Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են կուսակցականացվում երիտասարդները

Մայիս 16,2006 00:00

Ինչո՞ւ են կուսակցականացվում երիտասարդները Մեր հարցախույզի արդյունքները Քաղաքական կուսակցությունները երիտասարդների համար էլ են դարձել սեփական նպատակներին հասնելու եւ կարիերիստական նկրտումները բավարարելու միջոց։ Այս եզրակացության կարելի է հանգել՝ լսելով տարբեր կուսակցությունների երիտասարդական միությունների անդամների պոպուլիստական դիտարկումները եւ առկա փորձը։ Հանրապետական կուսակցության երիտասարդական միության նախագահ Կարեն Ավագյանը գտնում է, որ երիտասարդության քաղաքականացումը եւ կուսակցականացումը նույնիսկ պարտադիր է։ ՀԺԿ-ական Մարտին Մարգարյանն էլ կարծում է, որ «Կուսակցականացված երիտասարդություն»-ը ճիշտ չի հնչում։ Կուսակցական են այն երիտասարդները, ովքեր համամիտ են տվյալ կուսացության գաղափարախոսությանը։ «Երիտասարդը կարող է լինել քաղաքականացված՝ որոշակի քաղաքական գաղափարների կրող, բայց չլինել որեւէ կուսակցության մեջ՝ կուսակցականացված»,- փորձեց բացատրել ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը։ ՕԵԿ երիտասարդական միության նախագահ Սամվել Ֆարմանյանն ավելի ճռճռան ձեւակերպում ունի. «Կուսակցականացումը պատասխանատվություն է, քաղաքական որոշում»։ Ոչ կուսակցական որոշ երիտասարդներ կարծում են, որ կուսակցություններում համախմբված երիտասարդները ոչ թե հետեւողականորեն փորձում են առաջ քաշել երիտասարդներին հուզող հիմնախնդիրներ, այլ հետապնդում են անձնական շահերից բխող որոշ նպատակներ։ «Կարծում եմ՝ երիտասարդները հիմնականում կարիերիստական նպատակներով են մտնում այս կամ այն կուսակցություն։ Արդյոք հարց չի՞ առաջանում. ինչո՞ւ են ավելի ակտիվ Հանրապետական եւ ՀՅԴ կուսակցությունների երիտասարդական թեւերը»,- այսպիսի հարց է հուզում ԵՊՀ ուսանող Արարատ Դավթյանին։ ՕԵԿ երիտասարդական միության նախագահ Սամվել Ֆարմանյանը փորձեց տալ այս մտայնության բացատրությունը. «Դա օբյեկտիվ տիրապետող տեսակետ է, եւ ես լիովին կիսում եմ այն։ Պատճառն այն է, որ երիտասարդական դաշտի հիմնական դերակատարներն առանձնապես երիտասարդական հիմնախնդիրների լուծման համար հետեւողական քայլեր չեն իրականացրել։ Պետք է փորձենք հասկանալ երիտասարդությանը հուզող առաջնային խնդիրները եւ պարզել, թե ինչու մինչեւ հիմա երիտասարդական դաշտի լիդերները դրանց չեն անդրադարձել»։ Ս. Ֆարմանյանն ասաց նաեւ, որ իրենք այժմ մտահոգված են երիտասարդության գործազրկության, բնակարանային ապահովվածության հարցերով։ Խնդիրներ, որոնք ընտրությունից ընտրություն շեփորում են բոլոր կուսակցությունները: ՀԺԿ-ական Մարտին Մարգարյանի հավաստմամբ՝ իրենց գերնպատակն է Հայաստանում հաստատել արդարություն։ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հիմնախնդիրներից է ցեղասպանության միջազգային ճանաչումը։ ՀՀԿ-ն ունի երիտասարդներին հայեցի դաստիարակության, նժդեհյան գաղափարների տարածման, գլոբալիզացիայի դարում ցեղը պահպանելու խնդիրներ։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ երիտասարդության շրջանում դեռ կարծում են, թե իրենց տարեկիցները մտնում են կուսակցություն՝ պատգամավոր դառնալու համար։ «Այդպիսի կարծիք կարող են ունենալ երեւի այն պատճառով, որ մեր երիտասարդական կուսակցությունից, օրինակ՝ Արմեն Աշոտյանը, դարձել է ԱԺ պատգամավոր, բայց դա ամենեւին էլ այդպես չէ»,- պատճառաբանեց ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը եւ հավելեց, թե ինքը կուսակցություն է մտել ընկերների խորհրդով, այնուհետեւ ծանոթացել գաղափարախոսությանը եւ սիրահարվել ՀՀԿ-ին։ Տեղեկացնենք, որ ՀՀԿ երիտասարդական միության կազմում ընդգրկված է ավելի քան 4000 երիտասարդ, ՕԵԿ-ում՝ 8000, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների թիվը 200-250 է, իսկ ՀԺԿ երիտասարդական միության կազմում կա ավելի քան 5000 երիտասարդ։ Կուսակցությունների ուսումնասիրությունների համաձայն՝ այս թվերը գնալով աճում են։ Աճում է նաեւ երիտասարդ քաղաքական գործիչների թիվը, անկախ նրանից՝ լա՞վ է դա, թե՞ վատ։ ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել