Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՆ ՄԱՐՍՈՒՄ Է ԿԵՂԾԻՔՆԵՐԸ

Մայիս 06,2006 00:00

ԵՎՐՈՊԱՆ ՄԱՐՍՈՒՄ Է ԿԵՂԾԻՔՆԵՐԸ Եվ ողջունում է Սահմանադրական հանրաքվեն Հայաստանը արդեն հինգ տարի Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ երկիր է: Այդ առիթով կազմակերպված համաժողովում ելույթ ունենալով՝ ԵԽ քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Ժան-Լյուի Լորանը հայտարարեց. «Այս 5 տարիների ընթացքում ԵԽ-ում ձեր ամենամեծ հաջողությունը Հայաստանի դիրքի նվաճումն ու հաստատումն է»: Համաժողովի աշխատանքներից առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելով ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 5 տարիների ընթացքում մեր երկրում տեղի ունեցած գործընթացները, պարոն Լորանը դժվարացավ գնահատել՝ Հայաստանը ավելի շատ առա՞ջ է գնացել ժողովրդավարության ուղիով, թե՞ հակառակը՝ «Հայաստանում կա ե՛ւ առաջընթաց, ե՛ւ բացթողումներ, ե՛ւ ստանձնած պարտավորությունների ուշացումներ: Որպես ժողովրդավարության նախապայման՝ մենք համարում ենք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, սակայն անելիքներ դեռ շատ կան»: Նշեց, որ ՀՀ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել եւս 67 օրենքներում: Չթվարկելով բոլոր օրենքները՝ նա առաջնահերթ համարեց հատկապես Ընտրական, Դատական օրենսգրքերի փոփոխությունները, Երեւանի քաղաքապետի ընտրության մասին օրենքի ընդունումը, ԶԼՄ-ների անկախության խնդիրը եւ այլն: Հիշեցնելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած կեղծիքները եւ այդ կապակցությամբ ԵԽ դիտորդական առաքելության ուշացած գնահատականները, լրագրողները փորձեցին պարզել՝ արդյոք ԵԽ-ում կա՞ կեղծիքների ընդունելի շեմ: Պատասխանից խուսափելով՝ Ժան-Լյուի Լորանը ասաց. «Ես չեմ կարող խոսել դիտորդների անունից: Նրանք տարբեր կառույցների անդամներ են եղել: Ես հուսով եմ, որ առաջիկա ընտրություններում այդ կեղծիքները չեն կրկնվի: Դրան Հայաստանը պետք է նախապես պատրաստվի, որպեսզի ընտրություններում արտահայտվի ժողովրդի կամքը»: Ընդհանրապես եվրոպացիները չափազանց շատ էին շեշտում 2007 եւ 2008 թվականների ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու անհրաժեշտությունը: ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն իր հերթին կարեւորեց նոր «ԸՕ»-ի ընդունումը եւ վստահեցրեց, որ նորի դեպքում կեղծիքներ չեն լինի, եւ չեն անցկացվի այնպիսի ընտրություններ, որոնց ավարտից չորս տարի անց էլ ոմանք շարունակեն խոսել դրանց մասին: «Արդարություն» խմբակցության ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ անդրադարձավ նույն այդ կեղծիքներին. «ԵԽ դիտորդները նշել են, որ 2003-ի ընտրությունները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, ընդ որում՝ նույն դիտորդները նշել են, որ գործող օրենսգիրքը հնարավորություն տալիս է արդար ընտրական գործընթաց ապահովելու: ՀԲ-ն նշում է, որ չնայած հռչակած պայքարին, կոռուպցիան իշխանության ամենաբարձր օղակներում է, տարբեր կազմակերպություններ նշում են, որ ժողովրդավարությունը անկում է ապրում Հայաստանում: Ցանկը կարելի է շարունակել, բայց կարեւորը մեր ժողովրդի գնահատականն է, իսկ այն շատ ավելի խիստ է, քան բոլոր կազմակերպություններինը եւ դիտորդներինը. մեր քաղաքացիների ճնշող մեծամասնության համար տեսանելի չեն ոչ հռչակվող տնտեսական աճի արդյունքները, ոչ էլ ժողովրդավարացման նվաճումները: Ցավոք, անցած տարիները կարելի է բնորոշել որպես մեր երկրի համար չօգտագործված ժողովրդավարության տարիներ»: Քանի որ առաջիկա ընտրությունների արդար անցկացումը եվրոպացիք շեշտում էին առանց հոգնելու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին հարցրինք, թե ի՞նչն է եվրոպական կառույցների այս երկվության պատճառը, երբ միշտ էլ շեշտվում է նորմալ ընտրությունների անցկացման կարեւորությունը, եւ հետո համակերպվում են կեղծված արդյունքներին: ԱԺՄ նախագահը նկատեց, որ եվրոպացիների ուժերից վեր է արդար ընտրությունների ապահովումը Հայաստանում. «Հանրաքվեից հետո, որը մարսեցին ոչ միայն իշխանությունները, այլեւ ողջունեցին Եվրոպան եւ ամբողջ Արեւմուտքը, խոսել ընտրությունների մասին՝ անիմաստ է»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել