Լրահոս
Օրվա լրահոսը

Լռությունը համաձայնության նշա՞ն է

Մայիս 06,2006 00:00

Լռությունը համաձայնության նշա՞ն է Գյումրիի հ/կ-ները ԲԳՎ-ն «ախմախ» ծրագիր հանեցին Քըրք Քըրքորյանի բարերարությունից հետո մեր կառավարությունը Գյումրիում «մի չոփ» ավելացնելու ուղղությումբ մատը մատին չի տվել, փաստն այն է, որ ոչ միայն «ձեն ձենի» տված փլուզվում են վթարայինները, այլ մոտ 4300 «թղթով» անօթեւաններ մինչ օրս ապրում են խոնավ տնակներում: Անօթեւաններից ազատվելու միակ ծրագիրը բնակարանների գնման վկայագիրն (ԲԳՎ) է, որի տրամադրած գումարները չեն համապատասխանում բնակարանների շուկայական արժեքին: Այս ամենից վրդովված՝ Գյումրիի 67 հասարակական կազմակերպություններ միավորվել են եւ Քըրքորյանին ու ՀՀ նախագահին, ԲԳՎ ծրագրի «աբսուրդ ու խաբկանք լինելու» մասին, նամակ ուղարկել: Օրերս Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հ/կ-ների ներկայացուցիչները հայտնեցին, որ քաղաքաշինության նախարարի տեղակալ Կարեն Գեւորգյանից պատասխան են ստացել: Նախարարությունից վստահեցրել են, որ «Հ/կ-ների բարձրացրած հարցերը ներառել են ՀՀ քաղաքաշինության նախարարության 2007-2009թթ. միջնաժամկետ ծախսային ֆինանսավորման հայտը շարադրող փաստաթղթում»: Մասնավորապես, առաջարկվել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները լուծել բնակշինարարության միջոցով եւ կարգավորել Գյումրիի՝ երրորդ աստիճանի վնասվածություն ունեցող թվով 88 շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները: Փաստաթղթի մասին տարբեր մեկնաբանություններ եղան: «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» աշխատանքային խմբի նախագահ Սերգեյ Նազարեթյանի ընկալմամբ, կարեւորն այն է, որ «քաղաքաշինության նախարարության պաշտոնյաները վերջապես ընդունել են, որ բնակարանների գնման վկայագրերով հնարավոր չէ անօթեւանների հիմնախնդիր լուծել»: Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ էր տեղական հեռուստատեսությամբ պաշտոնական պատասխանի տակ ստորագրող այդ նույն պաշտոնյան՝ Կ. Գեւորգյանը, բոցաշունչ ելույթներ ունենում ի պաշտպանություն ԲԳՎ ծրագրի: Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Գյումրիի գրասենյակի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանի խոսքերով էլ՝ «կարող էին, չէ՞, ամեն անգամվա պես պատասխանել, որ Գյումրին դուրս է եկել աղետի գոտուց, զարգացման գոտի է դարձել կամ էլ անօթեւանների խնդիր միայն Գյումրին չէ, որ ունի»: Ըստ Սերգեյ Նազարեթյանի, «նորմալ, պաշտոնական պատասխան է, խորամանկության տարր չկա»: Քըրք Քըրքորյանը հ/կ-ների նամակն անարձագանք է թողել: Վերջիններս բարերարի լռությունը դրական նշան են համարում. «Եթե մերժում լիներ՝ վաղուց տեղ հասած կլիներ»,- իրենք իրենց մխիթարում են հ/կ-ների ներկայացուցիչները: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել