նվազագույն չափով։ Վիրավորված եմ զգում, որ կրթական բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծելուց հետո տուգանվում եմ»,- ասում է Ա. Բախշյանը։ Մեկ ուրիշ տնօրեն մեզ բողոքում էր, որ իր դպրոցում ստուգումներ անցկացնելիս տեսուչները դժգոհել են նաեւ նրանից, որ բակի կողմից ծառերի ճյուղերը շատ մոտ են պատուհանին եւ լուսավորությունը նվազեցնում են: Ըստ նրա, նաեւ արգելվել են լուսամուտագոգին ծաղկամաններ տեղադրել: Մեր տեղեկություններով, տուգանքի չափը հասնում է մինչեւ 100 հազար դրամի՝ կախված դպրոցի ֆինանսական վիճակից, էլիտար կամ ոչ էլիտար լինելուց: Սանիտարական նորմերի պահանջներից է նաեւ միջինից բարձր դասարանների աշակերտների համար ունենալ կանանց հիգիենայի սենյակներ՝ յուրաքանչյուր 70 հոգու համար 1 խցիկ՝ 3 քմ-ից ոչ պակաս տարածքով: Ունենալ 1 զուգարանակոնք՝ 20 աղջկա, մեկ լվացարան՝ 30 աղջկա, եւ 1 զուգարանակոնք, 1 լվացարան եւ 0.5 միզարան՝ 30 տղայի համար: Ինչպես նաեւ մարզադահլիճներին կից պետք է ունենալ ցնցուղարաններ՝ 9 քմ տարածքով եւ զուգարաններ՝ 8 քմ տարածքով եւ այլն, եւ այլն: Եվ նման իդեալական պայմաններ դպրոցը պետք է ապահովի՝ զուգահեռաբար կրճատելով եւ նույն նորմերին համապատասխանեցնելով իր աշակերտների թիվը: Ի դեպ, 2000թ. ընդունված «Ստուգումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ստուգումն սկսելուց առնվազն 3 օր առաջ պետք է տվյալ կազմակերպության ղեկավարին տեղյակ պահվի ստուգման մասին։ Իսկ մեր հարցված ոչ մի դպրոցի նման զգուշացում չի արվել: Հիգիենիկ եւ հակահամաճարակային կենտրոնի դպրոցական բաժնի պետ Ալեքսանդր Իսրայելյանը մեզ հետ զրույցում տնօրենների բողոքները անհարկի շահարկումներ անվանեց: Ըստ նրա, վերջիններս իրենց շահերից բացի ոչինչ չեն տեսնում. «Թող օպտիմալ տարբերակ գտնեն, ինչո՞ւ են ամեն ինչ անում երեխաների առողջության հաշվին, երեխաներին իրար գլխի են նստեցնում»: Պրն Իսրայելյանը տնօրեններին առաջարկում է դասարանները ծանրաբեռնել սահմանված թվի նվազագույնի չափով: Իսկ մեր այն դիտարկումը, որ շատ դպրոցներ այդ դեպքում ֆինանսական խնդիրներ են ունենում, պրն Իսրայելյանը միանշանակ չի ընդունում: Նա կարծում է, որ տնօրենների մեծ մասը, ֆինանսների հետեւից ընկած, մոռանում է երեխաների առողջության մասին: Նա նույնիսկ հիշեցնում է, որ տարրական դասարաններում դպրոցները պետք է ունենան 3 տեսակ նստարաններ՝ տարբեր հասակի ու կարիքների երեխաների համար, ինչն այսօր ապահովված չէ: Մնում է ամեն ինչ վերանայել սկզբից ու բոլոր կարգերն ու որոշումները համապատասխանեցնել միմյանց՝ բավարարելով աշակերտի կրթական կարիքները: Արդյո՞ք այս սանիտարահիգիենիկ կանոնները, հաստատվելուց առաջ, անցել են շահագրգիռ բոլոր կառույցների ու փորձագետների ձեռքի տակով: Դատելով կատարվածից՝ ոչ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել