Լրահոս
Օրվա լրահոսը

Թիկունք ունես՝ ինչ ուզես կանես

Մայիս 16,2006 00:00

Թիկունք ունես՝ ինչ ուզես կանես Իսկ Հարություն Հարությունյանը թիկունք ունի Երեւանի Էրեբունի համայնքի Նուբարաշենի խճուղու վրա՝ Պարույր Սեւակի անվան միջնակարգ դպրոցի անմիջական հարեւանությամբ արդեն 6-7 ամիս շինարարություն է ընթանում: Տեղադրված ցուցանակից տեղեկանում ենք, որ Երեւանի քաղաքապետարանն այս շինության համար թույլտվություն է տվել գրեթե մեկ տարի առաջ՝ 2005թ. մայիսի 15-ին, Նոր Արեշի 35 փողոցի բնակիչ Հարություն Հարությունյանին: Վերջինս, ի դեպ, որ Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրի տնօրենն է, մտադիր է այս տարածքում բնակչության համար կենցաղսպասարկման օբյեկտ կառուցել: Իհարկե, այդ, թե այլ նպատակով սույն տարածքը դեռ տարիներ առաջ Հ. Հարությունյանին հատկացրել էր Էրեբունի համայնքի նախկին թաղապետ, այսօր արդեն «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանը: Այն, որ շինարարությունն ընթանում է քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով՝ ակնհայտ է անգամ անզեն աչքով նայելիս ու առանց փաստաթղթային մանրամասնությունների մեջ խորանալու: Բացի այն, որ տարածքը ժամանակին հատկացվել էր Սեւակի անվան դպրոցի տարածքի մի մասի հաշվին, այսօր էլ Հ. Հարությունյանին պատկանող օբյեկտի շինարարությունն ընթանում է հետիոտնի համար նախատեսված մայթի մի հատվածը զավթելու հաշվին, ինչի մասին դատողություններ անելու համար բավարար է միայն լինել տեղում ու տեսնել թե՛ դպրոցի տարածքը ցանկապատած երկաթե այլեւս ջարդված ճաղերը, թե՛ հենց մայթի եզրին կառուցված շինության համար օգտագործվող թափված քարերը, հողն ու փոշին, ինչը պարզապես ստիպում է մարդկանց փողոցով քայլել: Իհարկե, ի՞նչ կենցաղսպասարկման օբյեկտ, եթե այն ջրագիծ չի ունենալու: Հ. Հարությունյանի օբյեկտի շինարարները ջրի խողովակները երթեւեկելի փողոցով անցկացնելուց հետո բավարարվել են միայն քանդածը քարերով լցնելով, իսկ երթեւեկող մեքենաները դրանից հետո ինչքան ուզում են թող փորձեն կարկատած փոսերով մանեւրել: Սրանք այս կառույցի միակ թերությունները չեն՝ զուտ քաղաքաշինական իմաստով: Բանն այն է, որ շինարարությունն ընթանում է էլեկտրական ենթակայանի անմիջական հարեւանությամբ, որից սնուցվում են ոչ միայն այս դպրոցը, այլեւ փողոցի բնակելիները: Հրշեջներն ասում են, որ եթե, Աստված չանի, էլեկտրակայանում վթար պատահի, հրշեջ մեքենաները չեն կարող մոտենալ կայանին, ստիպված են լինելու գլխավոր փողոցից հրդեհը հանգցնել: Բացի այդ, դիմացը Էրեբունի թանգարանն է, որի հարեւանությամբ էլ կուտակվում է ինչպես բնակչության, այնպես էլ այս կառույցի շինարարական աղբը: Իհարկե, ենթադրել, թե քաղաքային իշխանություններն անտեղյակ են սրանից՝ միամտություն կլինի: Մնում է ենթադրել, որ Երեւանի քաղաքապետարանը այս օբյեկտից իր բաժին օգուտն արդեն ստացել կամ համապատասխան հեռախոսազանգով զգուշացվել է կառույցին չխոչընդոտելու մասին ու հիմա պետքն էլ չէ, թե որտեղ, ով՝ ինչ է կառուցում: Մենք, անշուշտ, փորձեցինք կոնկրետ այս շինության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Երեւանի գլխավոր ճարտարապետ, քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետ Սամվել Դանիելյանից: Պարզվեց, որ նա խիստ բազմազբաղ է ու մայիսի 11-ից մինչեւ երեկ մեզ այդպես էլ բախտ չվիճակվեց աշխատանքային օրվա որեւէ ժամի նրա հետ զրուցել: Նույնպիսի ակնկալիքով մենք փորձեցինք զրուցել նաեւ Հարություն Հարությունյանի հետ՝ ապարդյուն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել