Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՌԴ քաղաքացի ենք, ուրեմն հայ չե՞նք»

Մայիս 06,2006 00:00

«Եթե ՌԴ քաղաքացի ենք, ուրեմն հայ չե՞նք» Հարցնում է Վիգեն Աբրահամյանցի հայրը Ապրիլի 22-ին՝ Մոսկվայի «Պուշկինսկայա» կայարանում անհայտ անձինք հարձակում էին գործել 17-ամյա Վիգեն Աբրահամյանցի վրա եւ դանակի մահացու հարված հասցնելով՝ դիմել փախուստի: Դատախազությունը հարուցել էր քրեական գործ ՔՕ 102 հոդվածով ( սպանություն): 11 ականատեսների խոսքերով՝ հարձակվողները եղել են սքինհեդներ: Մինչ ապրիլի 29-ը, Ռուսաստանի իրավապահ մարմինները պնդում էին, որ տեսախցիկը չի ամրագրել այդ սպանության պահը կամ հայտարարում էին, որ այդ օրը հենց սպանության պահին տեսախցիկն ընդհանրապես չի աշխատել, իսկ ավելի ուշ հայտնեցին, որ աշխատել է, պարզապես նկարահանումն այլ ուղղությամբ է կատարվել, իսկ կառամատույցի կենտրոն (որտեղ կատարվել էր հանցագործությունը) տեսախցիկն ուղղված չի եղել: Նման հանգամանքներում հետաքննող խումբը հարմար գտավ գլխավոր կասկածյալ հայտարարել Դենիս Կուլագինին, որը հանցագործության պահին եղել է Վիգենի կողքին: Հետաքննող խումբը, չունենալով Կուլագինի հանցանքն ապացուցող բավարար փաստեր եւ նրա մոտ չգտնելով սառը զենք, ստիպված եղավ ձերբակալությունից 72 ժամ անց բաց թողնել նրան՝ տնային կալանքի տակ մնալու պայմանով: Դենիսի մոր խոսքերով, իրավապահ մարմինները ճնշում են գործադրել իր տղայի վրա՝ խոստովանական ցուցմունքներ ստանալու համար: Դենիս Կուլագինի առջեւ իրավապահ մարմինները պայման են դրել՝ տալ խոստովանական ցուցմունքներ եւ մնալ տնային կալանքի տակ, հակառակ դեպքում սպառնացել են ձերբակալել ազգային հենքի վրա կատարված սպանության հոդվածով: Սակայն ապրիլի 27-ին Դենիս Կուլագինն իր փաստաբանի՝ Ալեքսանդր Եվդակիմովի խորհրդով հրաժարվեց իր խոստովանական ցուցմունքներից: «Անչափահասի ձերբակալության համար պետք է լինեն լուրջ հիմնավորումներ: Ճնշել կամ համոզել անչափահասին՝ իր վրա վերցնելու սպանության մեղքը, արդեն իրավապահ մարմինների հանցագործությունն է»,- ասում է Դենիսի փաստաբանը: Աբրահամյանցների ընտանիքի իրավունքները պաշտպանող փաստաբան Սիմոն Ծատուրյանի խոսքերով, հետաքննությունն արդեն արդարացի լուծման ճանապարհին է: Հետաքննող խումբն արդեն հայտնել է, որ տեսաժապավենը կա եւ հետազոտվում է: «Կուլագինի ազատումը մեր փոքրիկ հաղթանակն է: Մեր աչքերի առջեւ փորձում էին մեղքը փաթաթել մի անմեղ, անչափահաս դպրոցականի վրա, որին Վիգենն անգամ չի էլ ճանաչել: Առավել եւս մեզ համար անհեթեթ էր թվում սպանության կենցաղային պատճառը՝ Ժաննա անունով աղջկա հետ կապված պատմությունը: Մետրոյում տեղակայված տեսախցիկի նկարահանումը ամենակարեւոր եւ ամենաուղիղ ապացույցն է: Տեսաժապավենում պետք է որ երեւա, որ սպանությունը կատարվել է սքինհեդների կողմից: Իսկ դրդապատճառը, անկասկած, ազգային անհանդուրժողականություն է»,- մեկնաբանում է փաստաբան Սիմոն Ծատուրյանը: Իսկ Վիգենի հայրը՝ Ռաֆայել Աբրահամյանցն ասում է. «Հայն ամեն տեղ հայ է մնում, եւ միայն միաբանությունը մեզ կփրկի: Ինչո՞ւ պետք է Ֆրանսիայի դեսպանը Ռուսաստանի նախագահին նամակ ներկայացնի՝ ոճրագործություններին վերջ տալու խնդրանքով կամ ինչո՞ւ պետք է Շվարցենեգերն իր նահանգում մեկշաբաթյա սուգ հայտարարի իմ տղայի համար, իսկ Հայաստանի ներկայացուցիչներն ասեն, թե մենք ոչ մի կապ չունենք Ռուսաստանի քաղաքացիների հետ: Ուրեմն, եթե մենք Ռուսաստանի քաղաքացի ենք, հայ չե՞նք: Դա խայտառակություն է»: ԳԱՅԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել