Լրահոս
Օրվա լրահոսը

Փողը հավաքում են, բայց ջուր չեն տալիս

Մայիս 16,2006 00:00

Փողը հավաքում են, բայց ջուր չեն տալիս 20 հողագործների այգիները դատապարտված են չորության «Այս էլ որերորդ տարին է մեր այգիները ջրազրկված են: Աչքներիս առաջ մեր 15-20 տարվա պտղատու ծառերը չորանում են եւ այժմ ենթակա են հատման: Ստիպված դույլեր, բոչկաներ ենք շարում այգիներում, որ գոնե բանջարեղենի թփերը ջրելու համար անձրեւաջրեր հավաքենք, բայց միեւնույն է, էլի չորանում են»,- օրերս նման բողոքով մեր խմբագրություն էին դիմել «Կապավոր» այգեգործական ընկերության անդամները: Այս մարդկանց հողատարածքները գտնվում են Էրեբունի զանգվածում: Վերջիններիս հողը տրամադրվել է մոտ 26 տարի առաջ: Նրանք ժամանակի երկաթգծի ենթակայության տակ գործող տարբեր հիմնարկների, ինչպես նաեւ ավտոդողերի գործարանի աշխատողներ են եղել: Խնդիրն այն է, որ շուրջ 20 հողամաս տեղակայված է բարձունքի վրա եւ ջրի խողովակների ճնշումը չի բավականացնում, որ այգիներին ջուր մատակարարվի: Այգիները չորացման դատապարտված լինելու հարցում այգեգործները մեղադրում են «Երեւան» ջրօգտագործողների միությանը, որը բնակիչների հետ կնքած պայմանագրի համաձայն, պարտաճանաչ չի կատարում իր վրա վերցրած պարտավորությունները: Ըստ պայմանագրի, ընկերությունը պարտավոր է, պլան-ժամանակացույցի համաձայն, այգեգործներին ապահովել ոռոգման ջրով, սակայն «խափանված ջրամատակարարումը բերեց նրան, որ մեր հողամասերի ծառերի մեծ մասը չորացավ ու հատվեց»,- պատմում են հողագործները: Այգեգործների բողոքներին ի պատասխան, «Երեւան» ՋՕԸ-ի պատասխանատուները ամեն տարի խոստանում են, որ հարցը կլուծեն եւ ջրի կոլեկտորը կտեղափոխեն ներքեւ՝ ջրագծի շահագործումը հեշտացնելու նպատակով, սակայն այդպես էլ չեն իրականացնում: Մինչդեռ, այգեգործների ներկայացմամբ, ոռոգման սեզոնը դեռ չսկսված՝ ընկերությունը պարտաճանաչ փողերն արդեն հավաքում է: Երեկ ողջ օրվա ընթացքում հնարավոր չեղավ հողագործների բողոքի վերաբերյալ «Երեւան» ՋՕԸ-ից պաշտոնական պարզաբանում ստանալ: Պատրաստ ենք տպագրել նաեւ ընկերության պարզաբանումը: Վերջերս էլ այգեգործները հայտնաբերել են, որ 110 մետր ջրի խողովակ է գողացվել: Այդ մասին բնակիչները տեղյակ են պահել Էրեբունի համայնքի ոստիկանությանը. «Ոստիկանությունից եկան տեղում ուսումնասիրեցին ու համոզվեցին կատարվածում, խոստացան, որ գողերին կհայտնաբերեն, սակայն մինչ օրս նորություն չկա: Այգեգործների մեծ մասը թոշակառու մարդիկ են: Մեզ համար շատ դժվար է մեր ուժերով վերականգնել այդ խողովակաշարը եւ հույս ունեինք, որ գոնե ոստիկանները գողերին կգտնեն եւ վնասը կվերականգնեն»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել